Հայերեն   English   Русский  

Վաղը հայոց ՄԻՀՐ աստծո ծնունդն է


  
դիտումներ: 16543

Միհրի պաշտամունքը թերևս ամենատարածվածն է եղել Հին աշխարհում: Սկիզբ առնելով Հայաստանից՝ այն տարածվեց նախ Արևելքում, ապա՝ Հին Հռոմում:

Առաջին դարում Հռոմի բնակչության քառորդ մասը միհրականություն էր դավանում, ինչը նպաստեց քրիստոնեության ընդունմանը: Քրիստոնեությունը, իր հերթին, շատ բան է փոխառել միհրականությունից:

Միհրը ծնվել է քարայրում, Հիսուսը ծնվել է մսուրում: Նորածին Միհրին այցելել են հոտաղներ, Հիսուսին` մոգեր: Միհրը ծնվել է դեկտեմբերի 25-ին, Հիսուսը՝ նույնպես: Միհրը լույսի և բարության մարմնավորողն է, Հիսուսը՝ բարության: Միհրը դարբին է, Հիսուսը՝ հյուսն: Միհրն ուներ 12 աշակերտ, Հիսուսը՝ նույնպես: Միհրն էլ ճաշակեց վերջին ընթրիքը, Հիսուսն էլ: Միհրը գարնանը հառնեց երկինք, Հիսուսն էլ: Միհրի պաշտամունքում կնքվում են, քրիստոնեության մեջ մկրտվում են: Մեհյանում անշեջ կրակ էր վառվում, եկեղեցում մոմ են վառում: Միհրը մեսիա է և լավ ու վատ գործերի դատավորը, Հիսուսը՝ նույնպես: Միհրի հոգևորականությունը յոթ կարգ ունի, եկեղեցու հոգևորականությունը՝ նույնպես:

Այո՛, Հռոմում միհրականությունը լայն տարածում և ամուր արմատներ ուներ: Մ.թ.ա. առաջին դարից արդեն հռոմեական հասարակությունը ճեղքեր էր տալիս, և Հռոմի տիրակալները, փորձելով փրկել հզոր կայսրությունը, ըստ էության՝ նպաստեցին միհրականության տարածմանն Արևմուտքում: Քանզի հռոմեական և հելլենական դիցարանի աստվածներն իրենց բարոյական նկարագրով ուղղակի կործանման էին տանում հռոմեական հասարակարգը: Չէ՞ որ ամեն ոք նման է այն դիցերին, որոնց երկրպագում է: Ի դեպ, միհրականությունը բուն Հռոմից զատ, տարածվեց նաև Հռոմի եվրոպական տիրույթներում: Սակայն, կտրվելով պատմական արմատներից՝ այն հիմնականում խեղաթյուրված էր ներկայացված: Համենայն դեպս, Հռոմում Միհրը և միհրականությունը բացարձակ արժեքներ չէին, ինչպես Արևելքում:

Միհրը, լույսի և արդարադատության աստվածություն լինելուց զատ, նաև երկնային մարմինների պտույտը հովանավորող աստվածն է: Հայոց հին հավատալիքների համաձայն՝ ամեն առավոտ պատռվում է երկինքը և Աղի ծովում (Վանա լճում) գտնվող ժայռից ծնվում է արարչագործ Միհրը, որ հայոց հնագույն ժայռապատկերներում պատկերված է մերկ և հայկական թագով: Նա աջ ձեռքին ջահ է կրում, որ արարչական լույսի, արևի խորհրդանիշն է, իսկ ձախ ձեռքում՝ դաշույն, որով պահպանում էր արդարադատությունը Երկրի վրա: Ծնվելով՝ Միհրը գոտեմարտի է բռնվում Ցլի հետ, որին սպանում է և աշխարհում հաստատում արարչական օրենքը:

Հայոց պատումի համաձայն՝ Միհրի ծնունդի ականատեսն են եղել երեք հովիվներ. դարձյալ նմանություն քրիստոնեության հետ: Երբ Հիսուսը ծնվեց մսուրում, նրան արևելքից երեք մոգեր այցելեցին:

Միհրի տաճարները Հայաստանում ամենուր էին: Արտաշատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Միհրի՝ սև մարմարից կառուցված տաճարի ավերակները: 301 թ. մշակութասպանությունից հետո, Հայաստանում պահպանվեց միայն Գառնիի տաճարը: Իսկ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Միհրի արձանը մինչ օրս պահպանվել է Նեմրութի հայոց աստվածների դիցարանում, որ մ.թ.ա. 80-ական թվականներին կառուցել է Կոմմագենե հայոց պետության թագավոր Անտիոքոս Ա Երվանդունին:

Միհրի անվամբ են հայոց ազգային տաճարները ստացել մեհյան անունը: Հայոց շատ անձնանուններ էլ ծագում են Միհր անունից՝ Մհեր, Մեհրուժան, Միհրդատ…

Հայկյան տոմարի յոթերորդ ամիսը դարձյալ Միհրի անվամբ է կոչված՝ մեհեկան: Միհրի անունով է կոչված նաև յուրաքանչյուր ամսվա ութերորդ օրը:

Հայերը Միհրի ծնունդը տոնել են դեկտեմբերի 22-25-ը: Այսօր կաթոլիկ աշխարհը Միհրի ծննդյան հետ կապված՝ Հիսուսի ծնունդը ևս տոնում է դեկտեմբերի 25-ին:

Միհրը հայոց մեջ աստվածային օրենքները հաստատողն ու պահապանն էր, արդարադատության պահապան աստվածը:

Ինչպես նշեցինք վերը, պաշտամունքը դարերի ընթացքում տարածվեց այլ երկրներում ևս: Արևելքում Միհրը հայտնի էր Միթրաս կամ Միտրա անվամբ: Մանավանդ Իրանում մեծ շուքով էին նշում Միհրի տոնը: Աքեմենյան շրջանում հայոց Երվանդունի արքաները միհրական տոներին 20 հազար մտրուկ էին նվիրաբերում համաարիական շահնշահին՝ պարսից արքային: Իրանում, Զրադաշտի պաշտամունքից հետո, երկրորդ տեղում հենց հայոց Միհրի պաշտամունքն էր, և Միհրն իր ամուր տեղն ուներ իրանական աստվածների պանթեոնում:

Ասորական Աշուրբանիպալ արքայի արձանագրության մեջ Միհրը նշվում է նաև որպես Արևի աստված:

Միհրի պաշտամունքն իր արտացոլանքն է գտել նաև հայոց ազգային էպոսում, հանձինս Մեծ և Փոքր Մհերների:

Մեծ Մհերը հայտնի է նաև Առյուծաձև՝ առյուծ ձևող Մհեր անվամբ: Էպոսի համաձայն՝ Սասունում սով է բռնկվում: Մի ամեհի առյուծ փակում է Սասնա ճամփան, և քարավանները չեն կարողանում մուտք գործել Սասուն: Մհերն անզեն մենամարտի է բռնվում առյուծի հետ, երախից ճղում, երկու մասի է բաժանում առյուծի մարմինը: Սա, անշուշտ, Միհրի և ցլի գոտեմարտի անդրադարձն է. պարզապես ցլի փոխարեն հանդես է գալիս առյուծը:

Միհրի կերպարանքն է կրում նաև ազգային էպոսի Փոքր Մհերը, որ խռոված աշխարհի անարդարությունից՝ փակվում է ժայռում՝ Ագռավաքարում:

Հայոց էպոսում ժայռածնության մոտիվը չկա, բայց առկա է Փոքր Մհերի ժայռում փակվելը: Ագռավաքարն այսօր կոչվում է նաև Մհերի դուռ: Երբ տարին մեկ անգամ բացվում է Մհերի դուռը, հովիվը կամ նախրապանը մտնում է և տեսնում Մհերին: Պատումի համաձայն՝ Մհերը միայն աշխարհի վախճանի ժամանակ է դուրս գալու ժայռից, երբ հին աշխարհը քանդվի և նորը կառուցվի, կամ երբ գարին դառնա ընկույզի, իսկ ցորենը՝ մասուրի չափ, այսինքն՝ աշխարհը նյութական բարիքներով լցվի:

Միհրի կերպարը, «Սասնա ծռեր» էպոսից զատ, արտահայտվել է նաև հայոց ավանդություններում: Ավելին, հայոց պատմական որոշ գործիչների ժողովրդական ավանդապատումը Միհրի կերպարն է տվել: Ահավասիկ՝ Արտավազդ Ա արքան, որ թագավորել է մ.թ.ա. 160-115 թթ.: Հայոց ավանդությունը պատմում է, որ Արտավազդը հոր՝ Արտաշես Ա Բարի արքայի անեծքի պատճառով որսի է դուրս գալիս Ազատ Մասիսի փեշերը և ընկնում Մասյաց վիհը, ուր նրան կալանում են չարքերը, և դարբիններն Արտավազդ արքային գամում են ժայռին: Եվ ինչպես Միհրը, եթե Արտավազդին էլ հաջողվի խորտակել իր շղթաները և դուրս գալ երկիր, նա կկործանի Չարը և երկրի վրա արդարություն ու բարեպաշտություն կսահմանի:

Ավելորդ չէ նշել, որ Միհրի պաշտամունքը Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո չանհետացավ: Միհրականության շատ տարրեր էին իրենց գաղափարախոսության մեջ կրում պավլիկյանները, ավելի ուշ՝ թոնդրակեցիները: Ներսես Շնորհալի կաթողիկոսը նշում է, որ XII դարում էլ դեռ Հայաստանում արևորդիների համայնքներ կային:

Միհրականության պաշտամունքը երկար մնաց հայության մեջ, քրիստոնեությունը չկարողացավ իսպառ վերացնել այն: Արևմտյան Հայաստանում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում բնակվող ալևիները հենց միհրականության հետևորդներ են: Ուղղակի, դարերի ընթացքում նրանց վրա մեծ ազդեցություն են թողել քրիստոնեությունն ու իսլամը: Ալևիները պաշտում են Արևը, որ ամեն օր ծնվում է Աղի ծովում, երեկոյան մայր մտնում և փակվում ժայռերի մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: