Հայերեն   English   Русский  

​Կիրակին այն օրն է, որը կարող է առավելություն տալ «մրցակիցների» նկատմամբ


  
դիտումներ: 1929

Հաջողության հասնելու համար այսպիսի խորհուրդ է տալիս «աշխարհը գրավող» հայկական բջջային խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը:

Հայկական «Տրիադա ստուդիո» ընկերության ստեղծած Shadowmatic խաղը 2015 թ. հունիսի 8-ին արժանացավ Apple Design Awards մրցանակի: 1996 թվականից ի վեր այս մրցանակաբաշխությունը Apple-ը կազմակերպում է ծրագրավորողների ամենամյա համաշխարհային համաժողով, այն նախատեսված է Apple-ի սարքերի համար անկախ ծրագրավորողների մշակած լավագույն և առավել նորարար ծրագրային և ապարատային ապահովումները, ինչպես նաև Apple-ի արտադրանքների լավագույն և առավել ստեղծագործական կիրառումները բացահայտելու համար: Աննախադեպ հաջողություն էր, որ այս տարի այդ հեղինակավոր մրցանակին արժանացավ հայկական խաղը:

Shadowmatic-ը բջջային խաղ է՝ նախատեսված iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, այժմ ներկայացված է App Store-ի առաջին էջում ու հասանելի է 13 լեզուներով: Շատ կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող (ավելի քան 4 մլն) հավելվածների շարքում: Այն օգնում է զարգացնելու երևակայությունը, կատարելագործելու շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը: Խաղն ունեցել է տասնյակհազարավոր դրական արձագանքներ, հազարավոր սիրահարներ աշխարհի ամենատարբեր անկյուններից:

Shadowmatic-ի գլուխկոտրուկները լուծելու համար պահանջվում է գտնել ստվերում թաքնված ուրվանկարները: Խաղի ընթացքում պետք է օդում կախված մարմինները պտտել ու տեղակայել այնպես, որ տվյալ մարմինների պատին նետված ստվերները դառնան ինչ-որ պատկերներ: Շատ միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում ստանալ պահանջվող պատկերը:

Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. «Տրիադա» ընկերության հիմնադիր Արա Աղամյան, ծրագրավորող, ընկերության տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան և կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան:

Գործընթացը սկսվել է շատ վաղուց ու տևել ոչ ավելի, ոչ պակաս 11 տարի:

«2004 թվականին շփվում էի «Տրիադա ստուդիոյի» ղեկավար Արա Աղամյանի հետ, ու որոշեցինք համախմբել մեր ուժերը, որովհետև մտադրություն կար խաղ՝ պրոդուկտ ստեղծել: Այսինքն՝ 2005 թվականից այդ իդեան մեզ մոտ կար: Այդ ժամանակ ուժերը քիչ էին: Հայաստանում 2004 թվականին գիտելիքներ ու փորձ ունեցող շատ քիչ մասնագետներ կային, միջավայրն էլ բարդ էր: Շատ էքսպերիմենտներ էինք անում, ու այդ փուլը շատ երկար տևեց: Մի քանի անգամ, փորձեցինք շատ բարդ պրոյեկտներից, որոնք անհաջողության մատնվեցին, ու մենք հասկացանք, որ չենք կարող մեզ վրա վերցնել այդպիսի մեծ բեռ: Այդ ժամանակ 5-6 հոգի էինք՝ շատ փոքր էր «Տրիադա ստուդիոն»,- «Անկախին» պատմեց ընկերության տեխնիկական տնօրեն և խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը:

Իսկ բուն Shadowmatic-ը ստեղծելու գաղափարն առաջացավ 2011 թ., երբ ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը փորձարկումների համար մի գրաֆիկական շարժիչ ստեղծեց` բնավ խաղ ստեղծելու մտադրություն չունենալով: Այդ շարժիչով մոբայլ սարքերի վրա այնպիսի գրաֆիկա էր ստացվել, որպիսին այդ պահին շուկայում ոչ ոք չուներ: Շատ որակով լույս ու ստվերներ ստացվելու մասին Դաբաղյանը հայտնում է ընկերության ղեկավար Արա Աղամյանին, ու միասին սկսում են մտածել, թե ինչ մինիմալիստական խաղ ստեղծելու փորձ կարելի է անել դրա հիման վա: Քանի որ ստվերների որակն այդքան լավ էր՝ միանգամից ծնվեց անունը՝ ստվերների խաղ:

Shadowmatic

«Իրականում շատ դժվար եղավ այդ ամենը, քանի որ երեք ամսից միայն ինչ-որ բան ստացանք: Իրականում փորձարկումներ էինք անում ու չէինք կարծում, թե այն կարող է լավ կամ վատ վաճառվել: Հիշում եմ, որ երբ ստացանք նախնական տարբերակը, նայեցինք ու մտածեցինք, որ կարելի է այն ավելի լավը դարձնել: Ու խաղի ստեղծումն այն տեսքով, որ այսօր կա, տևեց մոտ 3 տարի: Միակ բանը, որ մեզ վստահություն ներշնչեց, թե սա կարող է լուրջ պրոդուկտ լինել, այն էր, որ խաղը հանձնելուց մոտ մի տարի առաջ՝ անցյալ տարվա հունվարին, մի փոքրիկ տեսանյութ պատրաստեցինք ու տեղադրեցինք Youtub-ում, որ այսպիսի խաղ ենք ստեղծում, այնուհետև մի քանի տասնյակ նամակներ գրեցինք խաղերի մասին գրող տարբեր կայքերի ու շատ զարմացանք, երբ մի քանի օրից գրեթե բոլոր թոփ-կայքերը սկսեցին գրել մեր մասին: Տեսանյութը մի քանի օրվա ընթացքում տասնյակհազարավոր դիտումներ հավաքեց: Մարդիկ հայտնվեցին, որոնք ամեն ամիս նամակներ էին գրում ու հետաքրքրվում, թե երբ կլինի խաղը: Այսպիսի եռուզեռ. աշխարհը սկսեց սպասել այս խաղին: Դրանից հետո մի հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ առաջինը Apple-ը գրեց մեզ, մենք չենք գտել նրան: Այդ եռուզեռից մոտ կես տարի հետո մեզ նամակ գրեց, որ խաղը շատ հետաքրքիր է, հարցնում էին, թե ինչով կարող են օգնել մեզ»,- պատմում է Բագրատ Դաբաղյանը:

Խաղի հեղինակները կարծում են, որ առանց Apple-ի այդ արձագանքի` շատ դժվար կլիներ հաջողություններ ունենալ: Իսկ հաջողությունը, ըստ Դաբաղյանի, հարաբերական է: Այս ոլորտում ներդրումներ-հաջողություն-եկամուտներ հարաբերակցության որևէ բանաձև չկա. ընկերությունը կարող է միլիոնավոր դոլարների ներդրումներ անել ինչ-որ նախագծում, վատնել մի քանի տարի, բայց այն արդյունք չտա, և հակառակը՝ քիչ աշխատանք կատարի փոքր գումարներով, բայց լուրջ հաջողություններ ու եկամուտներ ունենա: Փորձը ցույց է տալիս, որ այնպիսի առաջատար խաղերը, ինչպիսին, օրինակ, «Անգրի բըրդսն» է, դրանք ստեղծող ընկերությունների 40-րդ, 50-րդ խաղերն են: Իսկ Shadowmatic-ը տղաների ստեղծած հենց առաջին խաղն էր ու միանգամից հաջողություն ունեցավ: Սա շատ լուրջ ցուցանիշ է, հատկապես` ներդրողների համար:

Այս հաջողության հիմնական բանաձևը, ինչպես նշեց Բագրատ Դաբաղյանը, աշխատանքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելն ու պարզապես ուժեր չխնայելն է:

«Անցյալ տարի մենք անգամ նորմալ Նոր տարի չենք նշել: Մեզ մոտ խուճապ է սկսվում, երբ պրոդուկտը հանձնելու համար վերջնաժամկետներ են սահմանվում: Թե ինչ ծավալի ու ինչ դժվարին աշխատանք ենք անում այդ ընթացքում, ինչ զոհողությունների ենք գնում՝ պետք է միայն տեսնել: Վերջին 15 տարվա մեջ ես չեմ հիշում, որ ինձ համար կիրակին եղած լինի որպես հանգստյան օր, կամ մտածեմ, թե ամռանն անպայման պետք է հանգստանալ: Ես համարում եմ, որ կիրակին այն օրն է, որը կարող է առավելություն տալ «մրցակիցների» նկատմամբ. նրանք չեն աշխատում, իսկ դու աշխատում ես, մի օր առաջ ես ընկնում: Ինձ ծանոթ բոլոր ֆիրմաներն էլ, որոնք հաջողության են հասել, չափազանց շատ են աշխատում»,- նշում է Բագրատ Դաբաղյանը:

Հաջողության առաջին գրավականը, ըստ Դաբաղյանի, գործը սիրելն է, հաճույքով աշխատելը, եթե անգամ խնդիրներ են առաջանում: Իսկ որպեսզի թիմը հաջողությունների հասնի, շատ կարևոր է, որ այդ թիմի ղեկավարությունը շատ լավ հասկանա բոլոր աշխատաքների նրբությունները, նույնիսկ` ավելի լավ, քան աշխատողները: Իսկ թիմի մեծությունն ամենևին էլ հաջողության գրավական չէ: Ընդհակառակը, շատ ներդրողներ, խոշոր կորպորացիաների կառավարման փորձ ունեցող մարդիկ միշտ խորհուրդ են տալիս ոչ թե մեծ ֆիրմայում աշխատել, այլ հնարավորության սահմաններում ընկերների կամ այն մարդկանց հետ, որոնց հետ ցանկալի է աշխատելը. փոքրիկ թիմեր ստեղծել ու այդպես աշխատել: «Առավել ևս Հայաստանում դրա համար շատ լավ պայմաններ են ստեղծված»,- եզրափակում է Բագրատ Դաբաղյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: