Հայերեն   English   Русский  

​ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ


  
դիտումներ: 10185

Հայերն ու պարսիկներն անքակտելիորեն կապված են էթնիկ, մշակութային, պատմական ընդհանրություններով: Մեր հարավային հարևանները ժամանակին աշխարհի հզորագույն աշխարհակալություններից մեկը ստեղծեցին, որի ձևավորման ու կայացման գործում մեծ էր մեր նախնիների դերը:

Աքեմենյան տերությունը կազմավորվեց մ.թ.ա. 553 թ. և արագ հզորանալով՝ ծավալվեց չորս դին ու ընդգրկեց երեք աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի մի շարք շրջաններ՝ Ինդոս գետից մինչ Բալկաններ, Եգիպտոսից մինչ Ղրիմ:

Մ.թ.ա. VI դարում ներկայիս Պարսկաստանի տարածքում Մարաստան պետությունն էր, որ տարածաշրջանի հզորագույն տերություններից էր: Մ.թ.ա. 553 թ. պատերազմ է ծագում հայոց Տիգրան Երվանդյան արքայի և մարաց Աժդահակ արքայի միջև: Այս պատերազմում հայոց արքային աջակցում է նրա բարեկամը՝ Պարսք երկրի թագավոր Կյուրոսը: Վճռական ճակատամարտում հայոց արքան հաղթում է և մենամարտում տապալում Աժդահակին: Օգտվելով առիթից՝ Կյուրոսը ապստամբում է մարաց պետության դեմ, իր բանակով գրավում ողջ Մարաստանն ու հռչակում իր թագավորությունը՝ Աքեմենյան Պարսկաստանը:

Աքեմենյան Պարսկաստանն արյաց ազգերի մի հսկա դաշնություն էր, որտեղ գերագահը և արքայից արքան պարսիկ Կյուրոսն էր, նրանից հետո առաջնությունը հայ Երվանդունիներինն էր:

Իրան տերմինը ծագում է հենց Արիա բառից, քանզի Աքեմենյան պետությունը հենց արի ծագմամբ ազգերի համադաշնություն էր: Պարսիկներն իրենց պետությունը կոչում էին Արիա կամ Արյաց երկիր:

Գահ բարձրանալով՝ Կյուրոս Մեծը արշավանքներ սկսեց՝ ընդլայնելու իր տիրույթները: Փոքր Ասիան նվաճելու համար հարկավոր էր ընկճել Լիդիա պետությունը, որի թագավորը հին աշխարհի մեծ իմաստուններից ու անվանի զորավարներից Կրեսոսն էր: Հայերն աջակցեցին Կյուրոսին այս պատերազմում: Հայոց գնդի հրամանատար Քսերքսես Արծրունին մ.թ.ա. 546 թ. վճռական ճակատամարտի ժամանակ գերեց Կրեսոսին և հանձնեց Կյուրոսին:

Ապա Կյուրոսը նվաճեց Բաբելոնը, Միջագետքը, Պաղեստինը, Փյունիկիան: Այս արշավանքներում հայոց զորքով նրան աջակցում էին Տիգրան Երվանդյան հայոց արքան և նրա Ամպակ զորավարը:

Կյուրոսը սպանվեց սկյութների դեմ մղած պատերազմում և թաղվեց շքեղ դամբարանում: Հզոր տիրակալն իր կտակում նախապես պատգամել էր, որ իր դիակին ոչ ոք չմոտենա, ձեռքով չդիպչի:

Կյուրոսին հաջորդած որդին՝ Կամբյուսեսը, կարճ թագավորեց, բայց հասցրեց նվաճել Եգիպտոսը: Նրա Աֆրիկայում եղած ժամանակ պարսից գահը դավադրաբար գրավում է մոգ Գաումատան: Արքան շտապում է դեպի մայրաքաղաք, բայց ճանապարհին մահանում է: Գաումատան տեսքով շատ նման էր Կամբյուսեսին, որով կարողանում է շփոթմունքի մեջ գցել պարսիկ պալատականներին: Միայն մեկ տարբերություն կար՝ մոգի մի ականջը կտրված էր: Բայց թե՛ արքան, թե՛ մոգը, երկար մազեր ունեին, ինչը քողարկում էր ինքնակոչին մատնող թերությունը:

Սակայն, շատ չանցած՝ բացահայտվում է կեղծիքը, և մոգի իշխանության դեմ մ.թ.ա. 522 թ. ապստամբում են տասներկու պարսիկ զորապետներ՝ Պարթևստանի կուսակալ Դարեհ Վշնասպյանի առաջնորդությամբ: Ապստամբները հաղթում են մոգ Գուամատային ու սպանում նրան: Գահ է բարձրանում Դարեհ Առաջինը, որով փաստորեն Պարսկաստանում դինաստիական փոփոխություն կատարվեց:

Հետաքրքիր է Դարեհի գահակալման պատմությունը: Հաղթանակից հետո զինակիցներով փորձում են որոշել գահի տիրոջը, սական տասներկուսի մեջ կարծիքները բաժանվում են: Ընկերները որոշում են մյուս օրվա առավոտ ծեգին, հեծած իրենց ձիերը, դուրս գալ քաղաքից: Ում ձին առաջինը խրխնջա՝ նա կլինի պարսից գահակալը: Խնդիրը լուծում է Դարեհի հավատարիմ ծառան: Նա գիշերն իր տիրոջ ձին քաղաքից դուրս է հանում և դարպասների մոտ զուգավորում արու երիվարի հետ: Ապա արու երիվարը թողնում է նույն տեղում կապած, իսկ Դարեհի ձին վերադարձնում ախոռ: Առավոտ կանուխ, երբ Դարեհն ընկերների հետ դուրս է գալիս քաղաքից, հենց դարպասների մոտ Դարեհի ձին, տեսնելով գիշերային իր զուգընկերոջը, խրխնջում է, որով էլ լուծվում է գահակալման խնդիրը:

Դարեհի իշխանությունը չընդունեցին Պարսկաստանի դաշնակից և հպատակ երկրները, այդ թվում՝ Հայաստանը: Հայքում մեծ ապստամբություն բռնկվեց պարսից դեմ:

Դարեհը երեք անգամ մեծ բանակ ուղարկեց հայերի դեմ՝ հայազգի Դարդարշիրի առաջնորդությամբ: Չնայած Բեհիսթունի արձանագրության մեջ Դարեհը պարծենում է իր հաղթանակներով, հայերը հաղթել են, քանզի պատերազմական գործողությունները տեղի են ունեցել նախ հայ-պարսկական սահմանագլխին, ապա՝ բուն Պարսկաստանի տարածքում:

Բուն Բաբելոնում Դարեհի դեմ ապստամբության առաջնորդն էր Խալդիտայի որդի հայազգի Արախան (գուցե՝ Արքա):

Բեհիսթունի արձանագրության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացված է որպես Արմենիա:

Դարեհ Առաջինը հզորացրեց պարսկական պետությունը: Նա վարչական բարեփոխումներ արեց երկրում: Դարեհի օրոք բոլոր պարսիկներն ազատվեցին հարկերից: Նրանք ապրում էին նվաճված ժողովուրդներից գանձված հարկերի հաշվին: Պարսիկները պետության նկատմամբ միայն զինական պարտավորություն ունեին: Պարսկական հսկայական բանակում աչքի էր ընկնում 10.000-ոց անմահների գունդը, որ թշնամիների ահ ու սարսափն էր:

Դարեհ Առաջինը և նրա որդի Քսերքսես Առաջինը փորձեցին նվաճել նաև Հունաստանը, սակայն Բալկաններում նրանք պարտություն կրեցին:

Հայաստանը Աքեմենյան աշխարհակալության կազմում կիսանկախ վիճակ ուներ: Հայոց Երվանդունի թագավորներն էին երկրի տերերը, որոնք հարկային և զինական պարտավորություններ ունեին Աքեմենյանների նկատմամբ: Հայտնի է, որ Հայաստանը տարեկան 20 հազար մտրուկ էր մատակարարում Պարսկաստանին և 400 տաղանդ արծաթ հարկ էր վճարում:

Մ.թ.ա. 400 թ. Պարսկաստանից փախուստի է դիմում պարսից արքայազն Կյուրոսին գահակալական կռիվներում օգնության եկած հունական 10-հազարանոց զորաբանակը՝ հրամանատար, հետագայում պատմիչ Քսենոֆոնի առաջնորդությամբ: Հույները Հայաստանը կտրեցին հարավից հյուսիս: Այդ դժվարին անցման մասին Քսենոֆոնը գրել է «Նահանջ բյուրոց» աշխատությունը, որը հարուստ ու հետաքրքրական նյութ է պարունակում հայերի ու Հայաստանի մասին:

Համաձայն Քսենոֆոնի՝ Հայաստանը հարուստ, շեն երկիր էր: Քսենոֆոնը հատկապես կարևոր տեղեկություն է հաղորդում հայոց երկրի ներքին կառուցվածքի, համայնական կյանքի մասին: Հենց այս աշխատության մեջ է առաջին անգամ հիշատակվում գարեջրի մասին, որ մեր նախնիները պատրաստել և կենցաղում կիրառել են հազարամյակներ շարունակ: Քսենոֆոնը ևս մեկ հետաքրքիր գյուտի մասին է պատմում: Խոսքը հատուկ դահուկների մասին է, որ մեր նախնիները պատրաստել էին ձիերի համար, որպեսզի առատ ձյան պայմաններում նրանք հեշտ վարգեն:

Հույները, ամենուր վայելելով հայերի հյուրընկալությունը, իրենց որպես բարբարոս, անմարդկային ու անհոգի ավազակախումբ են պահում, ավերում հայկական շեներն ու փախուստի դիմում:

Աքեմենյան Պարսկաստանի վերջին տիրակալը Դարեհ III-ն էր (մ.թ.ա. 336-331): Նրա օրոք Ալեքսանդր Մակեդոնացին արշավեց Արևելք: Գրոնիկոնի ճակատամարտում ջախջախելով պարսկական բանակը՝ Ալեքսանդրը թափանցեց երկրի խորքերը: Ապա վճռական ճակատամարտը եղավ Գավգամելայի դաշտում:

Դարեհը հսկայական բանակ հանեց Ալեքսանդրի դեմ: Սակայն մակեդոնացիների առաջին իսկ հարվածներից պարսկական զորքն ընկրկեց: Միայն պարսկական բանակի աջ թևը կազմող հայոց 48-հազարանոց բանակը մինչ վերջ դիմադրեց մակեդոնական զորքին, ապա մթնշաղին արժանապատիվ կերպով նահանջեց:

Գավգամելայի ճակատամարտից հետո Դարեհ III-ը սպանվեց իր ծառաների ձեռքով: Երբ նրա դիակը բերեցին Ալեքսանդրի մոտ, նա Պերսեպոլիսի գերեզմանատանը արքայավայել պատիվներով թաղեց Դարեհին:

Դարեհի մահով Աքեմենյան հսկա աշխարհակալությունը կործանվեց, իսկ Հայաստանը Գավգամելայի ճակատամարտից հետո լիակատար անկախություն հռչակեց:

Աքեմենյան Պարսկաստանը երեք մայրաքաղաք ուներ՝ Պերսեպոլիսը, Շոշը և Էկբատանը: Դրանցից Պերսեպոլիսն այսօր էլ ավերակ վիճակում հիացնում է իր չքնաղ ճարտարապետությամբ, ինչը վկայում է Աքեմենյան Պարսկաստանի բարձր մշակույթի մասին: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց պարսից մայրաքաղաքը, այնտեղից անհավատալի հարստություն տարավ: Ցավոք, բարբարոս եվրոպացիները կործանեցին ու այրեցին այդ չքնաղ քաղաքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: