Հայերեն   English   Русский  

​Ինչպես թենիսի աշխարհը հարձակվեց Նովակ Ջոկովիչի վրա Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում


  
դիտումներ: 1009

Eurosport պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Մելբուրնում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարի այն դրվագները, երբ առաջին ռակետը ստիպված էր պայքարել ոչ միայն իր մրցակիցների դեմ, այլև կորտից դուրս մղվող խարդավանքներում:

Մեկնարկային խաղում Նովակի անունը սխալ էր գրվել:

Խաղային առաջին օր, աշխարհի առաջին ռակետ, Ռոդ Լեյվերի մարզադաշտ: Ջոկովիչը և Չուն Հենը դուրս եկան կորտ, իսկ ցուցատախտակին գրված էր` «Novack Djokovic»: Իսկապե՞ս: Սխալվե՞լ հնգակի և գործող չեմպիոնի անվան մեջ: Նման բան անելու համար յուրահատուկ վարպետություն է պետք դրսևորել: Իսկ վրիպակը նկատեցին բոլորը. երկրպագուները, լրագրողները, ինքը Նովակը: Ամեն ինչ արագ շտկվեց, սակայն տպավորությունը մնաց:

Խաղը պարտվելու առաջարկի մասին հարցը տրվեց առաջին իսկ ասուլիսի ժամանակ:

Australian Open-ում լարվածությունը սկսվեց հենց առաջին օրվանից և հենց Նովակի Ջոկովիչի ասուլիսից: Այն հարցը, թե իսկապես նրան առաջարկել են պարտվել խաղը 2007 թվականին Պետերբուրգում, սկսվեց քննարկվել բոլոր շրջանակներում: Բանն այն չէ, որ պայմանավորված խաղերի թեման սկսվեց քննարկվել, այլ այն, որ այս հարցը նոր չէր և արդեն բուռն կերպով քննարկվել էր 2008-ին: Այն ժամանակ խնդրով զբաղվեցին համապատասխան մարմինները: Սակայն ինչ-որ մեկին հավանաբար անհրաժեշտ էր այդ թեմային վերադառնալ հենց այս պահին:

Նովակի տեսաուղերձը նվիրված Հյուիթին ավստրալացու հրաժեշտի արարողության ժամանակ չցուցադրվեց

Հյուիթին հրաժեշտի խոսք էին ուղղել բոլոր, սակայն այնպես թվաց, որ այդ ամենն իրականում ընտրովի է: Մարեյի, Ֆեդերերի, Նադալի ջերմ խոսքերը ընդգրկվել էին մի տեսանյութում: Ջոկովիչը նույնպես բացառություն չէր, սակայն նրա խոսքը չտեսան ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ ինքը լեգենդար ավստրալացին: Ասուլիսի ժամանակ Նովակը հայտարարեց, որ պարզապես չի հասկանում, թե ինչով է դա պայմանավորված: Կազմակերպիչները բացատրեցին դա այն հանգամանքով, որ կորտ են վազել Լեյթոնի երեխաները և կադրը փոխվել է: Հարց է առաջանում. և ի՞նչ: 10 լրացուցիչ վայրկյանները աղետ չեն նման նշանակալից պահի համար:

Մրցաշարի պաշտոնական կայքի կանխատեսումների համաձայն` կիսաեզրափակիչում պետք է հաղթեր Ֆեդերերը

Կանխատեսումները հետաքրքիր երևույթ են, իսկ Մեծ սաղավարտում առավել ևս: Ֆեդերերը և Ջոկովիչը խաղացել են միմյանց դեմ 4 անգամ վերջին 7 գլխավոր առաջնություններում: Սակայն չորս անգամներում էլ նշել, որ կհաղթի Ֆեդերերը և բացատրելը դա նրանով, որ Ֆեդերերը վերջապես անակնկալ պետք է իրագործի, զավեշտալի է հնչում: Մանավանդ Ջոկովիչի հերթական հաղթանակից հետո:

Նովակ Ջոկովիչի մարզիչ Բորիս Բեկերը մեկնաբանել է այս փոքր միջադեպերը կարճ և հասկանալի. երբ մեկ մարդը միանձնյա գլխավորում է բոլոր մրցաշարերը, մանավանդ այդպես ակնհայտ կերպով, դա ոչ մեկին դուր չի գալիս: Այդ պատճառով նրա դեմ սկսում են գործածվել պայքարի բոլոր մեթոդները: Ոչ մեկին դուր չի գալիս, որ սերբ թենիսիստը ATP-ի անվիճելի առաջատարն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: