Թուրքական ոստիկանությունը ռետինե փամփուշտներով է ցրել կանանց խաղաղ ցույցը
Կանայք երկու օր շուտ են դուրս եկել երթի, քանի որ Ստամբուլի քաղաքապետը չէր թույլատրել մարտի 8-ին նախատեսված նրանց հավաքը` պատճառաբանելով անվտանգության նկատառումները: Առնվազն մեկ մարդ է ձերբակալվել ոստիկանության հետ բախումների արդյուքնում: Նշվում է, որ վերջիններս ցույցի մասնակից կանանց դեմ ռետինե փամփուշտներ են կիրառել:
Թուրքիան գենդերային խտրականությունների համար բազմիցս քննադատությունների է արժանացել միջազգային կառույցների կողմից: Ըստ 2011թ. ՄԱԿ-ի հրապարակած զեկույցներից մեկի` Թուրքիայում կանայք 10 անգամ ավելի հաճախ են բռնության ենթարկվում իրենց կողակիցների կողմից քան եվրոպական երկրներում:
Վարշավայում նույնպես կանայք բողոքի երթ են իրականացրել` իշխանություններից պահանջելով մեծացնել մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների թիվը, ինչպես նաև հետևել կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը: Լեհ կանայք կառավարությանը կոչ են արել թույլատրել հղիության արհեստական ընդհատումները` նշելով, որ մասնագետի կողմից իրականացված օրինական աբորտները թույլ կտան պաշտպանել կանանց կյանքը և առողջությունը: Ներկայումս Լեհաստանում հղիության ընդհատումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն իրենից վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար, եթե այն առաջացել է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով, կամ եթե պտուղն անբուժելի հիվանդություն ունի: