Հայերեն   English   Русский  

​Տարվա մարզական տոնածառը՝ զարդարված բրոնզով և արծաթով


  
դիտումներ: 1947

2015 թվականը նախաօլիմպիական տարի էր: Այդ առումով մարզական ստուգատեսները կրկնակի կարևոր էին և առավել պատասխանատու մարզիկների, մարզիչների, ֆեդերացիաների ու մարզական կառույցների համար: Ռիո հասնելու համար օլիմպիական վարկանիշներ էին հարկավոր: Մարզական տարին հագեցած էր իրադարձություններով: Եղան հաղթանակներ, ձեռքբերումներ, ինչպես նաև բացթողումներ ու սայթաքումներ:

Եվրոպական առաջին խաղեր

2015 թ. մարտին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործկոմը որոշում ընդունեց մասնակցել հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: Որոշման, գնալ-չգնալու վերաբերյալ կարծիքներն իրարամերժ էին:

Բաքվի խաղերում Հայաստանը մարզիկներ ներկայացրեց 6 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, հրաձգություն, ձյուդո, սամբո և թաեքվոնդո: Այս մարզաձևերում պայքարի դուրս եկած 25 մարզիկներից միայն մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կարողացավ արծաթե մեդալ նվաճել:

Նվաճված մեդալների քանակի և որակի առումով սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց չմոռանանք, որ մրցումներն անցկացվում էին Ադրբեջանում: Հարևան երկրում անելու էին ամեն ինչ, որ Բաքվում չհնչեր Հայաստանի օրհներգը և չբարձրանար հայոց եռագույնը:

Եվ դա նրանց ընդհանուր առմամբ հաջողվեց: Միակ «վրիպումը», որ կազմակերպիչ կողմը թույլ տվեց, հունահռոմեական ըմբշամարտում էր: 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը հասավ մինչև եզրափակիչ: Բայց կողմնակալ մրցավարությունն իր առջև դրված խնդիրը կատարեց՝ ռուսաստանցի Անդրեյ Սուրկովի հետ գոտեմարտում ամեն գնով խանգարելով Միհրանի հաղթանակին:

Կարող ենք փաստել, որ Ադրբեջանում մրցումների մասնակցելը մեր մարզիկների համար հոգեբանորեն կոփվելու փորձություն էր, որը նրանց մեծապես կարող է օգնել ապագայում:

Ճանապարհ դեպի Ռիո

Տարին նախաօլիմպիական էր: Մրցաշարերը կարևոր էին նաև նրանով, որ մեր մարզիկները պայքարում էին օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար: Սպասելիքներ ունեինք ծանրամարտից, ըմբշամարտից և բռնցքամարտից: Բռնցքամարտիկներն այս տարի սպասելիքները չարդարացրին: Սակայն հաճելիորեն զարմացրին և անակնկալ մատուցեցին սպորտային մարմնամարզիկները:

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-12-ը կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի հավաքականները բավարարվեցին մեկ մեդալով, որը նվաճեց Արթուր Ալեքսանյանը: Նա Լաս Վեգասում մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր քաշային կարգում աշխարհում բացարձակ առաջատար է: Անցկացրած հինգ գոտեմարտերում ընդամենը մեկ միավոր տվեց մրցակիցներին:

Բնականաբար, սպասելիքները մեր մարզիկներից շատ ավելին էին: 2014 թվականի աշխարհի առաջնությունում մենք երկու չեմպիոն ունեինք՝ Արթուր Ալեքսանյան և Արսեն Ջուլֆալակյան: Արթուրը պաշտպանեց տիտղոսը: Արսենն էլ պատրաստ էր, բայց վերադարձավ առանց վարկանիշի և առանց մեդալի:

Ցավոք, ի տարբերություն շատ մարզաձևերի, որոնցում վիճակահանությունն այնպես է, որ ուժեղագույններն իրար հետ հանդիպում են կիսաեզրափակչում կամ եզրափակչում, ըմբշամարտում վիճակահանությունն անորոշ է: Արսենի մրցակիցը հենց առաջին գոտեմարտում աշխարհի ուժեղագույն ըմբիշ, ռուսաստանցի Ռոման Վլասովն էր, որին չհաջողվեց հաղթել:

Հայ ըմբիշներից Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ապահովեցին Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Լևան Բերիանիձեն:

Դեկտեմբերի սկզբներին Ըմբշամարտի համաշխարհային միությունը հրապարակեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որ երկրորդ տարին անընդմեջ անպարտելի է միջազգային մրցաշարերում, 98 կգ քաշայինների վարկանիշային աղյուսակում առաջինն է: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվեց նաև 2015 թվականի Հայաստանի ամենաազնիվ մարզիկ: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենից շատ է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օրը մեկ:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի 46-րդ առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային էր: Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 4 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգաթափեր), Վահագն Դավթյան (օղակների վարժություն) և Հուրի Գեբեշյանը (բազմամարտ):

Շարունակելով Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի և մյուս անվանի մարմնամարզիկների բարի ավանդույթները՝ 31-ամյա Հարություն Մերդինյանը եզրափակչում (նժույգաթափեր վարժություն) վաստակեց 15, 500 միավոր և արժանացավ բրոնզե մեդալի: Հարությունը նաև ձեռք բերեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Դավթյանը և Հուրի Գեբեշյանը պետք է մասնակցեն Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթին» և ևս մեկ անգամ գրանցեն իրենց արդյունքները:

Այսպիսով, անցումային բարդ և դժվար տարիներից հետո սպորտային մարմնամարզության ամենամեծ հաջողությունը գրանցվեց:

Նոյեմբերի 20-28-ը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի մարզիկները կարողացան լուծել առաջնահերթ խնդիրը՝ ձեռք բերել 2016 թվականի օլիմպիական խաղերի 7 ուղեգիր:

Մեր մարզիկները 4 տարվա ընդմիջումից հետո, թեկուզ առանձին վարժություններում, կարողացան մեդալներ նվաճել: Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Գոռ Մինասյանը (գերծանր քաշ) իրենց քաշային կարգերում հրում վարժությունում բրոնզե մեդալների արժանացան:

Երկարատև ընդմիջումից հետո մրցահարթակ վերադարձան Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, թեև նրանք դեռ հեռու են իրենց լավագույն արդյունքներից: Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունը հայկական ծանրամարտի համար կարելի է համարել հույսի մրցաշար:

Ֆուտբոլային կրքեր

2016 թվականին հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, լուրերը, մեկնաբանություններն ու քննարկումներն իրենց ծավալով չէին զիջում միջազգային ֆուտբոլում արձանագրվող իրադարձություններին:

Այսպես, Հայաստանի ազգային հավաքականի անհաջող ելույթներից հետո գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը մարտի վերջին հրաժարական տվեց:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա գլխավորությամբ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տխուր ակորդը եղավ Հայաստան-Ալբանիա խաղը: Այս խաղը ծախելու վերաբերյալ խոսակցությունները ողողեցին ինտերնետային կայքերը:

Համարձակ կերպով գործի անցավ երկրպագուների առաջին հայկական ճակատը՝ ՖԱՖ-ը, որը 3 հիմնական պահանջ ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ նոր, բարձրակարգ գլխավոր մարզիչ, արժանի ֆուտբոլիստների հրավիրում հավաքական և տոմսերի գների իջեցում:

Մեկ ամիս անց՝ երկրորդ երթի ժամանակ, ՖԱՖ-ն արդեն պահանջեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Այս ամենին ի պատասխան` ՀՖՖ-ի նախագահը հաղորդագրություն տարածեց և դավաճան անվանեց հավաքականի որոշ խաղացողների, նաև հայտարարեց, որ իրեն «թասիբի գցեցին», և ինքը հրաժարական կտա 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում միայն:

Վերջերս հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը: Հուսանք, որ նորանշանակ մարզչին կհաջողվի հաղթահարել հայկական ֆուտբոլում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը:

Շախմատ

Հայ շախմատիստները հաջող ելույթներ ունեցան միջազգային մրցաշարերում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2015 թվականին դարձավ աշխարհի թիմային առաջնության բրոնզե և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Համահայկական խաղերը՝ միասնության դրսևորում

Օգոստոսին Երևանում անցկացված Համահայկական 6-րդ ամառային խաղերում մարզական նշանակալի արդյունքներ ու նվաճումներ չէին ակնկալվում: Սակայն, խաղերի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը հիրավի աննախադեպ էին. մասնակիցներ աշխարհի 175 քաղաքներից, 6352 մարզիկ և 17 մարզաձև, ինչը 7-ով ավելին է նախորդ խաղերից:

Հիշարժան և կարևոր

Հոկտեմբերի սկզբին հայ երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցեց ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: Նա Հայաստան ժամանեց՝ մասնակցելու Երևանում առաջին անգամ անցկացվող վազքի միջազգային կիսամարաթոնին: Հայտնի մարզիկը հարցազրույցներից մեկում նշել է, որ սա հրաշալի առիթ էր լինելու մայր հայրենիքում, վայելելու քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալու հրաշալի մարզական միջոցառմանը:

Ջորկաեֆը նաև ցանկություն է հայտնել, որ կիսամարաթոնը երևանցիների և հայ ժողովրդի համար դառնա ամենամյա, քանի որ վազքը առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից է:

Հայաստանում սպորտի զարգացումը մասնակիորեն խոչընդոտվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճների և մարզադպրոցների բացակայությամբ: Այս առումով կարևոր էր Դավիթաշեն համայնքում «Օլիմպավանի» բացումը, որը շահագործման հանձնվեց սեպտեմբերին: Այսուհետ հայազգի մարզիկնեչը հնարավորություն կունենան լիակատար ուսումնամարզական հավաքներ անցկացնելու բարձրակարգ մարզադահլիճներում:

Դեկտեմբերին մայրաքաղաքում բացվեց նաև օլիմպիական բազմակի չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը: Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում և պատրաստակամություն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:

Նմանատիպ նախաձեռնությունները ողջունելի և կարևոր են հայրենական սպորտի զարգացման համար:

Մարզական տարին կամփոփվի 2015 թվականի դեկտեմբերի 28-ին և պարզ կդառնա տարվա լավագույն մարզիկի անունը: Հաշվի առնելով 2015 թվականին գրանցած հաջողությունները՝ լավագույն մարզիկ կճանաչվի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Անժելա Բեգլարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: