Հայերեն   English   Русский  

Ցեղասպանության ճանաչումից պիտի անցնենք հատուցման խնդրին. պատմաբան


  
դիտումներ: 1161

Շատերն ասում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո հնարավոր չէ որևէ բան փոխել, մինչև այդ էր պետք հասցնել: Սակայն դա սխալ մոտեցում է: Կարծում եմ, որ 100-րդ տարելիցից հետո նոր փուլ է սկսվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը`ընդգծելով, որ ճանաչումից պիտի անցնենք հատուցման խնդրին:

Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչման հարցում մենք որոշակի առաջընթաց գրանցել ենք. շատ երկրներ են ճանաչել այն: Դեռևս 1965 թվականին մարդկության դեմ հանցագործությունը դատպարտել է Ուրուգվայը, ապա գործընթացին միացել են Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ի 47 նահանգ ճանաչել է Ցեղասպանությունը: Չափազանց կարևոր է, որ Ցեղասպանության փաստը նախորդ տարի ընդունեց նաև Ավստրիան, որովհետև այս հարցում նա ու Գերմանիան Թուրքիայի հիմնական մեղսակիցներն են»,- նշեց պատմաբանը:

Պատասխանելով Անկախի այն հարցին, թե հնարավոր է համարում Գերմանիայի կողմից ճանաչման հավանականությանը, Էդիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նախագահի 2015 թվականին կատարած ելույթը Մեծ Եղեռնի մասին արդեն իսկ մեծ քայլ է, սակայն հստակ կանխատեսել հետագա որոշումները հնարավոր չէ. «Շատ երկրներ այս հարցին մոտենում են՝ առաջին հերթին հաշվի առնելով իրենց շահերն ու խնդիրները: Նրանց համար գլխավորն այստեղ արդարության պահանջը չէ: Չնայած խոսում են եվրոպական արժեքներից, արդարությունից, հավասարությունից, բայց շատ դեպքերում, իրենց շահերից ելնելով, այլ քաղաքականություն են վարում»,- ասաց նա:

Ըստ նրա` Հայաստանն առաջին հերթին իր վրա պետք է հույսը դնի և սկսի զարգացնել մի շարք ճյուղեր, մասնավորապես , տնտեսությունն ու ռազմական արդյունաբերությունը. «Հատկապես վերջին դեպքերը ցույց տվեցին, որ դա անհրաժեշտություն է: Այստեղ մեծ պոտենցյալ կա ռազմաարդյունաբերությունը զարգացնելու համար: Բացի այդ, Հայաստանն այդպիսով կկարողանա բարձրացնել նաև իր հեղինակությունն աշխարհում»,- նշեց պարոն Մինասյանը:

Նրա համոզմամբ` Ադրբեջանն ու Թուրքիան մեկ քաղաքականության կրողն են, որը շարունակում են մինչև այժմ, ինչի մասին են վկայում ապրիլյան իրադարձությունների ժամանակ կատարված վայրագությունները` երեխայի և ծերերի սպանությունը, զինվորների և խաղաղ բնակիչների մարմինների խոշտանգումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: