Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ է հրավիրել
Ապրիլի 21-ին Արաբական պետությունների լիգան մշտական անդամ երկրների ներկայացուցիչների մակարդակով արտահերթ նիստ է գումարել` քննարկելու հանար Գոլանի բարձրունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն Գոլանի բարձրունքները, որպես Սիրիայի տարածք ճանաչելու, Իսրայելական բնակավայրերի շինարարական աշխատանքները դադարեցնելու և պատմական անարդարությունը շտկելու ուղղությամբ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել. «Գոլանը վաղ անցյալում Իսրայելի տարածքի անքակտելի մասն է եղել, ժամանակակից փուլում այն դարձյալ Իսրայել պետության անբաժանելի մասն է: 50 տարի անց ճիշտ ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Գոլանի ենթակայությունը Իսրայելի ինքնիշխանությանը»:
Հիշեցնենք, որ Գոլանի բարձրունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել միայն 1967թ.-ին` վեցօրյա պատերազմից հետո: 1973թ. արաբ-իսրայելական պատերազմում սիրիական ուժերը ազատագրել են դրա մի մասը, մյուս մասում հաստատվել են ՄԱԿ-ի խաղաղապահները: