Հայերեն   English   Русский  

​«Երկրները մեկ հարկի տակ» ծրագրի շրջանակում գործնական հանդիպման վերաբերյալ


  
դիտումներ: 1012

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես- համաժողով-փառատոնի շրջանակում Երևան ժամանած գործարարների խմբի հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման

և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, ներկայացրել է մայրաքաղաքի ներդրումային առաջնահերթություններն ու հեռանկարները`նշելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցել քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու գործնական առաջարկներին: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը հակիրճ անդրադարձել է Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին`ընդգծելով, որ զբոսաշրջությունը թեև մայրաքաղաքի նոր զարգացող ուղղություններից է, սակայն մեծ ներուժ և հեռանկար ունի: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները և այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Երևանում գործարարությամբ զբաղվելու իրենց ուղղությունների մասին: Հանդիպմանը ներկա ֆրանսահայ գործարար Հակոբ Կոշեցյանը նշել է, որ հատկապես տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Երևանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը մեծ է: Համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու գործարարները պայմանավորվել են խոսել նաև սեպտեմբերի 20-ին բացվող «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: