Հայերեն   English   Русский  

​ՇԱՌԼ-ՄՈՐԻՍ ԹԱԼԵՅՐԱՆ


  
դիտումներ: 5245

«Ես ուզում եմ՝ դարերի ընթացքում շարունակեն վիճել այն մասին, թե ով եմ եղել, ինչի մասին եմ մտածել, ինչ եմ ցանկացել»:

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, «Սուրբ հոգի» շքանշանի, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և «Սև արծիվ» շքանշան, Բենեվենտի իշխան… Ահա նապոլեոնյան Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Շառլ-Մորիս Թալեյրանի տիտղոսների և պարգևների ոչ ամբողջական ցանկը: Բայց նա պատմության մեջ մնաց ոչ այդ տիտղոսներով ու պարգևներով, այլ խոր հետք թողեց որպես ճկուն դիվանագետ, դավադիր, խարդավանքների ու խարդախության մեծ մագիստրոս:

Շառլ-Մորիս դը Թալեյրան-Պերգփորը ծնվել է 1754 թ. փետրվարի 2-ին, ֆրանսիական հին ազնվական տոհմում: Տոհմ, որի կարգախոսն էր՝ «Չկա ուրիշ թագավոր, Աստծուց բացի»: Եվ Թալեյրանը ողջ կյանքն ապրեց ու գործեց այդ կարգախոսով:

Թալեյրանի ընտանիքը բազմանդամ էր: Պատանի տարիքում մահանում է նրա ավագ եղբայրը, և Շառլը դառնում է ընտանիքի ավագ երեխան: Սակայն նրան չէին սիրում թե՛ ծնողները, թե՛ եղբայրներն ու քույրերը: Անթաքույց ատելության պատճառը հայտնի չէ: Ոմանք կարծում են՝ պատճառը երեխայի բնածին արատն էր՝ կաղությունն ու տգեղությունը, սառը, ոչինչ չարտահայտող դեմքը: Համենայն դեպս փաստ է, որ հայրը դայակ էր վարձել որդու համար, որը ապագա դիվանագետին խնամում էր տնից հեռու:

15 տարեկանում հայրը Թալեյրանին ուղարկեց մենաստան, որպեսզի կրոնավոր դառնա: Պատանին համակերպվեց, որպեսզի վերջնականապես կտրվի և հեռանա տնից:

Թալեյրանն ավարտում է Փարիզի Սեն Սյուլպիս սեմինարիան, իսկ 1773 թ. Սորբոնում աստվածաբանության բակալավրի կոչում է ստանում: Նույն թվականին նա հոգևորական ձեռնադրվեց, ինչն իր բանը չէր, քանզի, ինչպես հետագայում խոստովանում էր, շատ էր սիրում կանանց և փողը, որ հոգևորականին վայել չէ: Նա նաև թղթախաղի թուլություն ուներ:

Ինչևէ, չնայած իր վատ համբավին (իրար հաջորդող սիրավեպեր և արտամուսնական կապից ծնված որդի)՝ 1788 թ. նա եպիսկոպոս նշանակվեց և հնարավորություն ստացավ երբեմն հայտնվելու Փարիզի արքունիքում: Նույն թվականին Թալեյրանը դարձավ Փարիզի «Ինը քույրերի օթյակ» մասոնական կազմակերպության անդամ:

Թալեյրանը զգում էր, որ հոգևորականի կարիերան իրենը չէ, և 1789 թ.՝ Ֆրանսիական հեղափոխության շեմին, լքելով իր աբբայությունը, հաստատվեց մայրաքաղաքում՝ ընտրվելով Գլխավոր շտատների պատգամավոր: Հուլիսի 12-ին Գլխավոր շտատները հռչակվեց որպես Ազգային ժողով, և սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Թալեյրանն ընդգրկվեց Ազգային ժողովի Սահմանադիր կոմիտեում և այլոց հետ մշակեց Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը: Կարծես իր ատելությունն արտահայտելով հոգևորականության և եկեղեցու նկատմամբ՝ 1789 թ. նա առաջ քաշեց և ընդունել տվեց եկեղեցու գույքի և հողերի ազգայնացման մասին օրինագիծը՝ դրանով սկսելով իր շռնդալից վերելքը քաղաքական ասպարեզում: Մեկ տարի անց նա ընտրվեց Ազգային ժողովի նախագահ՝ դառնալով հեղափոխության առաջնորդներից մեկը: Ի պատասխան Հռոմի պապը Թալեյրանին բանադրեց և հայտարարեց, որ Թալեյրանն է Ֆրանսիայի թիվ մեկ չարագործը:

1792 թվականին Թալեյրանը կատարեց իր առաջին դիվանագիտական առաքելությունը՝ կարողանալով ֆրանս-ավստրիական պատերազմում ապահովել Լոնդոնի չեզոքությունը: Դա ավելի մեծ համբավ բերեց նրան: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ: Ֆրանսիայում բարձրանում էր մահապատիժների ալիքը, և դիվանագետը հարկ համարեց մեկ տարով ապաստան որոնել թշնամի Անգլիայում: Թալեյրանին Անգլիայից էլ են արտաքսում, և նա հայտնվում է Ամերիկայում: Նա կարողացավ կարճ ժամանակում կարողություն կուտակել՝ զբաղվելով հողի առք ու վաճառքով: Ի դեպ, խորամանկ դիվանագետը բոլորից թաքցնում էր, որ հրաշալի տիրապետում է անգլերենին և այդ կերպ հաջող գործարքներ էր կնքում: Այնուհանդերձ 1795 թ. նա վերադարձավ հայրենիք: Իսկ երկու տարի անց Դիրեկտորիան նրան նշանակեց երկրի արտաքին գործերի նախարար: Գրեթե միաժամանակ Թալեյրանը մտերմացավ Նապոլեոնի հետ, և սկիզբ առավ նրանց համագործակցությունը, որի արդյունքը հեղաշրջումն ու Բոնապարտի կոնսուլությունն էր:

Հետաքրքիր հարաբերություններ էին ձևավորվել Նապոլեոնի և Թալեյրանի միջև: Կայսրը չէր վստահում նրան, միաժամանակ Թալեյրանն իր ձեռքում էր կենտրոնացրել արտաքին քաղաքականության բոլոր լծակները, և Նապոլեոնն առանց նրա չէր կարողանում վճիռներ և որոշումներ կայացնել:

Թալեյրանի և Նապոլեոնի հարաբերությունները սկզբում բարեկամական էին: Բայց երբ Նապոլեոնը, ամրապնդվելով իշխանության բարձունքում, քայլեր ձեռնարկեց Եվրոպայում հաստատելու իր մենիշխանությունը, առաջինը հենց Թալեյրանն ընդդիմացավ՝ Նապոլեոնի այդ ծրագիրն անվանելով ցնդաբանություն: Եվ նրանց հարաբերություններն աստիճանաբար սառեցին:

Առհասարակ Թալեյրանն աչքի էր ընկնում անսկզբունքայնությամբ և փոփոխական հայացքներով: Հանդես գալով որպես առաջադիմական՝ նա հարեց ֆրանսիական հեղափոխությանը: Սակայն Նապոլեոնի իշխանության գալուց հետո ռոյալիստական հայացքներ հանդես բերեց և նպաստեց Նապոլեոնի տապալմանն ու Բուրբոնների վերահաստատմանը ֆրանսիական գահին:

Նապոլեոնի և Թալեյրանի հարաբերություններն ավելի սրվեցին Ռուսաստանի հետ կապված բարդ հարցերում: Իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ Նապոլեոնը ցանկանում էր սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և ամեն ինչ անում էր ռուսաց Ալեքսանդր Ա կայսեր համակրանքը շահելու համար: Դրան դեմ էր արտգործնախարարը, թեպետ համոզված էր, որ դաշինքը Ռուսաստանի հետ բխում է Ֆրանսիայի շահերից: Նա պնդում էր, որ կայսրը դաշինք կապի Ավստրո-հունգարական կայսրության տիրակալ Հաբսբուրգների հետ: Այս առնչությամբ Նապոլեոնն անգամ կասկածեց Թալեյրանին դավադրության մեջ՝ կարծելով, որ նա իրեն փորձում է ներքաշել ռուս-ֆրանսիական պատերազմի մեջ, որպեսզի սանձահարի կայսեր միահեծան իշխանությունը:

Ի դեպ, ուսումնասիրողներից շատերն անգամ պնդում են, որ Թալեյրանը ֆինանսական մեծ օժանդակություն էր ստանում Ավստրիայից և կաշառված լինելով՝ բնավ չէր պաշտպանում Ֆրանսիայի մեծապետական շահերը: Նապոլեոնի ճակատագրական սխալն էր Ռուսաստանի հետ հարաբերությունները և բանակցությունները Թալեյրանին վստահելը, որը ջանք չխնայեց Եվրոպայի երկու հզորագույն տերությունները թշնամացնելու համար: Նա ռուսաց կայսեր մոտ բացեիբաց հանդես եկավ Նապոլեոնի դեմ՝ վիժեցնելով Ալեքսանդրա կայսրուհու և Նապոլեոնի հնարավոր ամուսնությունը: Դա պետական դավաճանություն էր:

Ի դեպ, Թալեյրանին հետագայում առատորեն վարձատրեց նաև ռուսական կաբինետը: Խոշոր գումարների դիմաց նա Ալեքսանդր Առաջինին տեղեկություններ էր հասցնում Նապոլեոնի ծրագրերի, ֆրանսիական ռազմակառքի մասին: Ռուսական արխիվներում նշված է, որ Թալեյրանը գաղտնի ծառայություններում գրանցված էր որպես Աննա Իվանովնա:

Փաստորեն, ֆրանսիացի մեծ դիվանագետն իր դիրքն ու հմտությունները ծառայեցնում էր ոչ թե իր երկրին, այլ անձնական բարեկեցությանը՝ բնականաբար մտածելով նաև Նապոլեոնի տապալման դեպքում սեփական կաշվի փրկության մասին:

Միայն մի հարցում էր Թալեյրանն անսասան ու սկզբունքային. նա ատում էր Անգլիան և անգլիացիներին, և շարունակ Նապոլեոնին դրդում էր անգլիացիներից խլել Հնդկաստանը: Եվ որքան էլ տարօրինակ է, դա ցանկանում էր անել ծովային ճանապարհով: Տրաֆալգարի ճակատամարտից հետո, երբ Իսպանիայի ափերի մոտ Անգլիայի ծովակալ Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանս-իսպանական նավատորմը, Թալեյրանի հնդկական երազանքը հօդս ցնդեց:

Նապոլեոնի տապալումից հետո նա ջանք չխնայեց՝ պահպանելու Ֆրանսիայի ամբողջականությունը: Դիպուկ է ասված՝ Թալեյրանը դավաճանել է Ֆրանսիայի բոլոր ղեկավարներին, բայց ոչ Ֆրանսիային:

Ամեն դեպքում Թալեյրանը հանճարեղ դիվանագետ էր: Նա հատկապես փայլեց Վիեննայի վեհաժողովում: Նապոլեոնի տապալումից հետո՝ 1814 թ. սեպտեմբերին, Վիեննայում նախադեպը չունեցող ներկայացուցչական կազմով վեհաժողով գումարվեց՝ որոշելու Եվրոպայի սահմանները: Բավական է նշել, որ վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխաններ: Վեհաժողովը տևեց մինչ 1815 թ. հունիսը: Թալեյրանը ճկուն մարտավարության շնորհիվ կարողացավ պահպանել հետնապոլեոնյան Ֆրանսիայի սահմանները 1799 թ. սահմանագծում: Նա հասավ այն բանին, որ դաշնակիցներն անգամ ռազմատուգանք չպահանջեցին Ֆրանսիայից:

Բնականաբար, Թալեյրանը Բուրբոնների արքունիքում էլ զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Սակայն 1817 թ. ազատվեց պաշտոնից՝ այն փոխարինելով հերցոգի համեստ կոչումով: Այնուհանդերձ 1830 թ. Թալեյրան դիվանագետը վերադարձավ: Նա նշանակվեց Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան և մի քանի տարի պաշտոնավարելուց հետո վերադարձավ Փարիզ:

Թալեյրանը մահացավ 1838 թ. մայիսի 17-ին: Նա կտակում գրել էր. «Ես ուզում եմ՝ դարերի ընթացքում շարունակեն վիճել այն մասին, թե ով եմ եղել, ինչի մասին եմ մտածել, ինչ եմ ցանկացել»:

Թալեյրանն իր կյանքն ու գործը բնորոշող բանաձևեր է ավանդել մարդկությանը.

- Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:

- Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:

- Սուտն այնքան հիանալի բան է, որ չարժե այն անտեղի օգտագործել:

- Ամենատխուր բաժանումն իշխանությունից բաժանվելն է:

- Հանցագործությունը սխալ չէ, բայց սխալվելը հանցագործություն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: