Հայերեն   English   Русский  

​Արդիականացված կենտրոնում` վերապատրաստված մասնագետներ


  
դիտումներ: 1048

«Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դժվար պայմաններում աշխատելու համար։ Սակայն, դրա փոխարեն, շուտով բարձր հագեցվածությամբ կենտրոնում եք աշխատելու»,- ասաց Արմեն Մուրադյանը Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետների հետ հանդիպման ժամանակ։

Նշելով, որ կենտրոնը հագեցած կլինի ամենավերջին սերնդի սարքավորումներով` նախարարը խիստ կարևորեց նաև մասնագետների բարձր պատրաստվածությունը և արդյունավետ կառավարումը։ Նա նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը իրենց առաջատար կլինիկաներում մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացնելով մասնագետներին` նշեց, որ բոլորը վերապատրաստումներ են անցել Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի և Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներում։ Միաժամանակ լրացուցիչ վերապատրաստումների կազմակերպման նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ի դեպ, ծրագրի շրջանակում 6 մասնագետ առաջիկայում մեկամսյա վերապատրաստում կանցնի Գերմանիայի Դաշնությունում։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ արդիականացված կենտրոնի մեկնարն ավելի լավ ապահովելու համար կարելի է լրացուցիչ վերապատրաստումներ կազմակերպել։ Նա կարևորեց նաև միջին բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության ապահովումը և հանձնարարեց այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել։

Ծանոթանալով ներկաներից յուրաքանչյուրին ու նրանց անցած վերապատրաստումներին` նախարարն իր գոհունակությունը հայտնեց փոխպատվաստման թիմից և նրանց հետ քննարկեց կենտրոնի գործարկմանն առնչվող բազմաթիվ հարցեր։

Նա հանձնարարեց առավել մանրամասն ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ, մինչ կենտրոնի շահագործումը, ներկայացնեն կենտրոնի արդյունավետ կառավարման իրենց պատկերացումները` հիվանդի ընդունումից սկսած մինչև բուժումը։

«Հանրապետության նախագահի ծրագրով և առաջին տիկնոջ մեծ ուշադրության պայմաններում արդիականացվող կլինիկան հրաշալի հարթակ կդառնա ձեր նվիրվածությամբ երկրի առողջապահական համակարգի համբավը բարձրացնելու համար»,- ասաց նախարարը` կենտրոնի ղեկավարներին ու բժիշկներին հորդորելով ամրապնդել և մշտական դարձնել կապերն իրենց վերապատրաստած մասնագետների հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: