Հայերեն   English   Русский  

10 աստղեր, որոնց հայկական ծագման մասին քչերը գիտեն


  
դիտումներ: 6521

Ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված հայերից շատերը ձեռք են բերել մեծ համբավ: Նրանց ճանաչում և սիրում են ամբողջ աշխարհում: Շառլ Ազնավուրը համարվում է Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա, չկա մի ամերիկացի որը չգիտի Քարդաշյանների ընտանիքին: Մենք հպարտանում ենք մեր ազգակիցների նվաճումներով, աշխարհի որ ծայրում էլ որ լինեն:

Սակայն կան մի շարք հայտնի աստղեր, որոնց հայկական արմատների մասին քչերը գիտեն: Ձեզ ենք ներկայացնում այդ աստղերից 10-ին:

Ալիս Փանիկյան

հայտնի հայեր

Ալիս Փանիկյանի ազգանունն արդեն իսկ հուշում է նրա հայկական ծագման մասին: Նա հայրական կողմից հայկական և բուլղարական արմատներ ունի: Ծնվել է Բուլղարիայում և վաղ հասակում տեղափոխվել է Կանադա:

Ալիսը լրագրող է, հեռուստահաղորդավար, մոդել: 2006 թվականին նա նվաճել է «Միսս Կանադա» տիտղոսը և նույն տարում ներկայացրել Կանադան «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում: Չնայած նրան չի հաջողվել հաղթել, սակայն իր վառ և գեղեցիկ արտաքինի շնորհիվ նա զբաղեցրել է 6-րդ հորիզնականը:

2007 թվականին նա պետք է ներկայացներ Կանադան «Միսս Ինտերնացիոնալ» գեղեցկության մրցույթին, սակայն քոլեջում ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով նա չկարողացավ մասնակցել մրցույթին:

Գեղեցկուհի մոդելը հարցազրույցներից մեկում խոսել է իր հայկական ծագման մասին: «Ես զարմացած էի այն աջակցությամբ, որը ստացա Կանադայի և ամբողջ աշխարհի հայերից, երբ հաղթեցի «Միսս Կանադա» մրցույթը: Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, որտեղ մարդիկ գրում էին, որ հպարտ են ինձ համար: Ինձ հրավիրում էին միջոցառումների, ինչպիսիք են Լոս Անջելեսի «Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը»: Դա ինձ ավելի մոտեցրեց հայ համայնքին: Ես այնքան հպարտ եմ, որ մասամբ հայ եմ և ես շատ ուրախ եմ, որ հայերը հպարտանում են ինձնով»:

Մոդելը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լուսանկար էր տեղադրել թվիթերի իր միկրոբլոգում:

Էնդի Սերկիս

հայտնի հայեր

Էնդրյու Կլեմենտ Սերկիսը, ով առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» եռապատման մեջ Գորլումին և «Քինգ Քոնգ» ֆիլմում հենց Քինգ Քոնգին մարմնավորելու համար, ունի հայկական արմատներ: Դերասանի հայրը հայ է, որը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Իրաքից: Հոր ազգանունը Սարգսյան է:





Ալեն Պրոստ

հայտնի հայեր

60-ամյա ֆրանսահայ ավտոարշավորդի մայրը՝ Մարի-Ռոզ Կառաչյանը, հայուհի է: Ալենի նախնիները փախել են հայկական ջարդերից և բնակություն հաստատել Ֆրանսիայում:

Ալեն Պրոստը 4 անգամ հաղթել է Ֆորմուլա-1 ավտոմրցարշավում:

Ֆրանսիական L'Express ամսագրին 2005 թվականին տված հարցազրույցում Ֆորմուլա 1-ի աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը ասել է. «Իմ մեծ-մայրը` Վիկտորիա Կառաչյանը, մահացել է 1978-ին, երբես 23 տարեկան էի: Նա ծնվել է Հայաստանում և ականատես է եղել հայոց ցեղասպանությունը: Նա պատմել է ինձ իր պատմությունը:Նրա հայրը, եղբայրները և քույրերը սպանվել են նրա աչքերի առաջ: Մենք չենք կարող անտարբեր մնալ նման պատմությունների նկատմամբ: Այսօր Թուրքիայի՝ Եվրոպական Միություն մտնելու շուրջ ծավալված բանավեճը մտահոգում է ինձ: Քանի դեռ թուրքերը հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանց մուտքը պետք է արգելափակել»:









Միշել Լեգրան

հայտնի հայեր

Ֆրանսիահայ հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում, ֆրանսիացի դերասան և կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի և հայ դաշնակահար Հայկուշ Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում:

Լեգրանը երաժշտություն է գրել ավելի քան 200 ֆիլմի համար, արժանացել է երեք Օսկարի, հինգ Գրեմմիի, երեք Սեզարի և տասներկու Ոսկե գլոբուսի մրցանակների, աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Բարբրա Սթրեյզանդի և Լայզա Միննելիի հետ:

Նա բազմիցս այցելել է Հայաստան: Ըստ Լեգրանի, միայն Երևանում է նա զգացել, որ գտնվում է իր հայրենիքում: «Երբ ես առաջին անգամ եկա Երևան, այդ զգացողությունը վերջնականապես ձևավորվեց իմ մեջ: Եվ թեև ես հայ եմ միայն մայրական կողմով, այնուամենայնիվ, ես այստեղ հարազատներ ունեմ, որոնց շատ եմ սիրում»,- ասել է մաեստրոն:

Լեգրանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կցանկանար նվեր ստանալ, նշել է, որ շատ կուզենար իր տանն ունենալ Սարյանի կտավներից մեկը:

2009 թվականին ՀՀ նախագահ Սարգսյանի հրամանագրով Միշել Լեգրանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:


Հելեն Սեգարա

հայտնի հայեր

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան ծնվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Հայրը իտալացի է, մայրը` Թերեզա Գասպարյանը, հայուհի: Հելենի տատիկը ևս փախել է հայկական ջարդերից և ապաստան գտել Ֆրանսիայում:

Նրան մեծ փառք է բերել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերը:

Հասուն տարիքում Հելենը սկսեց հետաքրքրվել իր նախնիներով: Նա ակտիվ կապեր հաստատեց Ֆրանսիայի հայկական համայնքի հետ:

2004 թվականին Շարլ Ազնավուրի 80-ամյակին նվիրված համերգի շրջանակներում Սեգարան Երևանից Փարիզ մեկնած «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի նվագակցությամբ երգեց «Քեզ համար, Հայաստան» երգը: 2006 թվականին նա իր մոր՝ Թերեզայի հետ միասին եկավ Հայաստան: Դա նրա առաջին այցելությունն էր իր նախնիների հող: Իր խոսքում Հելենը նշել էր. «Այստեղ ես զգում եմ, ինչպես իմ տանը»:

Նա նաև 2009 թվականին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Հայաստանին և Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված Phonéthon բարեգործական ակցիայի գլխավոր հովանավորն էր:

2013 թվականին նա կրկին Հայաստանում էր: Երևանում նա մենահամերգ ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկամսյակի առիթով:

Նա ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը, չնայած որ չի տիրապետում հայերենին: Երգչուհին երբեք չի թաքցրել իր հայկական ծագումը և մեծ հպարտությամբ է խոսում այդ մասին:

Ադամ Սևանի

հայտնի հայեր

Ադամ Սևանի Մանուչարյանը ծնվել է Լոս Անջելեսում և վաղ տարիքից զբաղվել է պարով:

Այժմ նա նկարահանվում է ֆիլմերում: Հատկապես հայտնի է նրա կերտած Ալեքսանդրի դերը «Քայլ առաջ» ֆիլմերի շարքում:

Portrait ամսագրին տված հարցազրույցում Ադամ Սևանին հաստատել է իր հայկական ծագումը:











Անդրեա Մարտին

հայտնի հայեր

Անդրեա Լուիզա Մարտինը ամերիկյան դերասանուհի և երգչուհի է: Նա ծագումով հայ է: Նրա մայրը՝ Սիբիլ Մանուկյանը և հայրը՝ Մարտին Փափազյանը ցեղասպանությունը վերապրածների սերունդներից են:

Դերասանուհին առավել հայտնի է «Իմ մեծ չաղ հունական հարսանիքը» ֆիլմում գլխավոր հերոսուհու մորաքրոջ դերով:

Քոնան Օ՛Բրայանի հեռուստաշոուի ժամանակ, որի օգնականը ևս հայուհի է, Անդրեան խոսել է իր հայկական ծագման մասին:









Մայքլ Վարդան

հայտնի հայեր

Այս երիտասարդի արտաքինից դժվար կլինի կռահել նրա հայկական ծագման մասին: Սակայն պարզվում է, որ հոլիվուդյան դերասան Մայքլ Վարդանը, որը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Կոլումբիանան», «Եթե սկեսուրը հրեշ է», «Չհամբուրվածը», ունի հայկական արմատներ: Նա ծնվել է հայկական ծագումով երաժիշտ Էդդի Վարդանյանի ընտանիքում:










Դիտա Ֆոն Թիզ

հայտնի հայեր

2009 թվականի Եվրատեսիլին Ինգա և Անուշ Արշակյանների ելույթից հետո Բուրլեսկի թագուհի Դիտա Ֆոն Թիզը գրառում էր կատարել թվիթերի իր միկրոբլոգում. «Եվրատեսիլում ինձ գերել են հայ աղջիկները՝ իրենց սանրվածքով և հատկապես «կատվե» աչքերով: Իրականում ես ևս մասամբ հայ եմ»:

Դիտան միայն մեկ քառորդով է հայուհի: Նրա տատիկը ցեղասպանությունից հետո որդեգրվել էր ամերիկացիների ընտանիքի կողմից:










Սեպուհ Սիմոնյան

հայտնի հայեր

Սեպուհ Սիմոնյանը ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր է, Լոս Անջելեսում ձևավորված «Capital Cities» ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկն է: Սիմոնյանը ծնվել է Հալեպում, Սիրիայում։ Ունի հայ ծնողներ, որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր: Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական։

Սիմոնյանը ամուսնացած է, ունի մեկ որդի, Րաֆին, որը մկրտվել է Հայաստանի Մուղնու վանքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: