Հայերեն   English   Русский  

​Ժամանակակից հայուհին ուժեղ է և գեղեցիկ. Քարդաշյանների դիմահարդար՝ հայուհի Հրանուշ Աճեմյան


  
դիտումներ: 3056

«Ինքնավստահությունն է գեղեցկությունը»,- կարծում է Միացյալ Նահանգներում մասնագիտական լուրջ հաջողությունների հասած, արմատներով հայ դիմահարդար Հրանուշ Աճեմյանը: Նման ինքնավստահությամբ էլ անցնելով երկար ճանապարհ՝ ամերիկահայ Հրանուշը շատ աստղերի համար դարձել է վստահելի դիմահարդար: Նրանցից են հայտնի Քարդաշյանները: Երկար ժամանակ է, ինչ Քարդաշյան քույրերն, ի թիվս այլ դիմահարդարների, օգտվում են նաև Հրանուշի ծառայություններից «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping up with the Kardashyans) ռեալիթի շոուի շրջանակներում, իսկ Քայլի Ջեների դիմահարդարման հեղինակը հիմնականում հենց Հրանուշն է:

Նա իր կարիերան սկսել է շրջապատի կանանց գեղեցկացնելու միջոցով: Գնալով հաճախորդների շրջանակը մեծացել է և սոցիալական ցանցերում, բլոգներում տարածվել նրա աշխատանքների լուսանկարները:

Քիմ Քարդաշյան

Այսօր Հրանուշը հաջողակ դիմահարդար է. աչքերն ու թարթիչներն ընդգծելու նրա գաղտնիքներն ու հնարքները հետաքրքում են շատերին ու քննարկումների առարկա դառնում:

Հրանուշ Աճեմյանը, Luxury Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ, խոսել է նաև իր հայկական արմատների ու ավանդույթների մասին: Նա ասում է. «Սիրում եմ իմ ժառանգությունն ու մշակույթը: Մեծանալով Միացյալ Նահանգներում՝ ես հնարավորություն ստացա փորձելու երկու խիստ տարբեր աշխարհներ: Մեկը՝ տանը, մյուսը՝ դրսում: Ես սերում եմ խիստ ավանդական հայկական ընտանիքից, սիրում իմ մշակույթն ու մոտ պահում այն իմ սրտին: Այն ակնթարթային սերն ու հարգանքը, որ ստանում ես Հայկակական օջախ մտնելով՝ հիացնում է ինձ: Ինքը՝ հայկական մշակույթնայնքան հյուրընկալ է ու ընտանիքակենտրոն, որ չես կարող չսիրահարվել»:

Ինչպիսի՞ն է այսօրվա հայ կինն ըստ Հրանուշի:

Հրանուշը կարծում է՝ ժամանակակից հայ կինն ուժեղ է, գեղեցիկ: «Մենք ոչ միայն պահպանում ենք հին հայկական ավանդույթները, այլ նաև ձուլվում ու ընդունում նոր, ժամանակակից աշխարհը: Տնային տնտեսության, երեխաների մասին հոգ տանելուց զատ մենք դեռ հասցնում ենք լինել այնքան գեղեցիկ ու ինքնավստահ, ինչպիսին կանք»,-ասում է Հրանուշը:

Խոսելով մասնագիտական շփումների մասին՝ Հրանուշը նշում է, որ շատ դիմահարդար ընկերներ ունի, որոնց հետ սիրում է փորձել նոր հնարքներ: Իսկ ուրախալին այն է, որ Հրանուշը տալիս է իր լավ ընկերոջ անունը, ով ևս հայուհի է՝ Լիլիթ անունով: Փորձի փոխանակումը, նրա խոսքով, աճելու և սովորելու հնարավորություն է տալիս:

Հրանուշին ոգեշնչում է կնոջ վստահությունը: Ըստ նրա յուրքանչյուր դեմք բաց կտավ է, իսկ դիմահարդարումը՝ արվեստ:

Հրանուշի ամենասիրելի հաճախորդները բնական գեղեցկությամբ այն կանայք են, ովքեր պատկերացում էլ չունեն, թե ինչ գեղեցիկ են:

Քայլի Ջեներ

«Նրանց հետ աշխատանքն ավարտելով՝ գոհանում եմ ոչ միայն հաջող աշխատանքով, այլև նրանով, որ օգնում եմ իրենց զգալ հարմարավետ և գեղեցիկ սեփական մաշկի վրա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: