ԱԱԾ-ը պարզել է Նոր Նորքի զինված հանցախմբի գլխավոր թիրախները
Դրանց համաձայն` խումբը ձևավորվել է 2015 թվականի մայիս ամսին, իսկ ԱԱԾ ուշադրության կենտրոնում է հայտնվել արդեն սեպտեմբերին: Խմբի անդամներն արդեն գտնվում էին իրենց ծրագրերի նախապատրաստման ավարտական փուլում, երբ ԱԱԾ-ը ձերբակալեց նրանց:
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, գտնվում է ոչ ավարտական փուլում, սակայն կան նախաքննական գաղտնիքներ, որոնք չպետք է բացահայտվեն, այդ թվում` մեղադրյալների շահերից բխելով»,- նշեց Միքայել Համբարձումյանը:
Այս ամիսների ընթացքում շատ հանգամանքներ են պարզվել, այդ թվում` ֆինանսավորման չափը և աղբյուրները, որոնց մեղադրանք է ներկայացվել: Խումբը ֆինանսավորվել է 65 հազար դոլարով:
Հայտնաբերվել են նկարներ, հեռախոսներ, քարտեզ, որում նշված են եղել թիրախները: Խուզարկության արդյունքում հայտնաբերված Երևանի քարտեզի վրա նշումներ են եղել. կլոր` մեջը խաչ նշանով, այն թիրախների հետ կապված, որոնց նկատմամբ հարձակում պետք է իրականացվեր: Քարտեզի վրա առկա էին նաև կլոր նշաններ առանց խաչերի: Դրանք հիմնականում վերաբերում են Երևանի տարածքում գտնվող խաչմերուկներին և կամուրջներին, որտեղ խմբի անդամները որոշել էին ստեղծել դժվարանցանելի իրավիճակ, որպեսզի հարձակման ենթարկված թիրախների պահպանությամբ զբաղվող անձինք չկարողանան արագ հասնել օգնության: Ըստ ԱԱԾ պաշտոնյայի՝ խուզարկության ընթացքում հայտնաբերված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ խմբի անդամների զինված հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը:
Խուզարկության ընթացքում հայտնաբերված նոթատետրում խմբի անդամների անուններն են գրված եղել և այն թիրախները, որոնցով տվյալ անձը պետք է զբաղվի:
Ըստ պարզված հանգամանքների՝ խումբն իր առջև խնդիր էր դրել քաղաքական գործունեությամբ զբաղվող և գործարար անձանցից նաև տեղեկություններ հավաքագրել: Նրանք տեսագրել են առաջին նախագահի տունը, մատույցները, նաև երկրորդ նախագահի գործունեության վայրի ուսումնասիրություններ են իրականացրել, Էրեբունի պլազայում: «Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքների տեղեկությունները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ Կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,-ասաց նա:
Խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց վերաբերյալ, այդ թվում ԱԺ-ի բոլոր պատգամավորների՝ անկախ քաղաքական կողմնորոշումից: Նրանք հավաքագրել են կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների տվյալները, և առանձնացվել են բնակության վայրի տեղեկացման հասցեն, առանձին փաթեթներ են ստեղծվել: Տեղեկություններ են հավաքվել «Նախախորհրդարանի» անդամների վերաբերյալ:
Միքայել Համբարձումյանը նաև նշեց, որ տեսագրություն է ձեռք բերվել, որտեղ Վարդանյանը ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրջում իրականացնելուց հետո, ներկայացնում իր ծրագրերը, որը պետք է հեռարձակվեր Հ1-ը գրավելուց հետո: Ուղերձի հենց սկզբում Վարդանյանը հայտարարում է, որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտադրությունն իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին:
Բացի այդ ձեռք է բերվել նամակ, որ պետք է ուղարկվեր ՀՀ բոլոր դեսպանատներին՝ նրանց հրավիրելու հաջորդ օրը Արմենիա Մարիոթ ժողովին մասնակցելու և համապատասխան ուղերձով դեսպանատան ներկայացուցիչներին տեղեկացնելու, թե ինչ է իրականացվել երկրում ու ինչ նպատակով:
Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ին հաջողվել է պարզել զենքերի, ռազմամթերքի զգալի մասին ձեռքբերման հանգամանքները, վճարման չափը: «Զենքերը վաճառած, նաև տրամադրած անձինք բոլորը քրեական գործով կալանքի տակ են և մեղադրվում են համապատասխան հոդվածներով: Բոլոր զենքերը ձեռք են բերվել Հայաստանում: Դրանք խորհրդային և Արցախյան պատերազմի տարիներից են մնացել»,-ասաց նա:
Ի դեպ, նշվեց, որ քրեական գործով այս պահին մեղադրվող 33 անձինք են, որոնցից 28-ը գտնվում են կալանքի տակ, իսկ մնացածն ազատ են արձակվել նախաքննության ընթացքում: