Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է պետք հայկական ավիացիային, անուննե՞ր, թե՞ կոնկրետ քայլեր


  
դիտումներ: 1726

Հայաստանի աշխարհագրական դիրքը, չավարտված պատերազմը և, ի վերջո, տնտեսական իրավիճակը ստիպում է լուրջ, հրատապ ու բեկումնային որոշումներ կայացնել քաղավիացիայի ոլորտում: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո հայկական քաղավիացիան մինչ օրս կանգնած է փակուղու առջև, որից դուրս գալու հստակ ելքեր չեն երևում անգամ ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունից հետո: Այժմ քաղավիացիային սպառնացող վտանգն այն աստիճանի է սրվել, ու դրա մասին այնքան է բարձրաձայնվում, որ իշխանությունները կարծես փորձում են քայլեր ձեռնարկել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող քաղավիացիան փրկելու համար: Այլ բան է՝ կկարողանա՞ն դա իրականացնել ճիշտ, հաշվարկված և առանց մասնավոր շահեր հաշվի առնելու:

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի քաղավիացիան փրկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ազգային ավիափոխադրող կամ ավիափոխադրողներ ունենալ: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել տեղական ավիափոխադրողներին, եթե այդպիսիք լինեն և փորձեն մուտք գործել ավիացիոն շուկա: Սակայն նախորդ ավիափոխադրողների ձախողված փորձերը կարծես իշխանություններին էլ են ստիպում չհավատալ նոր ընկերությունների հաջողությանը:

Երբ 2013 թ. ՀՀ կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության մասին, Արարատ Սարգսյանն առաջիններից էր, որ հայտ ներկայացրեց Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ իր կողմից հիմնադրած «Ալյանս» ավիաընկերության միջոցով ավիափոխադրումներ իրականացնելու համար: Մինչև անցյալ տարի հայտը կարծես փակուղում էր, և միայն այն բանից հետո, երբ ՀՀ Հանրային խորհրդի աջակցությամբ Արարատ Սարգսյանը մասնակցեց ավիացիոն ոլորտի խնդիրների վերաբերյալ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպմանը, սայլը սկսեց տեղից շարժվել:

Արարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն ստացել են ԻԿԱՕ-ի կոդը, այժմ սպասում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրի լիցենզիան համապատասխան ուղղությունների համար: Սակայն ինչպես բոլոր ավիատորները, Արարատ Սարգսյանը նույնպես կարծում է՝ հաջողության հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, օդանավակայանը ազգային ավիափոխադրողի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցումներ և ճկուն քաղաքականություն իրականացնեն, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում:

Վերջին օրերին մեծ աղմուկ է հանել նաև նոր ավիափոխադրողի մուտքը հայկական ավիացիոն շուկա: Խոսքը «Արմենիա» ավիաընկերության մասին է, որը հայտարարում է, թե ապրիլ ամսից արդեն թռիչքներ կիրականացնի: Ավիաընկերության բաժնետերերից մեկը՝ Թամազ Գաիաշվիլին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անգամ սենսացիոն հայտարարություն արեց, թե ընկերությունը 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ տոմսեր կպատվիրեն»,- նշել էր Գաիաշվիլին «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում։

Թե երբ և ինչպես է հասցրել այս ընկերությունը ստանալ համապատասխան լիցենզիա այսքան կարճ ժամանակահատվածում և ինչպես է պատրաստվում նման սենսացիոն գներով թռիչքներ իրականացնել, շատերի մոտ է տարակուսանք առաջացրել: «Ինչպե՞ս կարող է 49 դոլարով Եվրոպա տանել, եթե Երևան-Թբիլիսի տոմսի արժեքը 50 հազար դրամ է»,- մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը:

ավիացիա

Ի դեպ, խոսակցություններ եղան, թե իբր «Արմենիա» ընկերության մեջ մասնաբաժին ունի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ավիաընկերության հիմնադիրը հերքեց վարչապետի կապը ընկերության հետ: Խոսակցությունների մակարդակով ավիաընկերության հետ է կապվում նաև ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի անունը: Ցավոք, սրա վերաբերյալ հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ:

Սակայն ում անվան հետ էլ կապվի նոր ավիաընկերության անունը, մեծ հաշվով էական չէ, քանի որ խնդիրը շատ ավելի լուրջ ու խորքային է, քան կարելի է տեսնել առաջին հայացքից: Քաղավիացիայի ոլորտում իրավիճակն այսօր այնպիսին է, որ ամենաազդեցիկ անուններն անգամ կարող են անհաջողության մատնվել:

Ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ այստեղ մենք մեզ համեմատում ենք հարևան Վրաստանի հետ, մանավանդ որ մեր հայրենակիցներից շատերը գերադասում են Եվրոպա, Եգիպտոս կամ այլ ուղղություններով թռչել թբիլիսյան օդանավակայանից, քանի որ շատ ուղղություններով Թբիլիսիից մեկնումն ավելի մատչելի է: Եթե ինքներդ էլ փորձեք փոքրիկ համեմատություն անցկացնել Երևանի և Թբիլիսիի միջև, ապա կնկատեք մոտ 70-100 ԱՄՆ դոլարի տարբերություն:

Ինչո՞վ է պայմանավորված վրացական ավիացիայի զարթոնքը: Ավիացիայի ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ դա պայմանավորված է օդանավակայանի ցածր գներով: Միչդեռ «Զվարթնոց» օդանավակայանի վերգետնյա սպասարկման գները գրեթե կրկնակի են: Բարձր են նաև ավիավառելիքի սակագները, ինչն էլ իր հերթին պայմանավորված է «Զվարթնոցում» այլընտրանքային ընկերությունների բացակայությամբ ու ստեղծված մենաշնորհային վիճակով: Սակայն պատճառների մեջ կան նաև օբյեկտիվ գործոններ, օրինակ՝ Վրաստանի զբոսաշրջության անհամեմատ մեծ ծավալները: Եթե, օրինակ, 2015-ին Հայաստան է այցելել մոտ 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ապա Վրաստան՝ մոտ 6 միլիոն: Ընդ որում, այդ 6 միլիոնից 1,5 միլիոնը հայեր են: Այստեղ կարևոր է նշել, սակայն, որ հայերը Վրաստան են մեկնում հանգստանալու հիմնականում ավտոմեքենաներով կամ գնացքով: Նաև բերվում է այն փաստը, որ Վրաստանն անցել է «բաց երկնքի» քաղաքականության դեռևս 2005 թվականից, մինչդեռ մենք՝ ընդամենը 2013-ին:

Ավիացիոն ոլորտի մասնագետ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը իրավիճակի պահանջի, ժամանակի սղության, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների սրընթաց զարգացումների ֆոնին պարզապես հրատապ է համարում պետական մակարդակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Նա համաձայն չէ այն մտքին, թե իբր «ուղևորները սկսել են քիչ թռչել»: «Ո՛չ, այդպես չէ: Նրանք թռչում են Թբիլիսիով, նրանց տեղափոխում են այլ ընկերություններ, և ստացվում է, որ մենք ակամա համալրում ենք այլ պետությունների բյուջեները՝ մեր քրտինքով վաստակած փողերով»:

Ավիացիոն մասնագետը նաև ահազանգում է, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով իրական վտանգ է հասունանում նաև «Զվարթնոց» օդանավակայանի համար. «Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացմամբ մամուլ ներթափանցեց տեղեկատվություն այն մասին, որ Իրանը պատրաստվում է ձեռք բերել 80 նոր Airbus և Boeing տեսակի օդանավեր: Մեղրիից ընդամենը 100 կմ հեռավորության վրա՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում, գտնվում է մի օդանավակայան, որն իր բոլոր բնութագրերով գերազանցում է Թբիլիսիի օդանավակայանը: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում տարվող մեր ներկայիս քաղաքականության շարունակումը կհանգեցնի նրան, որ Հայաստանի հարավային տարածաշրջանի ուղևորների համար ավելի շահավետ կլինի օգտվել իրանական օդանավակայանից»,- ասում է նա:

Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում մասնագետը: Նա համոզված է, որ հայրենական փոխադրողների նորմալ աշխատանքի պայմաններում կստեղծվի առնվազն 1200-1500 աշխատատեղ, և բյուջե կմուտքագրվի տարեկան առնվազն 15 մլն դոլար՝ տարբեր հարկերի տեսքով:

«Ուղևորային փոխադրումների 2-միլիոնանոց շուկայից տարեկան մեկ միլիոն ուղևոր տեղափոխելու համար անհրաժեշտ է շահագործել 10-15 ինքնաթիռ և իրականացնել օրական 20-25 չվերթ: Որպեսզի հայրենական ընկերությունները «բաց երկնքի» քաղաքականության պայմաններում լինեն մրցունակ, հարկ կլինի տարեկան մոտ 60-80 մլն դոլարի սուբսիդավորում: Պետությունն այդպիսի գումարներ չունի, իսկ մասնավոր հատվածը դժվար գնա նման ռիսկի՝ աշխատել հնարավոր դեմպինգների վտանգի պայմաններում,-ասում է նա՝ միաժամանակ ներկայացնելով այն մեթոդները, թե ինչպես կարելի է գոյացնել այդ գումարը:- Ուղևորներից, որոնք մեկնում են ազգային ընկերությունների ինքնաթիռներով, չպետք է գանձվի օդի տուրքը: Դա կկազմի տարեկան առնվազն 12 միլիոն դոլար: Ավիացիայի ոլորտի տնտեսվարողների համար ամբողջովին պետք է հանվեն մաքսային տուրքերը և ԱԱՀ-ն պահեստամասերի և սարքավորումների ներմուծման դեպքում: Այդպես է եղել մինչև 2002 թվականը: Դրա շնորհիվ ազգային փոխադրողները կտնտեսեն տարեկան 15-20 մլն դոլար: ՀՀ տնտեսվարողներ համարվող բոլոր ավիաընկերությունները պետք է ազատվեն բոլոր հարկերից ավիավառելիք ներմուծելու դեպքում: Դրանով մեր ավիաընկերությունները տարեկան կտնտեսեն 6-8 մլն դոլար: Պետք է նվազեցվեն նաև աէրոնավիգացիոն տուրքերը, մետեոծառայության գինը և այլն: Այդ բոլորը, իմ հաշվարկներով, կկազմի տարեկան մոտ 60-80 մլն դոլար, ինչը լիովին բավարար է, որպեսզի մեր ավիաընկերությունները լինեն մրցունակ և կարողանան կոշտ պայքարում առաջարկել ուղևորներին լիովին մատչելի ավիատոմսեր»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: