Հայերեն   English   Русский  

«Ուլիսի» մարզիչը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները. փաստաբան


  
դիտումներ: 1035

Գասիկ Սիմոնյանը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամամանակ հայտարարեց Երևանի «Ուլիսի» մարզիչի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությունն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև:

«Այս հայտարարությունից հետո այնպես ներկայացվեց, որ ամեն ինչ պարզ է և իմ պաշտպանյալը իսկապես մեղավոր է: Սակայն հաշվի չի առնվել անձի անմեղության կանխավարկածը և արժանապատվության իրավունքը: Այս իրավունքները մշտապես խախտվում են Հայաստանում, մինչդեռ դրանց պետք է ծայրահեղ լուրջ վերաբերվել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները. «Նա բացարձակ չի արել որևէ քայլ, որը դեմ լինի ՀՀ օրենքներին: Նա տվյալ խաղի հետ կապված խաղադրույք կամ այլ հակաօրինական քայլ չի կատարել և չի համագործակցել այլ անձի հետ»,- ասաց փաստաբանը:

Լևոն Բաղդասարյանը համոզված է, որ նախաքննության ընթացքում շատ բաներ կբացահայտվեն և մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն:

Նշենք, որ հոդվածը հաստատվելու դեպքում Ուլիսի մարզիչին սպասվում է 0-2 տարվա ազատազրկում ներառյալ տուգանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: