Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի բնակչության զգալի մասը ապրում է այլընտրանքային աշխարհում. Սամվել Մարտիրոսյան


  
դիտումներ: 786

Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին տեղեկատվական դաշտում փոփոխությունների մասին:

Նրա դիտարկմամբ՝ մի քանի բան է կատարվում: Ադրբեջանի ներսում քարոզչությունը շատ ակտիվ այնպես է ներկայացնում, որ իրենք հաղթանակ են տարել. «Ներկայացվում է որպես երկրորդ պատերազմ, որը Ադրբեջանը հաղթել է: Մի շարք բնակավայրերում տոնակատարություններ են կատարվում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Մամուլում ներկայացվում են մոտեցումներ, որ վերջին օրերի ընթացքում բանակը կարողացել է գրավել մի շարք բնակավայրեր, ոչ միայն դիրքեր: Լրագրողները այդ «բնակավայրերից» խոսում են, ներկայացնում են իրավիճակը և այլն: Նման դեպք առաջին անգամ չէ տեղի ունենում:

«Վերջին տարիների ընթացքում պոստմոդեռնիստական ոճով ներկայացնում են, թե ինչպես են «ազատագրել» մի շարք գյուղեր: Նաև լուր գնաց, որ բնակիչները կարողանում են վերադառնալ տարիներ առաջ լքված գյուղերը, որոնք այս օրերի ընթացքում գրավել են»,- ասաց Մարտիրոսյանը:

Որպես գրավված գյուղեր են ներկայացվում Մատաղիսը, Սեյսուլանը և մի շարք այլ բնակավայրեր: Ընդ որում՝ եթե առաջին օրերի ընթացքում նշվում էր նաև Թալիշը, ապա բռնությունների մասին նկարների հայտնվելուց հետո նրանք կտրականապես հերքում են, որ ադրբեջանցիները մտել են այդ գյուղ: Իսկ Մատաղիսը գրավելու լուրը հայտնեց այն ժամանակ, երբ արտասահմանցի լրագրողներ կային այնտեղ և լուսաբանում էին հայկական ուժերի գործողությունները:

Անգամ հայտարարում են, թե իբր ողջ գեներալիտետն է ոչնչացվել. «Նման լուրերի միջոցով փորձում են էյֆորիայի վիճակը պահել: Բնակչության զգալի մասը ապրում է այլընտրանքային աշխարհում: Ֆաշիստական քարոզչությունը շարունակվում է: Այնտեղ ցույցեր են իրականացվում պատերազմի օգտին: Ցիվիլ աշխարհում դժվար մի տեղ գտնեք, որ պատերազմ են պահանջում: Ակնհայտ երևում , որ պետական մոտեցումն է այդպիսին»,-նշեց մասնագետը:

Ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է: Իսկ այն լրագրողները, որոնք կարող էին ճշմարտությունը ասել, այս իրադարձություններից 3 օր առաջ են դուրս եկել բանտից. «Այս պահին, այն մարդիկ, ովքեր կարող էին գիտակցության կրող լինեին, իրենք գերադասում են լռել: Սա իշխանության խնդիր չէ, ուղղակի նրանք չեն ուզում թիրախավորվեն հասարակության մեծամասնության կողմից: Համացանցում այլընտրանքային կարծիք գտնել հնարավոր չէ: Նրանք ինքնագրաքննվում են»:

Ինչ վերաբերում է հայկական կողմում առկա մթնոլորտի և կիրառվող գործիքներին, մասնագետը նշեց, որ դժվար է հակազդել էյֆորիայի այս վիճակին. «Մեզ մոտ փոխվում են տրամադրությունները: Ըստ էության՝ հետպատերազմյան վիճակում ենք գտնվում: Մի հստակ միտում եմ նկատել. սոցցանցերում երևում է, որ ավելացել է հանրության անվստահությունը դեպի դաշնակիցները՝ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի նկատմամբ: Փաստացի երևում է որ ՌԴ-ն բավականի անհասկանալի դիրք է գրավել: Շատերը տեսնում են, որ ՀԱՊԿ այլ երկրները կամ չեզոք ելույթներ են ունենում կամ փորձում են հօգուտ Ադրբեջանի դիվանագիտական հայտարարություններ անել: Հանրության հետաքրքրությունը գնում է դեպի դիվանագիտական ոլորտ: Ռազմական ոլորտում քիչ թե շատ հասկանալի է: Բանակը այլևս հարց լուծող չէ: Ուշադրությունը հիմա դիվանագիտության ուղղությամբ է»:

Սոցցանցերում ակտիվ քարոզչական պայքար է ընթանում. «հայերն իրենց քարոզչությունն են բրդում այնտեղ, այստեղ՝ ադրբեջանցիները»: Դաշտում ամենատարածված բանը կեղծ նյութերն են: Սիրիական պատերազմը և Դոնբասի պատերազմը ներկայացվում է որպես այս պատերազմ: Երկու կողմից էլ սխալ բաներ կան: Դոնեցկում զոհված չեչենների դիակներն են ամենից շատ օգտագործվում:

Փորձագետները հիմնականում համազգեստով և լեզվի առոգանությամբ են որոշում տեսանյութերի իսկությունը:

«Չճշտված ինֆորմացիան շատ է: Միջին քաղաքացին դա չի կարող տարբերել, ինչը բնական է: Սակայն մի բան պետք է հիշել: Բուն մարտերից տեսանյութ չի նկարահանվել: Ապրիլի երկուսից տեսանյութեր չկան: 99 տոկոսով նման բան չի կարող լինե: Այսօրվա դրությամբ ճշտված տեսանյութ չկա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: