Հայերեն   English   Русский  

​Նեղ օրվա բարեկամներ ենք, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ


  
դիտումներ: 3377

Հունվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերացրին Իրանի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Իրանի միջուկային ծրագրի պատճառով: Իրանագետ Գոհար Իսկանդարյանից փորձեցինք պարզել, թե ինչ նշանակություն ունի դա մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի Հանրապետության համար:

- Տիկի՛ն Իսկանդարյան, ի՞նչ ստացավ Իրանն այս ամենից. պատժամիջոցների վերացումն Իրանին ի՞նչ կտա:

- Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսական ավուարները, որ Ռեզա շահ Փահլավիից հետո սառեցվել էին արևմտյան բանկերում, 50 միլիարդ դոլար, այս պահին ապասառեցվեցին, և թույլ տրվեց, որ Իրանը կարողանա դրանք ազատորեն տնօրինել իր տնտեսությունը զարգացնելու համար: Սրանից բացի, Իրանն արդեն կարող է նավթի և գազի առևտրով զբաղվել, մտնել այդ շուկաներ, ազատորեն առևտրային հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ և այլն: Մյուս պետությունները ևս կարող են Իրանի հետ առևտրային հարաբերություններ սկսել ու պայմանագրեր կնքել, բացի ԱՄՆ քաղաքացիներից: Այս ամենը մեծ ոգևորություն է առաջացրել Իրանում, քանի որ պարզ է՝ Իրանի տնտեսությունը, որ բավական ծանր վիճակում էր, հիմա կարող է ազատ շունչ քաշել: Մյուս կարևոր և ուրախալի լուրը. Իրանին թույլատրվեց նաև ձեռք բերել մարդատար ինքնաթիռներ: Հիշում ենք՝ մի շարք ավիավթարներ տեղի ունեցան Իրանում, քանի որ Իրանը չէր կարող նոր ինքնաթիռներ ձեռք բերել այդ պատժամիջոցների պատճառով, իսկ իրենց օդանավերն արդեն հնամաշ էին: Միաժամանակ Իրանը, հետևելով Վիեննայում տեղի ունեցած բանակցություններին, քչացրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների քանակը, մի շարք օբյեկտներ, որոնք նախատեսված էին ուրանի հարստացման համար, փակվել են:

- Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի որոշ քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Սա Իրանի նկատմամբ ազդեցության լծակները չկորցնելու քայլ է՞ր:

- Կարծում եմ՝ դա «բլիթի և մտրակի» քաղաքականություն է: Այսինքն՝ ԱՄՆ-ն ասում է՝ մենք հանում ենք պատժամիջոցները, բայց դա չի նշանակում, որ եթե մի օր հետքայլ անեք պայմանավորվածություններից, մենք չենք կարող պատժամիջոցներին անդրադառնալ: Երբ ասում ենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են, պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած այն 7 պատժամիջոցներին և ԱՄՆ-ի ու Եվրամիության որոշ պատժամիջոցներին, որոնք պայմանավորված էին Իրանի միջուկային ծրագրով: Բայց Իրանի նկատմամբ կշարունակեն գործել այն բոլոր պատժամիջոցները, որոնք մինչ այդ եղել են: Այսինքն՝ մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության սահմանափակման և այլ հարցերի համար սահմանված պատժամիջոցները մնալու են, քանի դեռ Իրանը ձեռք չի բերի վստահություն Արևմուտքի մոտ:

- Պատժամիջոցներն ի՞նչ ազեցություն էին ունեցել Իրանի վրա, և երբ ասում ենք, որ Իրանի տնտեսությունը կսկսի շնչել, փորձենք հասկանալ՝ ի՞նչ վիճակում էր, որ կսկսի շնչել, և այդ շնչելն ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել տարածաշրջանում ու միջազգային շուկաներում:

- Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսությունն իսկապես բավականին վատ՝ անկումային վիճակում էր: Աշխատատեղերի պակաս կար: Հատկապես երիտասարդները, որոնք Իրանի բնակչության մեծամասնությունն են, չեն կարողանում աշխատանք գտնել, ինչը հենց այդ տնտեսական խնդիրներից էր գալիս: Դրանից բացի, Իրանը չէր կարողանում առևտուր անել և իր ապրանքները դուրս հանել, հիմա մի շարք ապրանքներ արտահանելու հնարավորություն կունենա: Իրանը վերջին 20 տարվա ընթացքում դարձել էր ինքնաբավ երկիր. ինքը արտադրել, ինքն էլ սպառել է: Հիմա իրավիճակը կփոխվի: Իրանը բազմաթիվ ապրանքների մասով ունի և միշտ էլ ունեցել է արտահանման լուրջ պոտենցիալ, ուղղակի սանկցիաների պատճառով նման հնարավորություն չուներ: Իրանական ապրանքները կարող են շատ արագ լցվել տարածաշրջանի շուկաներ, ինչը կարող է հանգեցնել նաև տարածաշրջանում տվյալ ապրանքատեսակների գների նվազման:

- Անդրադառնանք Իրան-Սաուդյան Արաբիա վերջին լարված հարաբերություններին: Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ֆոնին այս հարաբերությունների ուղղությամբ ի՞նչ զարգացումներ են ակնկալվում:

- Սաուդյան Արաբիան, իմ կարծիքով, մի վերջին ճիգ գործադրեց, որպեսզի Իրանին ներքաշի խնդիրների մեջ՝ տարածաշրջանն ալեկոծված պահելու և ըստ այդմ Իրանին իր այս «հաղթանակներից» հեռու պահելու համար: Որովհետև տեսնում ենք, որ Իրանը բավական ճիշտ քայլեր է անում ու տարածաշրջանում դառնում է ազդեցիկ գործոն: Այս տարածաշրջանում լայն լիազորություններ ունեին Սաուդյան Արաբիան և Թուրքիան: Հիմա կարծես նրանց դերը երկրորդական է դառնում, և առաջին պլան է գալիս Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա, բնականաբար, ձեռնտու չէ Սաուդյան Արաբիային:

- Իրանի դերի բարձրացումն ի՞նչ վերադասավորումներ կարող է բերել տարածաշրջան:

- Տեսնում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնում է տարածաշրջանում ազդեցիկ գործոն, և կարծում եմ, որ կլինի տարածաշրջանի բալանսը պահող երկիր: ԱՄՆ-ն ու Եվրոպան հասկացան, որ առանց Իրանի հնարավոր չէ հասնել տարածաշրջանում առաջացած խնդիրների լուծմանը: Եվ հենց Իրանն է ցանկանում ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային խնդիրներում և ցանկանում է նպաստել այդ խնդիրների լուծմանը: Իրանն էլ իր հերթին հոգևոր առաջնորդի բերանով հայտարարեց, որ հարաբերությունների բարելավումը չի նշանակում, թե Իրանը տնտեսական հարաբերություններ է հաստատելու ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ն մնում է Իրանին թշնամի երկիր, իրենք համագործակցում են 6+1 ձևաչափի շրջանակներում, որի մեջ ԱՄՆ-ն էլ է ներգրավված: Այս ամենը չի նշանակում, թե Իրանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններ է կարգավորում: Խնդիրը նաև Իրանի գաղափարախոսությունն է, որի կարևոր կետերից մեկն է «Մահ Ամերիկային»: Այսինքն՝ երբ այդ գաղափարախոսությունը հանես, շատ լուրջ իրավիճակ կարող է ստեղծվել, քանի որ նրանք 30 տարի այդ գաղափարախոսությամբ են ապրել, սերունդ է կրթվել, ու եթե հիմա հանես, հասարակության պատը կարող է ճաքել: Հետևաբար, դա միանգամից իրականացնելն էլ ճիշտ չէ և հնարավոր չէ: Բայց որոշակի դրական շփումներ ևս նկատվում են:

-Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին:

- Իրանն այս պահին հավելյալ գումարներ ունի և կարող է իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք մինչ այդ նախատեսված էին, բայց տեղից չէին շարժվում ֆինանսական միջոցների սղության պատճառով: Կարծում եմ, որ բոլոր այդ ծրագրերը կյանքի կկոչվեն: Բայց և չեմ ուզում վարդագույն ներկայացնել իրավիճակը, քանի որ պատժամիջոցները հանվելուց հետո եվրոպական երկրներն ու բիզնեսի ներկայացուցիչներն իրար հերթ չեն տալիս, շտապում են Իրանի հետ նոր առևտրա-տնտեսական պայմանագրեր կնքել: Ընդ որում, նրանք Իրան են շտապում իրենց ֆինանսներով: Իսկ մենք, ցավոք, չունենք այդ ֆինանսները, որ կարողանանք ներդրումներ անել և բիզնես ծրագրեր մշակել: Եվ երրորդ խնդիրն էլ այն է, որ Իրանը մինչ այս վարել է պրոտեկցիոնիստական քաղաքականություն իր շուկայի նկատմամբ, այսինքն՝ դրսի ապրանքները բավական դժվարությամբ են մտնում Իրան, նա ավելի հովանավորում է սեփական արտադրանքն ու սեփական արտադրողին և սրանով մի փոքր դժվարացնում դրսի արտադրողի ապրանքների մուտքն իր երկիր: Միգուցե հետագայում՝ պատժամիջոցները հանելուց հետո, երբ ֆինանսները փոքր-ինչ ակտիվանան, Իրանը վերանայի այս խնդիրը, ինչը Հայաստանին նոր շուկա մտնելու հնարավորություն կընձեռի: Թեպետ այս առումով ևս մեր հնարավորությունները նվազ են, որպեսզի մենք ամբողջ իրանական շուկայից կարողանանք օգտվել, բայց գոնե եթե հյուսիսային նահանգների հետ կարողանանք որոշ չափով համագործակցել, միգուցե ֆինանսապես ձեռնտու լինի Հայաստանի Հանրապետությանը:

Իրանը միշտ աջակցել է Հայաստանին նրա ամենադժվար օրերին: Եվ երբ Իրանն էր մեկուսացված վիճակում, Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ կերպ նրա դեմ դուրս չի եկել և իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում միշտ աջակցել է. լինի դա ՄԱԿ-ի շրջանակներում, թե միջազգային այլ հարթակներում: Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության կողքին, ու եթե չի էլ կարողացել լիովին պաշտպանել Իրանի տեսակետները, գոնե չեզոքություն է պահպանել, որով չի վնասել Իրանի շահերը: Սա շատ լավ հիշում են Իրանում: Իրանն ու Հայաստանը դժվար օրերի բարեկամներ են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: