Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ազատ են արձակել ձերբակալված լրագրողներին


  
դիտումներ: 637

Թուրքիայի Սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել թուրք երկու հանրահայտ լրագրողների ձերբակալությունը: Այս մասին հայտնում է Euronews-ը: Սահմանադրական դատարանը փետրվարի 25-ին վճռել է, որ լրագրողների ձերբակալությունը նրանց իրավունքների խախտում է:

Ընդդիմադիր “Ջումհուրիյեթ” թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը լրագրողական հետաքննություն են անցկացրել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադիստներին զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ: Նրանք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 26-ին: Ստամբուլի դատախազությունը Դյունդարի և Գյուլի համար պահանջել էր ցմահ ազատազրկում:

«Cumhuriyet» թերթի խմբագիրներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալությունն արժանացել էր միջազգային դատապարտման: Լրագրողներն անցյալ տարվա մայիսին հրապարակել էին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը օգնել է զենք ուղարկել Սիրիա: Թերթի ներկայիս խմբագիրը հույս է հայտնել, որ դատարանի որոշումից հետո լրագրողներն ազատ կարձակվեն:

Նրանց ձերբակալության պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել են Ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարները, որոնք ընթացել են դեպի թուրք-սիրիական սահմանը: Թուրքական իշխանությունների վարկածով՝ բեռնատարները “մարդասիրական օգնություն” են տեղափոխել սիրիացի թուրքմեններին:

“Ջումհուրիյեթ”-ը 2015թ. մայիսին հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք, պարբերականի պնդմամբ, արվել են բեռնատարների խուզարկության ժամանակ: Դրանցում երևում են հրետանային ռումբերով, ականներով և այլ ռազմամթերքով լի արկղեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից կարճ ժամանակ անց դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի և դրա գլխավոր խմբագրի դեմ:

Երկու լրագրողները մեղադրվում էին զինված ահաբեկչական խմբավորումներից մեկին դիտավորյալ աջակցելու և երկրի պետական գաղտնիք հանդիսացող նյութեր հրապարակելու մեջ: Ըստ նրանց փաստաբանների` մեղադրանքի հաստատման դեպքում լրագրողնեը կարող էին դատապարտվել ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի:

Թուրքիան գտնվում է ԶԼՄ-ի ազատության միջազգային սանդղակի ստորին հորիզոնականներում: Եվրամիությունը Թուրքիային զգուշացրել է, որ ԶԼՄ-ի նկատմամբ իրականացվող հետապնդումները մարդու իրավունքների ոտնահարում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: