Հայերեն   English   Русский  

Թուրքիան մտադիր է վրեժխնդիր լինել Անկարայի ահաբեկչության համար


  
դիտումներ: 687

Թուրքիայի իշխանությունները խոստացել են վրեժխնդիր լինել մայրաքաղաք Անկարայում չորեքշաբթի օրը որոտացած պայթյունի հեղինակներից: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ցանկացած պահի, ցանկացած վայրում և ցանկացած առիթով կօգտագործեն ինքնապաշտպանության իրենց իրավունքը:

ԱՄՆ-ը նույնպես դատապարտել է ահաբեկչությունը: Երկրի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Թուրքիային, որը նրանց ուժեղ գործընկերը և դաշնակիցն է:

Մինչ այժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Ըստ ականատեսների` պայթուցիկ նյութերով բեռնված մեքենան պայթել է այն պահին, երբ զինվորական մեքենաներն անցնելիս են եղել դրա կողքով: Զոհվել է առնվազն 28 մարդ, վիրավորվել` 61-ը: Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձիք:

Պայթյունից հետո Էրդողանը չեղյալ է հայտարարել Ադրբեջան կատարելիք իր այցը, իսկ վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ չի մասնակցի Բրյուսելում կայանալիք ժողովներին, որոնց հիմնական թեման լինելու է Եվրոպայում փախստականների ճգնաժամը:

Չորեքշաբթի օրը նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել նաև Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտակայքում, ինչի հետևանքով վնասվել է թուրքական մշակույթի կենտրոնի շենքը: Զոհեր և վիրավորներ չկան: Դեռևս պարզ չէ` արդյո՞ք Անկարայի և Ստոկհոլմի պայթյունները կապ ունեն միմյանց հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: