Հայերեն   English   Русский  

​Միգուցե ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները էժանանան


  
դիտումներ: 2431

Փետրվարի 8-ին ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան տեսակոնֆերանսի ընթացքում «անսպասելի» հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ 20 տոկոս ավելացված արժեքի հարկի կիրառումը ԵԱՏՄ աշխատանքային գործընթացը խոչընդոտելու օրինակ է: Այս հայտարարությունից հետո Հայաստանում իրարանցում սկսվեց:

Հայաստանի ավտոներկրողները միավորվեցին՝ կառավարությունից պահանջելով վերանայել ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 20 տոկոս ավելացված արժեքի հարկային վարչարարությունը: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կառավարությունից այս հայտարարության վերաբերյալ արձագանք չստանալու դեպքում փողոց դուրս կգան կամ կդիմեն դատարան: Ավտոներկրողների բնորոշմամբ՝ հարկային վարչարարությունը ճիպոտ է դարձել և թույլ չի տալիս իրենց եկամուտ ստանալ, օրենքը բազմաթիվ սողանցքներ ունի, հարկային տեսուչներն էլ, դրանք օգտագործելով, հաճախ փորձում են իրենց մոլորեցնել: Ըստ ավտոներկրողների՝ առաջանում են այնպիսի վիճակներ, երբ օրինակ՝ ԱԱՀ-ն հարկվում է երկու անգամ՝ ներմուծելիս և վաճառելիս, այլ երկրից մեքենա գնելիս միջինը 3000-4000 դոլար ավելի գումար են վճարում, իսկ երբ դրան գումարվում է նաև հարկի կրկնակի վճարումը, իրենց բեռն ավելի է ծանրանում: Այս կերպ, ըստ ավտոներկրող Պողոս Օղլուկյանի, պետությունը թույլ չի տալիս, որ նոր մեքենաներ մտնեն երկիր, և Հայաստանը դարձել է մեքենաների գերեզմանոց:

Չարձագանքել չէր լինի, և փետրվարի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը դրա կապակցությամբ հայտարարեց՝ իշխանությունները մտադիր չեն հրաժարվել այդ հարկումից: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵԱՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- նշում էր Ալավերդյանը:

Այնուհետև թեմայի շուրջ բավական ծավալուն մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ փորձելով հիմնավորել՝ ինչու է ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում ավելացված արժեքի հարկ: Փետրվարի 24-ին այս խնդրին անդրադարձավ նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, թե գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ, սակայն 2017 թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին, քանի որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել:

Բայց ուշագրավ է, որ շուրջ 20 օր տարբեր հիմնավորումներ ներկայացնելուց հետո՝ Միրումյանի «պարզաբանումից» ընդամենը 1 օր անց, կառավարությունը հետ կանգնեց իր դիրքորոշումից: Փետրվարի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խնդիրը ԵԱՏՄ-ի համար նոր չէ, Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,- ասաց վարչապետը:

Ավտոներկրողներ

Նույն օրն էլ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում, և ԵԱՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել, ինչի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Օրենքով դա պիտի ազատվեր 2017 թ. հունվարի 1-ից: Հիմա մենք կրճատում ենք այդ ժամկետը»:

Թվում է՝ հարցը փակվեց, սակայն այս ամենն ավելի խորը խնդիրներ վեր հանեց, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Որովհետև, եթե ԵԱՏՄ-ին անդամակցելիս հայտարարվում էր, թե անդամակցությունից հետո ԵԱՏՄ անդամների հետ առևտրի բոլոր խոչընդոտները կվերանան, և մեր արտահանողների առջև կբացվի 170- միլիոնանոց շուկան, ապա գործնականում տեղի ունեցավ հակառակը, ամեն ինչ էլ ավելի խառնվեց իրար, ու մեր գործարարները կանգնեցին լուրջ խնդիրների առաջ, այդ թվում՝ կապված նաև ԱԱՀ-ի ու կրկնակի հարկումները բացառելու հարցերում, ինչի համար էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ «ԵԱՏՄ շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ»:

Փաստորեն, մեր կառավարությունը սկզբում խուսափում էր այդ 20 տոկոս ԱԱՀ-ն վերացնելուց, որը համարվում է Հայաստանի արտաքին առևտրից ստացված եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, բայց ստիպված հրաժարվեց, ըստ որոշ ԶԼՄ-ների, ճնշման ենթարկվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Բայց կա նաև երկրորդ մոտեցումը. միգուցե կառավարությունը, հաշվի առնելով իր նախկին «դառը փորձը», երբ սկիզբ առնող դժգոհությունների մեծ ալիքը հաշվի չառնելու հետևանքով սկսվեցին իշխանությունների մոտ գլխապտույտ առաջացնող քաղաքացիական շարժումներ, այս անգամ պարզապես չթողեցին, որ «բանը բանից անցնի»:

Ինչևիցե, Հայաստանի ավտոներկրողների կարծիքով` Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերացումը կխթանի ոլորտի հետագա զարգացումը: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշում է, որ 20 տոկոս ԱԱՀ մուծելու պահանջը հանելու հանգամանքը ռուսական շուկայից ավելի նոր և մատչելի գներով մեքենաներ ներկրելու հնարավորություն կտա: «Ռուսաստանի շուկան մրցունակ է, այնտեղ կա ներքին արտադրություն, գործում են ամերիկյան, ճապոնական և կորեական աշխարհահռչակ ֆիրմաներ, բացի այդ, ռուսական շուկայից ներկրելու ենք մինչև 5 տարեկան մեքենաներ ավելի մատչելի գներով` կապված Ռուսաստանում դոլարի փոխարժեքի անկման հետ»,- ասաց նա` հավելելով, որ մեքենաների գներն ակնհայտ կնվազեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: