ԹԱՋ ՄԱՀԱԼ
Սակայն հայ ճարտարապետական միտքը փայլել է ոչ միայն Արևմուտքում: Արևելյան երկրներում էլ հայերն արարել են արժեքներ, որոնք մինչ օրս մարդկության մշակութային գանձերի շարքն են դասվում:
Դրանց թվին է պատկանում Թաջ Մահալը, որ գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Ճիշտ է, այն իր ոճով ու ոգով ավելի շատ իրանական ճարտարապետության դպրոցին է պատկանում և անգամ թևավոր խոսք կա, թե` «Թաջ Մահալն Իրանի ոգին է` կերտված Հնդկաստանի սրտում»: Սակայն նրա կառուցման տխուր ու գեղեցիկ պատմության հիմքում հայն է` չքնաղ մի հայուհի` Հեղինե անունով, որ Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստրն էր և ծնվել է 1597 թ.: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում: 1614 թ. նա ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ:
Թաջ Մահալ նշանակում է արքունիքի թագ: Իսկապես այն թագ է` իր անկրկնելի գեղեցկությամբ ու հմայքով:
Ավանդությունը պատմում է, որ Շահ Ջահանը կանչում է դամբարանը կառուցող ճարտարապետին և առատ վարձատրելով` կտրում նրա ձեռքը, որպեսզի նա այլևս ոչ ոքի համար նման հրաշք չարարի:
Թաջ Մահալը գեղեցիկ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, ուրույն ոճով ու եզակիությամբ: Նրա կառուցման ակունքներում հուզիչ պատմություն է թաքնված:
Այն իրենից ներկայացնում է հայուհու դամբարան:
Թաջ Մահալը կառուցել է Հնդկաստանում իշխող Մեծ Մողոլների արքայատան տիրակալ Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` հայուհի Մումթազ Մահալի հիշատակին: Մումթազ Մահալ շահն անձամբ է անվանակոչել կնոջը, ինչը նշանակում է Արքունիքի զարդ: Մումթազ Մահալը ոչ միայն շահի սիրելին էր, այլև խորհրդատուն: Աչքի էր ընկնում խելքով ու նուրբ դիվանագիտությամբ և ուղեկցում էր ամուսնուն ամենուր, անգամ պատերազմական արշավանքների ժամանակ:
Մումթազ Մահալը Շահ Ջահանի առաջին տիկինն էր և թագուհին: Նա, Շահ Ջահանի բազում կանանցից մեկը լինելով, նաև ամենասիրելին էր և համատեղ ամուսնության 14 տարիների ընթացքում ամուսնուն պարգևել էր ութ որդի և վեց դուստր: Նա աչքի էր ընկել իր նվիրվածությամբ, հավատարմությամբ, խելքով:
Վերջին զավակի լույս աշխարհ գալու ժամանակ Մումթազ Մահալը մահանում է: Շահն այդ ժամանակ արշավանքի մեջ էր և նրան ուղեկցող կինը ծննդաբերեց Բուրհան Նուրե բնակավայրում` վրանում, դաշտային պայմաններում, ինչն էլ Մումթազ Մահալի մահվան պատճառը դարձավ: Նա մահից առաջ խնդրում է ամուսնուն իր շիրիմին գեղեցիկ դամբարան կառուցել, որ արժանի լինի իրենց սիրուն, և այլևս չամուսնանալ: Նույն գիշերն իսկ վշտից սպիտակում են Շահ Ջահանի մազերը: Նա տեղում հողին է հանձնում կնոջ մարմինը, սակայն շատ չանցած տեղափոխում է մայրաքաղաք` ի կատար ածելու նրա վերջին կամքը:
Այնքան մեծ էր Շահ Ջահանի վիշտը, որ նա կնոջ մահվան կապակցությամբ երկրում երկու տարով սուգ հայտարարեց: Ամբողջ երկու տարի Շահ Ջահանի ընդարձակ կայսրության մեջ արգելված էին ուրախությունը, երգն ու պարը:
Ապա Շահ Ջահանը ձեռնամուխ է լինում իր մայրաքաղաք Ագրայում Թաջ Մահալի շինարարությանը, որ տևում է ամբողջ 22 տարի` 1632-1654 թթ.:
Շինարարությանը մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված լավագույն ճարտարապետներ: Իսկ այդ ճարտարապետների մեջ առանձնանում էր մեկը` հայազգի Գրիգորը, որին կոչում էին Մեծ վարպետ-կառուցող, իսկ շինարարության ղեկավարի անունը, ըստ որոշ աղբյուրների, ուստա Իսային էր կամ Ուստա Իսսին:
Շինարարության համար անհրաժեշտ սպիտակ մարմարը բերվում էր Ջայկոտի քարհանքերից, իսկ անհրաժեշտ գունավոր քարերը` Չինաստանից, Տիբեթից և Հեջաբից:
Հետագայում Գրիգորը Թաջ Մահալից զատ այլ նշանավոր շինություններ էլ կառուցեց Շահ Ջահանի համար:
Թաջ Մահալը ժամանակին աշխարհի բարձրագույն շինություններից է եղել. նրա բարձրությունը հասնում է 74 մետրի. 42 մետր բարձրություն ունեն չորս մինարեթները: Բուն դամբարանի մարմարե գույնն ընդգծելու համար շրջակա շինությունները կառուցված են վարդագույն քարից:
Դամբարանը կառուցված է սպիտակ մարմարով, որ ավելի վեհ ու հիասքանչ տեսք է հաղորդում կառույցին:
Դամբարանի պատերն ամբողջովին զարդարված են նկարներով, Ղուրանի սուրահներով:
Դամբարանի կառուցումը հսկայական միջոցներ տարավ պետական գանձարանից: Բացի դրանից, շահն ամեն տարի մեծ միջոցներ էր ծախսում հանգուցյալ կնոջ պատվին համաժողովրդական տոնախմբություններ կազմակերպելու համար:
Շահ Ջահանը նպատակ ուներ Թաջ Մահալի դիմաց` Յամունա գետի ձախ ափին, իր համար էլ դամբարան կառուցել սև մարմարից: Սակայն նրա ծրագիրը կյանքի չկոչվեց: Շահ Ջահանի անհաշիվ ծախսերից դժգոհ էր պետության ավագանին և արքունիքը: Ի վերջո, նրանց աջակցությամբ արքայի որդին` Ջհանգիրը, պետական հեղաշրջում է կազմակերպում, հոր փոխարեն գահ բարձրանում ու բանտարկում երբեմնի զորեղ տիրակալին: Երկար տարիներ երբեմնի տիրակալն իր բանտախցից ամեն օր արցունքն աչքերին նայում էր իր իսկ կառուցած հրաշքին` իր և Մումթազ Մահալի անմար սիրո խորհրդանիշին: Մինչև այն պահը, երբ ինքը ևս ավանդում է իր տառապալից հոգին ու թաղվում կնոջ կողքին` իր իսկ կառուցած դամբարանում:
Այսօր Թաջ Մահալն աշխարհի տարբեր ծայրերից սիրահարների ուխտագնացության վայր է համարվում: