Անվադողերի հավաք սահմանի համար. նախաձեռնությունը նոր թափ է հավաքում
«Մեր ազգը ցույց տվեց, որ մեկ մարդու նման կարող է համախմբվել, երբ պետք է: Դա շատ ոգևորող է»,- ասում է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:
Նա պատմում է, որ պատերազմական օրերին մտածում էին, թե ինչպես կարող են օգտակար լինել հայոց բանակին. «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը և այլ կազմակերպություններ իրականացնում էին առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաք, ուստի իրենք էլ որոշեցին այլ կերպ աջակցել բանակին: «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն և «Գլոբբինգ» ընկերությունը նախաձեռնեցին հնամաշ անվադողերի հավաք:
«Իմանալով, որ անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները`թույլ չտալով, որ անդրադառնան ու վնաս պատճառեն, որոշեցինք հնամաշ անվադողերի հավաք կազմակերպել Երևան, Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում»,- ասում է Հայրապետյանը: Նշում է, որ ակնկալում էին միջոցառման մի քանի օրերի
ընթացքում հավաքել մի քանի հարյուր, լավագույն դեպքում 1000-2000 անվադող: Սակայն արձագանքը սպասվածից շատ ավելի մեծ է լինում:
«Մեկ քաղաքում մեկ օրվա ընթացքում ավելի շատ էր հավաքվում, քան մենք ակնկալում էինք հավաքել բոլոր քաղաքներից նախաձեռնության արդյունքում»,- ասում է Հայրապետյանը: Արդյունքում Գյումրիից հավաքվել է շուրջ 10 հազար անվադող, Վանաձորից`8 հազար և դեռ գործընթացը շարունակվում է: Նախաձեռնությանն են միացել մարդիկ, որոնք յուրաքանչյուր քաղաքում համակարգում են գործընթացը, ոմանք հավաքակայանի համար տարածք են տրամադրել, ոմանք տեղափոխման համար իրենց մեքենան են առաջարկում: Հայրապետյանն ասում է, որ հանրապետության մյուս բնակավայրերից էլ միանալ ցանկացողները շատ են, ուստի որոշել են յուրաքանչյուր բնակավայրում գործընթացը համակարգողներ ու հավաքակայան գտնել, որպեսզի հնամաշ անվադողերը հավաքվեն, ապա ՊՆ-ին տեղեկացվի, որպեսզի նրանք անվադողերը տեղափոխեն անհրաժեշտ վայրերը: Ասում է, որ ստեղծված իրավիճակում սահմանի համար անվադողերի հավաքը կշարունակվի այնքան, քանի դեռ պահանջարկ կա:
Հայրապետյանն ասում է, որ անգամ մարդիկ իրենց մեքենաների նոր անվադողերն են բերում`ցանկանալով օգնել բանակին: Նշում է, որ նոր անվադողերը ծակծկում են`վստահ լինելու, որ կծառայի բուն նպատակին: Սակայն նա նաև կոչ է անում քաղաքացիներին հանձնել միայն հնամաշ, իրենց ոչ պիտանի անվադողերը:
«Չենք ուզում որ բերեն անվադող, վաղը կամ մեկ ամսից գնան նորը գնեն, քանի որ իրենց պահուստայինը տվել էին: Հնամաշ անվադողեր շատ կան, կարող ենք պահանջը հնամաշ անվադողերով բավարարել, կարիք չկա, որ մարդիկ իրենց նոր անվադողերը տան»,- ասում է Հայրապետյանը`հավելելով, որ բանակին օգնելուց բացի նախաձեռնության արդյունքում բնակավայրերը մաքրվում են նաև կուտակված աղբից անվադողերի տեսքով: