Հայերեն   English   Русский  

Ստալինը Վենետիկի հայկական վանքի ժամկո՞չն էր


  
դիտումներ: 1192

Մեկ կամ մի քանի բանկեր թալանելուց հետո ապագա սովետական առաջնորդ՝ այդ ժամանակ սեմինարավար Իոսիֆ Ստալինը փախավ Իտալիա, ուր հայկական վանքում աշխատանքի ընդունվեց որպես ժամկոչ: Սակայն գիշերային ժամերին ոչ բարոյական պահվածք դրսևորելու պատճառով մեկ տարի անց նրան դուրս հանեցին վանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուսական հայտնի ծաղրանկարիչ Անդրեյ Բիլժոն:

Այն մասին, որ որոշ ժամանակահատված Իոսիֆ Ստալինն ապրել է Մխիթարյանների մոտ՝ Սուրբ Ղազար կղզում, գրում են բավականին վաղուց, սակայն այդ տեղեկությունը հաստատող փաստեր գոյություն չունեն, գրում է Rusarminfo.ru-ն:

Սուրբ Լազարի հայկական վանքի ծառայողներից մեկը Rusarminfo-ին հաղորդել է, որ Իոսիֆ Ստալինը չի ապրել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

«Տարբեր ժամանակներում գրում էին, որ Իոսիֆ Ստալինը իբրև ապրել է այստեղ, բայց մեզ մոտ չկան ապացույցներ այդ մասին: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ դա մտացածին է»:

Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկյան ծովածոցի հարավային մասում՝ Լիդո և Սան-Սերվոլո կղզիների միջև: Համարվում է Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկը: Պատմությունը սկիզբ է առել 1717 թվականից, երբ իր հետևորդների հետ կղզի է եկել Մխիթար Սեբաստացին: Մխիթարյանների խումբը փախուստի էր դիմել Մորեից, որը դարձել էր զինված պայքարի գոտի Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև: Կղզում կառուցելով վանք և եկեղեցի՝ Մխիթարյաններն այնտեղ հիմնեցին ճեմարան և ստեղծեցին աշխարհի ամենահարուստ գրադարաններից մեկը (այսօր այնտեղ կան 150.000-ից ավելի հազվագյուտ օրինակներ), իսկ Մխիթարյանների գիտական գործունեությունը կղզին դարձրեց արևելագիտական հետազոտությունների կենտրոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: