Հայերեն   English   Русский  

Թուրքիան արգելել է երաժիշտ իմամին Պորտուգալիայում համերգ տալ


  
դիտումներ: 607

Թուրքիայի կրոնական ղեկավարները արգելել են տեղական իմամին, որը նաև երաժիշտ է, համերգով հանդես գալ Պորտուգալիայի Պորտու քաղաքում:

Իմամ Ահմեդ Մուհսին Թուզերը, որը նաև երգում է թուրքական ռոք խմբում, հրավիրվել էր Պորտու քաղաք՝ ապրիլի սկզբին համերգ ունենալու ժամանակակից արվեստի թանգարանում:

Թուրքիայի կրոնական գործերով ղեկավարության ներկայացուցիչը Ալ-Ջազիրայի թղթակցի հետ զրույցի ընթացքում պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունները, հավելելով, որ ավելի ուշ ղեկավարությունը հանդես կգա որոշման պատճառների մասին հայտարարությամբ:

Իմամ Թուզերը, որը առավել հայտնի է որպես «ռոք իմամ», Ալ-Ջազիրայի հետ զրույցիում ասել է. «Աստված գիտի, որ ոչ մի հակաիսլամական տարր չկա իմ երաժշտության մեջ: Ես պատրաստվում էի կրոնական պահանջներին համահունչ ներկայացնել իմ երկիրն ու կրոնը այն ժամանակ, երբ իսլամաֆոբիան գնալով ավելի է տարածվում արևմտյան աշխարհում»:

Թուզերը, որը գլխավորում է Անթալիայի մզկիթներից մեկը, ասում է, որ Պորտու քաղաքում ապրիլին կայանալիք համերգը նախապես ստացել է Թուրքիայի մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը և կրոնական ղեկավարության օրհնությունը:

Երաժշտի խոսքերով, կրոնական գործերով ղեկավարությունը փոխել է իր դիրքորոշումը համերգից միայն մեկ ամիս առաջ, ինչից հետո նախարարությունը ևս հրաժարվել է իր աջակցությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: