Հայերեն   English   Русский  

Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում փոխադարձ մեղադրանքները նոր փուլ են մտնում


  
դիտումներ: 2218

Այս տարվա սկզբից սկսեցին խոսակցություններ շրջանառվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների, ավելի ճիշտ` դրանց չգոյության մասին: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, վերջին անգամ էլ այս ամիս հայտարարեց, որ ԱԶԲ-ի կողմից տրամադրված գումարն ամբողջությամբ ծախսված է, բայց մինչ օրս կառուցվել է 556 կմ երկարությամբ ճանապարհի ընդամենը 25 կմ-ը:

Մեղադրանքները հնչում են թվերով

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը պետք է ձգվի Մեղրիից մինչև Բավրա և ըստ պատասխանատուների` ունենա մոտ 500 կմ երկարություն, սակայն Սիլվա Ադամյանը 556 կմ թիվն է նշում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 962 մլն, որից 500 մլն-ը տրամադրել է ԱԶԲ-ն:
«2009 թ. մեկնարկող ծրագիրը մինչև 2012 թ. բացարձակ անտեսանելի էր բոլորիս համար: Մի քանի անգամ մեկնեցինք տարածքներ` փորձելով հասկանալ, թե ինչ փոփոխություններ կան, բայց տեսանք, որ ծրագիրը չի մեկնարկում, դիմեցինք Ասիական զարգացման բանկ, պատասխան չստացանք, և հետո հնարավորություն ստեղծվեց մեկնելու Ասիական զարգացման բանկի ամեն տարվա հավաքին. դա արդեն 2011-ի վերջին էր: Ներկայացրինք մեր երկրում տիրող իրավիճակը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` ճանապարհի ոչ մի կմ կառուցված չէր և տենդեր էր հայտարարվել շինարարական կազմակերպությունների համար»,- ասել է Սիլվա Ադամյանը: Դրանից հետո սկսվել են նաև Վերահսկիչ պալատի ստուգումները, որը հայտնաբերել է խախտումներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին անդրադարձավ «Հետքի» գլխավոր խմբագիր, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը` նշելով, թե դժվար է ստույգ ասել` որքան գումար է անհետացել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքում: Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում նա հայտարարեց, որ 954 մլն դոլար ընդհանուր արժեքով այս նախագիծը ներկայումս հնարավոր չէ կյանքի կոչել:
«Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը կարծես սևագրություն լինի: Դժվար է ասել` որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին` Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհները, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և կարծեմ` ամենամեծ արժեքն ունի` 180 մլն դոլար, չկան: Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին: Աշտարակ-Թալին հատվածում, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել: Դեռ աշխատանքները չսկսած` 31 մլն ավանս է տրվել այդ ընկերությանը: Դեռ չգիտենք` ինչպես է դա եղել: Այսինքն` դեռ որևէ բան չէին արել, 31 մլն դոլար հատկացվել է»,- ասել է Բաղդասարյանը:
Նախ` անդրադառնալով հարցին, թե ինչու Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը գրեթե մեկ տարի ուշ սկսվեց, իսկ հետո ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց Արա Հովսեփյանը, հունիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհի շինարարության իրականացման ժամանակ հայտնաբերվել են շինարարի կողմից թերացումներ, ինչի հետևանքով էլ Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրեն Արա Հովսեփյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշենք, որ ժամանակին` 2013 թ. ապրիլին Արա Հովսեփյանի աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չեղավ: Նախարար Բեգլարյանը լրագրողներին հայտնեց նաև, որ այն ժամանակ թերացումներ են հայտնաբերված եղել ոչ միայն Վերահսկիչ պալատի, այլև հենց նախարարության համապատասխան մարմինների կողմից:

Հյուսիս-հարավ ԾԻԳ-ը նույնպես թվերով է խոսում, բայց այլ թվերով…

«Հյուսիս-հարավ ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հունիսի 20-ին հայտարարեց, որ հրապարակված տեղեկությունները, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված 900 մլն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը:
Արթուր Սարգսյանի խոսքով` Տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածը` շուրջ 31 կմ: Առաջին տրանշի շրջանակներում իրականացվում են Երևան-Աշտարակ քառաշարք ճանապարհի վերակառուցման, Երևան-Արարատ քառաշարք ճանապարհի վերակառուցման, այնուհետև անվտանգության բարձրացման և ծրագրի կառավարմանն օժանդակելու, ներառյալ` ներդրումային ծրագրի ներքո հետագա ծրագրի մանրամասն նախագծի ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվության և մրցույթի փաստաթղթերի ու գնումների պատրաստման աշխատանքները:
Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են ԱԶԲ-ի կողմից` 60 մլն ԱՄՆ դոլարի չափով և ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը` ճանապարհի երթևեկելի մի հատվածը, արդեն իսկ ավարտվել է, իսկ երթևեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը: Զուգահեռաբար մեկնարկել են նաև Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները. կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման և այլ աշխատանքներ:

ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջին և երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, ԱԶԲ ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ԷսԷյ.» ընկերության հետ 2012 թ. ապրիլի 27-ին կնքվել է 250 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բետոն փռող 2 մեքենա` ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Ծրագրերի շրջանակներում բոլոր գնումները իրականացվում են ԱԶԲ-ի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի համապատասխան: Այսինքն` անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանը` ի դեմս տրանսպորտի և կապի նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ գումարի չափով փոխանցում է կատարում կապալառուի հաշվին: Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում ծրագրի սկզբից, փաստացի, ծախսերը կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ` հարկերը:

Ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը, իրենց նկատմամբ հնչած քննադատությունն ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 մլն դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի հայտարարված չափանիշներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրականացվելու շինարարությունն այնպես, որ ավարտվի նախանշված ժամկետներում, Արթուր Սարգսյանը պարզաբանեց, որ Տրանշ 1 և 2-ի աշխատանքների կատարումից հետո կամ դրան զուգահեռ ճանապարհի դեռևս չկառուցված հատվածը բաժանվելու է 20-50 կմ-անոց հատվածների, դրանց համար հայտարարվելու են մրցույթներ, որոնց մասնակցելու են տարբեր կազմակերպություններ: Ըստ այդմ, հնարավոր է, որ 2016-2017 թթ. ընթացքում ճանապարհի տարբեր հատվածներում զուգահեռաբար ականատես լինենք տարբեր կապալառուների զուգահեռ իրականացվող աշխատանքներին, դրա շնորհիվ ծրագիրը կիրականացվի սահմանված ժամկետներում:

Ինչ վերաբերում է ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքին, ապա Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրենի ներկայացրած տվյալներով` այն կազմում է 1.5 մլրդ դոլար, ոչ թե 954 մլն, իսկ ճանապարհը Բավրայից մինչև Մեղրի պետք է կրճատվի ու դառնա մոտ 500 կմ:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը,անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հյուսիս-հարավ ներդրումային միջանցքի ծրագիրը չի իրագործվում կամ իրագործվում է չարաշահումներով, ընդգծեց, որ իրենց համար կարևորը ծրագրի իրագործումն է, իսկ մնացած զրույցները` ով ինչ ասաց կամ հայտարարեց, իրենց համար նշանակություն չունեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: