Հայերեն   English   Русский  

Ընտանեկան բռնության ականատես եղած երեխան հաճախ ինքն է դառնում բռնարար. հոգեբան


  
դիտումներ: 1321

Հայաստանում շարունակում է արդիական մնալ ընտանեկան բռնության հիմնախնդիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավաբան Էմիլ Մարկոսյանը նշեց, որ առաջին վիճակագրությունը այս ոլորտի վերաբերյալ եղել է 2008-2009 թվականներին:

«Հարցված կանանց 61 տոկոսը ենթարկվել է ընտանեկան բռնության. Նրանցից 25 տոկոսը հոգաբանական, 8.9 տոկոսը` ֆիզիկական, 3.3 տոկոսը` սեռական, 9.5 տոկոսը միաժամանակ և՛ սեռական, և՛ ֆիզիկական բռնության են ենթարկվել»,- ասաց Մարկոսյանը:

Ոստիկանությունը 2015 թվականի առաջին կեսի ընթացքում գրանցել է 447 ընտանեկան բռնության դեպք:

Հատկանշական է, որ 2010 թվականից մինչև 2015 թվականն ընկած հատվածում Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին, ինչի հետևանքով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:

Հայաստանում ընտանեկան բռնության են ենթարկվում նաև տղամարդիկ: Կան նաև երեխաների, ծնողների դեմ կատարված բռնության դեպքեր: 2015 թվականի ընթացքում ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու 471 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ կատարվել է 15 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 65 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ` 106 դեպք:

Էմիլ Մարկոսյանը դեմ արտահայտվեց ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին, որը մի քանի անգամ ներկայացվել է Ազգային ժողովում: Նա համոզված է, որ այս խնդիրը կարելի է դիտարկել բռնության ընդհանուր հասկացության շրջանակներում. «Բռնությունը մնում է բռնություն` լինի դա ընտանեկան, թե փողոցում կամ ուսումնական հաստատությունում կատարված: Բռնության դեմ պետք է պայքարել արմատական սկզբունքով, այլ ոչ թե դա տեղի ունենալուց հետո: Հասարակական կազմակերպությունները միջազգային գրանտների պատճառով փորձում են ուռճացնել վիճակագրությունը: Ցանկացած բռնության տեսակի համար ՀՀ օրենսգիրքը նախատեսում է համապատասխան պատիժ: Աշխատանք պետք է տանել մինչև դանակը ոսկորին հասնելը»:

Հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանը ընդգծեց, որ բռնության ցանկացած տեսակ ուղղակիորեն կախված է բռնարարի հոգեբանական վիճակից: Բռնությանը դիմելու հիմնական պատճառները տանում են դեպի մանկություն: Եթե երեխան ծնողների կողմից նման վարք է նկատել, ապա շատ հավանական է, որ ինքն էլ դա կկիրառի:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանայք նույնպես մեղավոր են: Եթե տղամարդու ձեռքը բարձրանում է կնոջ վրա, ուրեմն կինը թույլ է տալիս: Եթե կինը հոգեբանորեն հասուն է և կարողանում է իրեն ճիշտ դրսևորել, նրա նկատմամբ բռնության դեպքեր չեն լինի: Այս առուով շատ կարևոր է սեռային դաստիարակությունը` թե՛ տղամարդու, թե՛ կնոջ համար»,- ասաց Աննա Բադալյանը:

Նա նկատեց, որ ընտանեկան բռնությունը վատ է անդրադառնում երեխայի վրա. տեղի է ունենում անձի աղճատում, երեխան դառնում է զոհի հոգեբանության կրող և շատ հաճախ իր չկայացած մանկության համար վրեժ լուծելու նպատակով դառնում է բռնարար:

«Երեխայի մոտ կարող է սկսվել անձի երկատում, նա ընկճված, մելանխոլիկ անձ է դառնում, ստեղծում է իր աշխարհը: Նրանք կարծես թե երկակի կյանք են սկսում վարել և չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը»,-ասաց հոգեբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: