Հայերեն   English   Русский  

Ի՞նչ հրաշք պետք է լինի, որ գազն էժանանա


  
դիտումներ: 1725

Օրեր առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող էներգակիրների գները վերանայելու առաջարկով: էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ թե՛ լրագրողների հետ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ, թե՛ ԱԺ-ում որևէ հստակ պատասխան չտվեց դրա կապակցությամբ տրված հարցերին` նշելով, որ քննարկումները շարունակվում են, սակայն չեն պտտվում որոշակի թվի շուրջ, ընթացիկ բանակցությունների մասին մանրամասներ հայտնել դեռ հնարավոր չէ:

«Գազի գինն իրոք փոխվել է, 2015 թ. հունվարի 1-ից` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ գազի համար, մեկ տարի ժամկետով, և հաշվի առնելով էներգակիրների շուկայում միջազգային միտումները և արտադրողների խնդրանքը՝ ՀՀ վարչապետը հարկ համարեց դիմել ՌԴ վարչապետին` վերանայելու գազի գները», - Ազգային ժողովում հայտարարեց Երվանդ Զախարյանը` մոռանալով, սակայն, որ «Գազպրոմը» գազի 1000 խմ-ը սահմանում վաճառում է 165 դոլարով, սակայն Հայաստանի բնակիչներին վաճառում է գրեթե երկու անգամ թանկ՝ մոտ 320 դոլարով:

Ըստ ամենայնի, Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների հետ վարվող բանակցությունները ցանկալի արդյունք չեն տալիս: Դա է հուշում փետրվարի 4-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը, թե Հայաստանի տնտեսվարողների համար էական է էներգակիրների՝ իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող գինը, իսկ կառավարությունն էլ շահագրգռված է, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:

«Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ասաց վարչապետը:

Համենայն դեպս, եվրոպացիների համար այդ գինն արդեն ավելի քան 1/3-ով իջել է: Եվ

վարչապետի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խիստ զուսպ ու կոռեկտ ասված նախատինք:

Ակնհայտ է՝ Հովիկ Աբրահամյանը նախ ուզում է հանրությանը ցույց տալ, որ կառավարությունը համառ քայլեր է անում գազի գինը իջեցնելու ուղղությամբ, երկրորդ` ռուսական կողմին ցույց է տալիս, որ այս հարցում հանրության աջակցությանն է դիմում և հանրային կարծիք է ձևավորում: Չէ՞ որ Ռուսաստանի հետ այսպիսի «խաղ» սկսելը կարող է վտանգավոր լինել, եթե թիկունքդ լավ չես պնդացրել: Համենայն դեպս, դժվար թե Հովիկ Աբհամյանի պես զգուշավոր գործիչը, ինչպես ասում են՝ «առանց մի բան իմանալու», նման քայլի դիմեր:

Ուրեմն, ինչի՞ վրա է հույս դրել Աբրահամյանը: Այդպիսի գործոն, ըստ ամենայնի, կարող է հանդիսանալ Իրանն ու իրանական գազը: Ինչպես հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին, Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հնգակի ավելացնելու հնարավորությունը՝ ամեն օր Հայաստան մատակարարվող 1 մլն խմ գազի փոխարեն Հայաստան առաքելով օրական 5 մլն խմ գազ:

Քամելիի խոսքով՝ էլեկտրափոխանցման լարերի նոր գծի շինարարությունը կարող է առանցքային գործոն դառնալ Հայաստան գազամատակարարման ծավալների ավելացման հարցում: Իրանն ու Հայաստանը 2015 թ. օգոստոսին համաձայնագիր են կնքել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության մասին, որը կմիավորի երկու երկրների էներգահամակարգերը: Դա հնարավորություն կտա եռակի ավելացնելու էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները: Իրանը նախատեսում է տվյալ նախագծի օգնությամբ միանալ Վրաստանի ու Ռուսաստանի էներգահամակարգերին: Իրանական գազը Հայաստանում վերածվում է էլեկտրաէներգիայի, որն ամբողջությամբ հետ է ուղարկվում Իրան, և Իրանը նախատեսում է նաև Հայաստանի միջոցով գազ մատակարարել Վրաստանին: Բայց ահա մեջտեղ է գալիս մեր «սիրելի» «Գազպրոմը», ու բավականին հետաքրքիր իրավիճակի ենք հանդիպում: Պաշտոնական Թբիլիսին ու «Գազպրոմը» վաղուց են բանակցում Վրաստանի տարածքով Հայաստան եկող ռուսական գազի տարանցման վճարի շուրջ:

Իրան-Հայաստան գազամուղն իրականում մեծ հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանի տնտեսության զարգացման առումով, սակայն Ռուսաստանը հնարավոր բոլոր դեպքերում խոչընդոտում է այդ գազամուղի լիարժեք գործարկումը: Նախևառաջ այն պարզ պատճառով, որ «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն նախկին «Հայռուսգազարդի»՝ ներկայիս «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսը, այլև Իրան-Հայաստան գազամուղը՝ «Գազպրոմին» վերապահելով Հայաստանի գազամատակարարման համակարգում մոնոպոլ դիրքը: Ահա Ռուսաստանը հենց «Գազպրոմի» միջոցով է խոչընդոտում Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանմանն ուղղված յուրաքանչյուր փորձ, որպեսզի Հայաստանում պահպանի իր մենաշնորհ դիրքը և եվրոպական շուկայում նոր մրցակից չունենա:

Այժմ Իրան-Հայաստան գազամուղը գործում է իր թողունակության 20-25 տոկոսի չափով: Ստացվում է՝ «Գազպրոմը» Հայաստանում կարող է անել ինչ ուզի, իսկ Հայաստանի կառավարությունն անգամ քայլեր չի կարող ձեռնարկել գազի ներկրման այլընտրանքային տարբերակների որոնման ուղղությամբ: Սեփական անզորությունն էլ մենք կարող ենք թաքցնել զախարյանական եղանակով՝ ասելով, թե Իրանից Հայաստան եկող գազատարի թողունակությունը հնարավորություն չի տալիս, որ Հայաստանը ռուսական գազը փոխարինի իրանականով:

Այնինչ, հիշում ենք, Հայաստանի իշխանությունների կողմից պարտքի մարման համար «Հայռուսգազարդում» ունեցած բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելուց հետո ընդամենը օրեր անց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր կողմից վաճառվող գազի գինը, և այն կարող է լինել անգամ 100 դոլար:

Այսուհանդերձ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է. «Իրանի հետ այսօր գազի մատակարարման հարցով բանակցություններ չեն տարվում: Գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի և Իրանի միջև չեն տարվել: Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը, չի եղել, ոչ էլ նույն գնով: Նման հայտարարություն չի եղել: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել, ինչպես անդրադառնում են թերթերը, 100 դոլարով գազ: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը»:

Հետևաբար, եթե վաչապետը «Գազպրոմի» վրա մատ է թափ տալիս՝ առանց Իրանի վրա հույս դնելու, հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դրել:

.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: