Հայերեն   English   Русский  

«Ամենաքաղցր» բիզնեսը. շոկոլադ, որ պատրաստվում է ձեռքով ու սիրով


  
դիտումներ: 5214

«Մենք 2005 թվականին եկանք ու հաստատվեցինք Հայաստանում, ու դա ամենաճիշտ որոշումն էր: Ամենասխալ կարգախոսը, որ ունի հայ ժողովուրդը, «որտեղ հաց, այնտեղ կաց»-ն է: Դա հայերին տարավ անկման, որովհետև «որտեղ հաց, այնտեղ կաց» նշանակում է, որ մենք ամեն ինչից առավել ու շատ գերադասում ենք փողը»,- «Անկախի» հետ զրույցի հենց սկզբում շեշտեց Դիրան Բաղդադյանը` Հայաստանում ձեռքով ու սիրով պատրաստվող շոկոլադե նվերների «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշի հիմնադիրը:

«Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշը ստեղծվել է Հայաստանում, 2007 թ., Ֆրանսիայից և Ավստրիայից հայրենադարձված երկու եղբայրների` Պիեռ և Դիրան Բաղդադյանների կողմից: Բաղդադյան եղբայրները ծնվել ու մեծացել են Լիբանանում, սակայն քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո հաստատվել են Ավստրիայում ու Ֆրանսիայում: Այդ ընթացքում, ինչպես նշում է Դիրան Բաղդադյանը, աշխարհքի երեսին եղած բոլոր խնդիրներն ու պրոբլեմները տեսել են` պատերազմի արհավիրքներ, օտարություն, օտարության մեջ հազար ու մի տանջանք ու չարչարանք: Ու այդ ընթացքում էլ սովորել, կոփվել են: Ուստի Դիրան Բաղդադյանը վստահ է` աշխատասեր մարդու համար մեկ է, ուր էլ գնա, թեկուզ` Աֆղանստանի լեռները, միշտ մի նոր բան կստեղծի, իր ապրուստը, օրվա մեջ իր երեք անգամվա ուտելիքը կապահովի:

Բաղդադյան եղբայրներն արդեն 2005 թ. Երևանում էին և ուսումնասիրում էին տեղի շուկան` հասկանալու, թե ինչ գործ կարելի է սկսել այստեղ կեցությունն ապահովելու համար: Երկու տարի ուսումնասիրելուց հետո հասկանում են, որ պետք է սկսեն ձեռքով պատրաստվող նվեր-շոկոլադի արտադրություն և վաճառք: Հիմնադրվում է «Գուրմէ Դուրմէ»-ն: Շոկոլադի անվանումը բաղկացած է ֆրանսերեն և հայերեն բառերից. Գուրմէ ֆրանսերեն նշանակում է համադամասեր, իսկ «դուրմ» բառը հայկական ծագում ունի և նշանակում է շոկոլադ:

«Լիբանանում մենք զբաղվում էինք պլաստմասսայե տարա-փաթեթավորմամբ, մենք փոքր ժամանակից հենց այդ բիզնեսի մեջ ենք աճել, բայց այստեղ տեսանք, որ այս ճակատում հաջողել չենք կարող, պահանջարկ չկար: Բայց դա դեռ չի նշանակում, թե «երկիրը երկիր չի», և մտածեցինք, որ ուրիշ բան կարելի է անել: Նայեցինք, թե ինչն է պակաս, բայց նաև` ինչ ենք սիրում»,- բացատրեց Դիրան Բաղդադյանը:

Ուսումնասիրելով շուկան` եղբայրները նկատում են, որ արտասահմանից, հատկապես` Եվրոպայից ներկրվող բարձրորակ ու թանկարժեք շոկոլադը լավ պահանջարկ ունի հայաստանյան շուկայում, ու քանի որ իրենք մանկուց սիրել են շոկոլադ, մտածում են, որ կարելի է շոկոլադ արտադրել: Բայց գնում են ոչ սովորական ճանապարհով: Սկսում են համադրել իրենց սիրած զբաղմունքն այն գործի հետ, որ կարող են անել, և համեմել այդ ամենն այն հմտություններով, որ ունեն: Սիրած զբաղմունքը շոկոլադն էր, գործը, որ կարող էին անել, փաթեթավորումը, իսկ հմտությունը` դիզայնը, քանի որ Դիրան Բաղդադյանը Ավստրիայում հենց դիզայներ ու որակի հսկիչ է եղել:

Այսպիսով, Հայաստանում այս զարգացում ապրող ապրանքանիշի գաղտնիքը կապված է համեղ որակյալ շոկոլադի և նվերների փաթեթավորման նորարարական գաղափարների համակցման հետ:

«Գուրմէ Դուրմէ» ընկերությունը, որի կարգախոսն է «Տարբերվել բոլորից», իր հիմնադրման պահից` 2007-ից սկսած` գրավեց շոկոլադի շուկան իր գերազանց, նուրբ համով, եզակի դիզայնով և բարձրակարգ սպասարկմամբ: Շոկոլադի սիրահարները «Գուրմէ Դուրմէ»-ի խանութներում հնարավորություն ունեն փոքր գումարով ձեռք բերելու հետաքրքիր գաղափարներով նվեր-շոկոլադներ` մաղթանքների գրառումով, անձնավորված շոկոլադների տեսքով կամ նախատեսված ամենօրյա սպառման համար: Ընդ որում ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ` ստեղծելով նվերների նմուշներ տարբեր խմբերի (երեխաներից մինչև ամենատարեցներ, ամենահասարակ քաղաքացիներից մինչև հարուստ բիզնեսմեններ, անհատներից մինչև խոշոր ընկերություններ) ներկայացուցիչների համար: Բաղդադյանների խանութներում մարդիկ կարողանում են 5-6 րոպեի ընթացքում ստանալ իրենց պատվիրած գրառմամբ կամ լուսանկարով փաթեթավորված շոլկոլադե սալիկներ:

Բարձր որակ, գեղեցիկ փաթեթավորում, հայերեն բովանդակություն ու սեր

«Գուրմէ Դուրմէ»-ն հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշներից է, իսկ այս ամենը եղբայրները սկսել են` չունենալով ո՚չ մեծ դրամագլուխ, ո՚չ ազդեցիկ ծանոթ-բարեկամներ: Հայաստան գալիս նրանք այստեղ բարեկամներ չեն ունեցել:

Եվրոպական որակին համապատասխանող, բայց հայկական ու ավելի թարմ, ինչպես նաև ավելի հետաքրքիր ու բազմատեսակ շոկոլադներ պատրաստելու գաղափարն իրագործելու սկզբնական շրջանում, իհարկե, եղբայրները մտավախություն են ունենում, որ մեր հայրենակիցները, որոնք հակված են ավելի շատ վստահելու արտասահմանյան արտադրանքին, քան տեղականին, կարող են չընդունել իրենց շոկոլադը:

«Ուրեմն կարելի է որակյալ բան ստեղծել, ուղղակի պետք է մտնել գործի մեջ ու ապացուցել, որ կարող ես քո որակով մրցել դրսի հետ, նույնիսկ` ավելի լավ: Ես մի օրինակով բացատրեմ, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հայկական արտադրանքի հանդեպ այդ վստահության պակասի խնդիրը. Աշխարհի յուրաքանչյուր շոկոլադ արտադրող ունի մի ստանդարտ չափի սալիկ, որը կոչվում է 70 գրամ, դա պարտադիր պետք է ունենաս, որը մի քանի րոպեում ուտելու բան է: Մենք ունեինք այդ չափը, և այդ շոկոլադը պետք է փաթեթավորեինք: Հիմա որ գնաք խանութ` ամենափոքր մթերայինից մինչև ամենամեծ սուպերմարկետ, ամենուր կա այդ չափի շոկոլադների մի քանի տասնյակ տեսակ տարբեր գներով` սկսած 300 դրամից մինչև 1500-2000 դրամ: Այս չափը վերցրեցինք ու որոշեցինք այն փաթեթավորել: Այդ փաթեթավորման վրա մենք ավելի փոքրացրեցինք մեր լոգոն ու թողեցինք մի փոքրիկ տեղ գրառման համար, որտեղ հայերեն ու անգլերեն գրված էր` «Միշտ ժպտա»: Մտածում էինք` թող օտարալեզու լոգոներից հետո հայերեն կարդա և ուրախանա մեր գնորդը: Ու տեղի ունեցավ ամենաանսպասելին. հենց առաջին ամսում մեր այդ շոկոլադը գերազանցեց բոլոր մնացած 70-գրամանոցներին: Ու մենք գրառումներն ավելի բազմազան դարձրինք: Հիմա մարդիկ կան, որ Ավանից մեքենայով իջնում են Աբովյան փողոց` մեր խանութ, նույնիսկ ավտոկայանատեղ չկա, բայց մի կերպ կանգնում են, որպեսզի մեր այդ 70-գրամանոց սալիկներից գնեն 900 դրամով միայն այն բանի համար, որ մեր շոկոլադի փաթեթի վրա գրված է «Աշխարհի ամենալավ մայրիկ», ընդ որում` հայերեն: Այսինքն` ի վերջո, գաղափարն է կարևոր»,- ասում է Դիրան Բաղդադյանը:

Փոքր միջոցներ ներդնելով, քանի որ հարուստ չէին, ընդամենը 15 քմ մակերեսով սենյակում էլ սկսեցին իրենց գործը Բաղդադյան եղբայրները: Նրանց համար ամենակարևորը Հայաստանում մնալ-ապրելու և աշխատելու ցանկությունն էր: Իսկ հաջողելու համար, ինչպես ասում է Դիրան Բաղդադյանը, պետք է փոքրից սկսել, ուշադիր սկսել, ամենակարևորը` հարկերը վճարել, գլամուր չլինել ու առանց շտապելու առաջ գնալ:

«Յուրաքանչյուր բրենդի պատմության մեջ 8 տարին ոչինչ է, բայց, դժբախտաբար, շատերն այսօր կարծում են, թե պետք է վարագույրի հետևից «կախարդական» կոճակը սեղմեն, ու փողերը կթափվեն: Խանութը բացելուց մեկ ամիս հետո արդեն հարցնում են` արդարացնո՞ւմ է: Այսպիսի հարց չպետք է տրվի, չի կարող բիզնեսը բացվելուց մեկ ամիս հետո իրեն արդարացնել»,- շեշտում է մեր զրուցակիցն ու պատմում, թե ինչ դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել այս 8 տարվա ընթացքում` սկսած որակյալ տպագրություն գտնելու խնդրից մինչև բարձրակարգ հաշվապահ գտնելը, շուկային ու պետական համակարգին ծանոթանալը: Բայց նաև վստահեցնում է` եթե ինքը նույն բիզնեսը սկսեր Ավստրիայում, մինևնույն է, նույնպիսի դժվարություններ ունենալու էր, քանի որ հեշտ սկսվող բիզնես չկա: Հիմա Երևանում «Գուրմէ Դուրմէ»-ի 3 խանութ է գործում` 7 աշխատատեղով և մի արտադրամաս` 15-16 աշխատատեղով:

Իսկ ԵՏՄ մտնելուց հետո Բաղդադյան եղբայրները որոշել են նաև ռուսական շուկան «նվաճել», թեպետ մտավախություն կա, որ չեն կարողանա անհրաժեշտ ծավալներ ապահովել: Իրենց համար, նշում է Դիրան Բաղդադյանը, կարևորը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելն է: Եթե հաջողվի Մոսկվայում մեկ վաճառակետ բացել, այստեղ` Աշտարակում, իրենց արտադրամասի աշխատակիցների թիվը եռապատկելու կարիք կառաջանա:

«Հաջողության մի քանի ֆակտորներ կային մեզ համար: Նախ` սիրել գործդ, չաշխատել միայն փողի համար, աշխատողներին ընկալել որպես ընտանիքի անդամի, ոչ թե վերևից նայել, և երրորդ` առավոտյան շատ վաղ սկսել աշխատել. ոչ թե շատ աշխատել, այլ շուտ սկսել: Սխալ է առավոտյան 11-ին սկսել գործն ու գիշերվա 11-ին ավարտել, որովհետև առավոտյան ուղեղի` հաշիվ ու դիզայն անելու, որոշումներ կայացնելու ֆիզիկական կարողությունը շատ ավելի մեծ է, քան օրվա երկրորդ կեսից հետո: Աստված մեզ այդպես է ստեղծել, դրա համար էինք Եվրոպայում առավոտյան 7-ին սկսում աշխատանաքները ու ժամը 9-ին արդեն ընդմիջում էինք անում, որովհետև ուղեղդ շատ ավելի թարմ է ու շատ ավելի ճիշտ որոշումներ է կայացնում: Ես կարծում եմ, որ Հայաստանում ուշ են սկսում աշխատանքը: Հենց որ կարողանանք աշխատանքը համատարած սկսել ժամը 7-7:30-ին, իմ կարծիքով, տնտեսությունը մոտ 10 տոկոսի աճ կունենա: Որակը պետք է հաստատուն ու բարձր պահել, ու ամենակարևոր հանգամանքներից մեկը` սպասարկումը միշտ պետք է ժպտուն դեմքով անել, թեկուզ երբ հաղորդակցվում ես հեռախոսով, սիրահոժար համտեսներ կազմակերպել և այլն: Փողի մասին նման դեպքերում չպետք է մտածել, հետագայում փողը կգա, այն էլ` քո ուզած չափով: Եվ անպայման պետք է ձգտես մի այնպիսի բան սկսել, որը հնարավորինս արտահանելի լինի: Իսկ անկեղծությունը, հաճախորդին չխաբելն ու բարի համբավը բերում են հավատարիմ հաճախորդներ ու կայուն զարգացում»,- վերջում իր հաջողության բանաձևը բացեց Դիրան Բաղդադյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: