Հայերեն   English   Русский  

Հնարավոր է պանրի գնի թանկացում. Ա. Գիգոյան


  
դիտումներ: 1511

«Ռուսաստանը պանրի արտահանման առումով հետաքրքիր է Հայաստանի համար: Սակայն հարց է` արդյոք մենք պատրաստ ենք դրան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Ներկայումս Հայաստանը մոտ 20. 000 տոննա պանիր է արտադրում. ընդամենը 1.500 տոննա պանիր է արտահանում Ռուսաստան: Այն սպառում է 300-350 հազար տոննա պանիր, որից 150 հազարը ներկրում է: Պատժամիջոցներից հետո այնտեղ այնպիսի վակուում է առաջացել, որ լիարժեք արտահանման համար անհրաժեշտ է առնվազն 5000 տոննա ավելի պանիր:
Հայաստանի համար այս սցենարը վատ հետևանքներ կարող է ունենալ. կլինի պանրի ներքին դեֆիցիտ, հնարավոր է նաև գնաճ:
Սակայն Արմեն Գիգոյանը ընդգծեց, որ հայ գործարարները ևս վերլուծում են շուկան. նրանց մեծամասնությունը խելամիտ է և ներքին շուկան չի փոխի արտաքին շուկայի հետ. «Եթե գործարարը տեղական շուկայից դուրս գա, ապա հետագայում շատ դժվար կլինի նույն շուկա մտնելը»,- ասաց նա:
Գիգոյանը նշեց, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն կարևորագույնը կաթի հետ է կապված. «Կաթի արտադրության ծավալները անկանխատեսելի են կապված զանազան պայմանների հետ: Չկա որևէ կազմակերպված մոտեցում այս հարցը լուծելու համար»:
Ըստ Պանրագործների միության նախագահի` օգոստոսին տոթ եղանակի պատճառով կաթի պակասորդ է գրանցվել, ինչը չի կարող հետևանքներ չունենալ շուկայի վրա.մոտ ապագայում հնարավոր է պանրի թանկացում:
Հայաստանում այսօր ամենաշատ պահանջարկ ունեցող պանիրները «Լոռի» և «Չանախ» պանիրներն են:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: