Հայերեն   English   Русский  

ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ


  
դիտումներ: 4721

Թուրքական պետության գաղտնի ոստիկանապետ Մ. Հաջետլաշեն 1916 թ. Փարիզում հրատարակած իր հուշերում սուլթան Համիդի մասին գրում է. «Ես երբեք չեմ տեսել այնպիսի մի ատելություն, որպիսին տածում էր սուլթանը հայերի նկատմամբ»: Ոստիկանապետը Համիդի ատելությունը բացատրում է նրանով, որ նրա մայրը եղել է հայուհի, տրապիզոնցի հայ առևտրականի դուստր էր, սուլթանուհի Էսմե խանումի պարուհին և իսլամ է ընդունել կամավոր, մահից մեկ ամիս առաջ, իսկ Համիդը, հայերին կոտորելով, փորձել է հերքել իր հայկական ծագումը:

«Ի՞նչ օգուտ մեզ եվրոպական կուլտուրայի այդ բոլոր հաջողություններից: Նրանք կուրացնում են տգետներին և խաբում ժողովրդին, որն առաջ այնքան խաղաղ ու բախտավոր էր ապրում: Ո՛չ, Արևմուտքի քաղաքակրթությունը մեզ համար մահաբեր թույն է, որ մեզ մատուցում են նենգամիտ ժպիտով: Մենք հյուրասիրում ենք օտարերկրացիներին, և շնորհակալության փոխարեն նրանք մեզ ոչնչացնում են, կորուստ են պատրաստում մեզ համար»: (Աբդուլ Համիդ II)

Կարմիր սուլթան, Մեծ մարդասպան, Դահիճ. բազում նմանատիպ անուններով է հայտնի Օսմանյան կայսրության գահակալ Աբդուլ Համիդ II-ը: Սուլթան, որ իրեն «փառավորեց» հայության 1894-1896 թթ. կոտորածներով, որոնց զոհ գնացին հարյուրհազարավորներ:

Աբդուլ Համիդը ծնվել է 1842 թ. սեպտեմբերի 22-ին Կոստանդնուպոլսում: Նա սուլթան Աբդուլ Մեջիդի կրտսեր որդին էր: 1876 թ. Համիդը գահ բարձրացավ պալատական հեղաշրջման արդյունքում: Երկրի փաստացի կառավարիչ և վարչապետ Միհդատ փաշան մայիսի 30-ին հեղաշրջում իրականացրեց: Գահազրկվեց սուլթան Աբդուլ Ազիզը, նրան փոխարինեց Մուրադ V-ը: Բայց շատ չանցած, դարձյալ Միհդատ փաշայի թեթև ձեռքով, գահին հաստատվեց Մուրադի կրտսեր եղբայրը՝ Աբդուլ Համիդը: Իսկ Մուրադ V-ը հայտարարվեց հոգեկան հիվանդ:

Գահակալման սկզբնական շրջանում երիտասարդ սուլթանը մեծ հեղինակություն էր վայելում: Նա հաճախ էր հանրային վայրերում երևում, շրջում առանց թիկնապահների: Օսմանյան կայսրությունը ծանր սոցիալական վիճակում էր հայտնվել: Պետությունը հսկայական պարտքեր ուներ և եվրոպական տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի ազդեցության տակ էր: Եվրոպական տիրակալները, օգտագործելով իրենց ազդեցությունը օսմանյան տնտեսության վրա, միաժամանակ որպես հաղթաթուղթ օգտագործելով ազգային հարցը, ձգտում էին առավելագույն շահ քաղել իրավիճակից ու մասնատել օսմանյան տերությունը: Իրականում այդպես էլ եղավ. Անգլիան զավթեց Եգիպտոսն ու Կիպրոսը, Ֆրանսիան՝ Թունիսն ու հյուսիսաֆրիկյան այլ շրջաններ:

Աբդուլ Համիդը երկիրը ճգնաժամից հանելու համար սկզբնական շրջանում գնաց եվրոպական լուսավորյալ միապետությունների ճանապարհով: Նա 1876 թ. դեկտեմբերի 23-ին սահմանադրություն ընդունեց՝ պառլամենտ հրավիրելով և Թուրքիան հռչակելով սահմանադրական միապետություն:

Օսմանյան սահմանադրության հայրերն էին Եվրոպայում կրթված, առաջադեմ հայացքների տեր Միհդատ փաշան և Գրիգոր Օտյանը: Երկուսն էլ, ի դեպ, մասոնական օթյակի անդամ էին:

Սակայն սահմանադրության ընդունմամբ Օսմանյան Թուրքիայում, բնականաբար, չլուծվեցին առկա ազգային, սոցիալական խնդիրները: Ավելին, Եվրոպայից ճնշումը գնալով ուժեղանում էր: Եվ սուլթան Աբդուլ Համիդը կտրուկ փոփոխություն մտցրեց իր քաղաքական կուրսում:

Սուլթանը դա արեց՝ հիասթափված եվրոպական դիվանագիտության կեղծավորությունից: 1877 թ., նախապես ստանալով հավաստիացումներ եվրոպական տերություններից, նա պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Սակայն օսմանյան բանակն անկարող էր դիամակայել ռուսական զենքին: Կովկասյան ճակատում ռուսները, ջախջախելով թուրքական զինուժը, գրավեցին ողջ Արևմտյան Հայաստանը, իսկ Բալկաններում ռուսական բանակն ավելի մեծ հաջողության հասավ ու հայտնվեց Կոստանդնուպոլսի պարիսպների տակ:

Եվրոպական երկրները չշտապեցին գործուն օգնություն ցույց տալ Թուրքիային, և Օսմանյան կայսրությունը Սան Ստեֆանոյի պայմանագրով կորցրեց գրեթե ողջ եվրոպական տիրույթները:

Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանը գրեթե մասնատեց Թուրքիան: Եվրոպական միապետները, հատկապես՝ նոր կազմավորված գերմանական կայսրությունը, որ մեծ հավակնություններ ուներ օսմանյան ժառանգության նկատմամբ, փորձեցին չափավորել Ռուսաստանի ախորժակը: Բեռլինում հրավիրվեց նոր վեհաժողով: Այնուամենայնիվ, Բեռլինի պայմանագրով Ռուսաստանին անցան Կարսի շրջանը, Բաթումը: Սա խորտակիչ հարված էր առանց այն էլ հոգեվարք ապրող Թուրքիային:

Հիասթափված եվրոպական դիվանագիտության խաղերից և եվրոպական արժեքներից՝ Աբդուլ Համիդ II-ը 1878 թ. ցրեց պառլամենտը և երկրում հաստատեց միահեծան ինքնակալություն, ինչը պատմության մեջ մտավ «Զուլումի տարիներ» անվամբ: Իսկ օսմանայն սահմանադրության հայր Միհդատ փաշային, որի շնորհիվ էր նա հայտնվել գահին, արտաքսեց Արաբիա, ուր էլ փաշան մահացավ:

1890-ական թվականներից Աբդուլ Համիդ II-ը Օսմանյան Թուրքիայի քաղաքական ուղղվածությունը հայտարարեց պանիսլամիզմը: Նա փորձում է միավորել Թուրքիայի մահմեդական ժողովուրդներին՝ դիմակայելու ռուս-եվրոպական ճնշմանը: Միաժամանակ ձեռնարկեց կայսրության թուրք բնակչության շրջանում լուսավորության տարածումը, ամենուր թուրքական դպրոցներ էր բացում՝ փորձելով թուրքական տարրը ինչ-որ կերպ քաղաքակրթել և հավասարեցնել հայերին ու հույներին:

Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովներում կորցրածը Աբդուլ Համիդը պետք է հետ բերեր բռնությամբ ու զինուժով: Նա երկրում ազգային հարցը լուծելու համար հենարան պիտի ստեղծեր, և այդ հենարանը Կարմիր սուլթանի համար հանդիսացան համիդիե գնդերը:

Սուլթանի հրամանով կայսրության ողջ տարածքում պարբերաբար մանկահավաք էր կազմակերպվում: Քրիստոնյա (հիմնականում՝ հայ) երեխաները խլվում էին ծնողներից, հատուկ միջավայրում դաստիարակվում պանթուրքիստական գաղափարաբանությամբ, իսլամացվում և ընդունվում ծառայության բանակի նոր ձևավորված հեծյալ գնդերում, որոնք սուլթանի անունով կոչվեցին համիդիեներ: Այս գնդերը դարձան սուլթանի հենարանը փլուզվող կայսրության մեջ, նաև՝ կայսրության հարվածային ուժը ազատամարտի ելած ժողովուրդների դեմ:

1894-1896 թթ. համիդիե գնդերը Արևմտյան Հայաստանում կազմակերպեցին ավելի քան 300 հազար հայերի սոսկալի ջարդը:

Ուժեղացնելով սուլթանական վարչակարգը՝ Համիդը երկրում մտցրեց գրաքննություն. արգելեց հեղափոխություն, Հայաստան, ազատություն բառերի գործածումը: Նա դաժանորեն ճնշեց օսմանյան կայսրության ժողովուրդների ազատագրական շարժումները: Բռնությունները հատկապես ուժեղ էին Հայաստանում և Բալկաններում: Սուլթանն արյան մեջ խեղդեց հայերի, բուլղարների, մակեդոնացիների ազատագրական շարժումները:

Նա գաղտնի ոստիկանության մեծ ու լայնածավալ ցանց ստեղծեց՝ հսկողություն սահմանելով կյանքի բոլոր ոլորտների վրա, բոլոր խմբակային հավաքների, անգամ՝ թաղումների վրա: Շատ ուսումնասիրողներ կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե Համիդի կառավարման տարիներին կայսրության բնակչության կեսը վճարվում էր կայսերական գանձարանից, որպեսզի հսկի և մատնի մյուս կեսին:

Նրա դեմ շարունակ դավադրություններ և սպանության փորձեր էին կազմակերպվում: 1905 թ. մոտ էր հաջողությանը Հայ հեղափոխական դաշնակցությունը, երբ գործողությունն անձամբ Քրիստափոր Միքայելյանը կազմակերպեց: Սակայն նա զոհվեց, իսկ գործողությունը տապալվեց:

Հասկանալով Օսմանյան կայսրության ճգնաժամը՝ թուրք երիտասարդ մտավորականությունը, որ հիմնականում համախմբված էր Սալոնիկի մասոնական օթյակից կառավարվող «Միություն և առաջադիմություն» կուսակցության շուրջ, որը պատմությանը հայտնի է «Երիտթուրքական կուսակցություն» անվամբ, Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի գահը տապալելու և նոր վարչակարգ հաստատելու լուրջ քայլեր ձեռնարկեց:

Դեռևս 1907 թ. երիտթուրքերը բանակցություններ սկսեցին Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Թուրքիայում սուլթանի գահը տապալելու և սահմանադրություն հռչակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Հենց Երիտթուրքերի կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը միասնաբար 1908 թ. իրականացրին թուրքական հեղափոխությունը:

Աբդուլ Համիդ II-ը ստիպված էր հաշտվել նոր իրավիճակի հետ: Երկրում վերականգնվեց սահմանադրական կարգը, հրավիրվեց պառլամենտ, սուլթանի իշխանությունը դարձավ անվանական:

Սուլթանը փորձեց դարձյալ ամրացնել իր իշխանությունն ու 1909 թ. մարտի 31-ին պետական հեղաշրջման փորձ կատարեց: Սակայն անհաջողության մատնվեց, ձերբակալվեց, ապրիլի 8-ին գահազուրկ հայտարարվեց և բանտարկվեց Սալոնիկում: Շուտով նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլիս, շաբաթներ անց՝ Մանիսայի բանտ, ուր էլ մահացավ:

Սուլթան Աբդուլ Համիդը օրագիր էր պահում, որում գրառում էր իր մտորումներն ու տպավորությունները: Բարեբախտաբար, այդ օրագիրը հայտնվեց լրագրողների ձեռքին և 1913 թ. փետրվարյան մի օր բեռլինյան ամսագրերից մեկը հրատարակեց սուլթանի հուշերից մի հատված:

Ի դեպ, Կարմիր սուլթանը, արդեն գահազուրկ, իր օրագրում ճշգրիտ տալիս էր կառավարող Երիտթուրքերի կուսակցության ապագա կուրսը, անգամ՝ խորհուրդներ և ուղերձ էր հղում նրանց: Սուլթանի օրագիրը նաև խոհական հետաքրքրաշարժ նյութ էր պարունակում:

Խաչակրաց արշավանքը Թուրքիայի դեմ թերևս երբեք չի դադարի: Գլադստոնը` այդ թոկից փախած չաչանակը, գնում է Պիոս II պապի շավղով: Այնուամենայնիվ, քրիստոնյաներին այդքան թշնամի օսմանցիների կայսրությունն արդեն միջին դարերում, երբ Արևմուտքում կրոնական ամենակատաղի հալածանքներ էին տեղի ունենում, ապաստան էր տալիս բոլորին, որոնք հալածվում էին հավատի համար: Երբ Իսպանիայում տիրում էր սրբազան ինկվիզիցիան, որն այրում և արտաքսում էր հրեաներին, մենք օգնեցինք և տեղ տվեցինք նրանց: Կիսալուսինը բոլոր ժամանակներում հաստատուն ապաստան է տվել կրոնի և քաղաքական համոզմունքների համար հալածվածներին: Բայց Արևմուտքում ո՞վ գիտի մեր պատմությունը:

Մի՞թե հայերի նկատմամբ նույնը չեղավ, ինչ որ և բուլղարացիների վերաբերմանբ, մի՞թե վաղուց արդեն չի ապացուցված, թե ինչպիսի սուտ տեղեկություններ էին հրապարակում այն ժամանակ անգլիական թերթերը: Նրանք հաղորդում էին, թե քրիստոնյաների գյուղերը քարուքանդ են արվում, բնակիչները ջնջվում են, այնինչ բանից դուրս էր գալիս, որ այդ տեղերը ծաղկած դրության մեջ են, իսկ բնակչությունն ապրում է կատարելապես համերաշխ մահմեդական հարևանների հետ:

Ես կարծում եմ, որ ամեն ոք, որ երկար ժամանակ ապրել է Արևելքում և հայացքների անաչառություն է պահպանել, կասի, որ մենք` մահմեդականներս, այնուամենայնիվ ամենալավ մարդիկ ենք արևելյան քրիստոնյաների համեմատությամբ: Ինչպիսի սարսափներ են գործել հենց թեկուզ իսպանացիները, երբ ձեռնարկում էին իրենց գյուտերը, ինչքան անգութ էին ֆրանսիացիները Ալժիրի նվաճման ժամանակ, բելգիացիները Կոնգոյում, էլ չեմ խոսում Սիբիրի ռուսների անգթությունների մասին: Պե՞տք է արդյոք զարմանալ թուրքերի կատաղության վրա, որոնք մինչև վերջին ժամանակներս փայփայում էին հայերին և այդ բանի համար շնորհակալության փոխարեն ենթարկվում էին նրանց կատաղի հարձակումներին հենց իրենց տանը: Մի՞թե հայերը չէին, որ փոթորկվում էին սրով ու պայթուցիկով, իբրև իսկական անիշխանականներ: Պետությունները թույլ չէին տալիս, որ մենք մեր տերը լինենք մեր սեփական տան մեջ. նրանք անդադար գալիս էին իրենց առաջարկներով, կապիտուլյացիաներով և այլն: Այն ամենը, ինչ որ աշխարհիս մյուս պետությունների մեջ, հենց թեկուզ Մոնակոյում արդար ու բնական է համարվում, մեզանում քրիստոնյա պետությունները չեն ընդունում: Խաչակրաց ծածուկ արշավանքը Թուրքիայի դեմ չի դադարում մինչև հիմա էլ:

Ռուսիայի համար գուցե չափազանց կարևոր է փշրել Դարդանելի շղթաները, բայց մեզ համար էլ կենսական խնդիր է այդ նեղուցները մեր իշխանության տակ պահելը: Եթե մենք այս կետում անհաշտ հակառակորդներ չլինեինք, ապա մենք և Ռուսիան ամենալավ բարեկամները կլինեինք աշխարհիս երեսին: Պետական կազմի տեսակետով ցարի կայսրության և իմ կայսրության միջև չափազանց շատ է նմանն ու հարազատը: Քիչ նմանություն չկա երկու ազգությունների նույնիսկ բնավորության միջև: Այդ բոլորը նպաստում են այն բանին, որ երկու պետություններն ավելի շուտ դաշնակիցներ դառնան, քան ժառանգական թշնամի: Այդ բանին ավելանում է և այն փոխադարձ ներգործությունը, որ մենք Ռուսիայում ունենք միլիոնավոր մահմեդականներ, այնինչ Ռուսիան հանդիսանում է օրթոդոքս եկեղեցու հովանավորը իմ կայսրության մեջ:

Ինչևէ: Անկախ օտարների տված գնահատականներից՝ թուրքերը սուլթան Աբդուլ Համիդ II-ին տվեցին «Մեծ տիրակալ», «Իսլամի հայր», «Իսլամի պահապան» պատվանունները, ինչը մեծ կոչում է միապետի համար:

Արյունարբու բռնակալը մահացավ 1919 թ. փետրվարի 10-ին: Նրա ութ կանայք և նրանցից ծնված 20 զավակները սփռվեցին աշխարհով մեկ: Տարիներ անց նրա թոռներից մեկը՝ Բեյզադե Բյուլենտ Օսմանը «Հյուրիեթ» թերթին հարցազրույց տվեց՝ նշելով, որ սուլթանի կանանց ու զավակներին հեղափոխության ժամանակ փրկել են հայերը՝ ապաստան տալով և հոգալով նրանց կարիքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: