Հայերեն   English   Русский  

Ամերիկացի զինծառայողի ապրումները` հայ թատրոնի բեմին. տեղի կունենա «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան


  
դիտումներ: 2207

Այսօր` հոկտեմբերի 2-ին, Տիկնիկային թատրոնում տեղի կունենա Պուլիցերյան մրցանակի արժանացած «Ջուրը` գդալ-գդալ» պիեսի պրեմիերան: Գործը կներկայացվի Հայֆեստի շրջանակներում:

Ներկայացման հայաստանյան պրեմիերայի առթիվ լրագրողների հետ հանդիպեցին պիեսի առաջին բեմադրության գլխավոր դերակատար Արմանդո Ռիեսկոն, Էլիոթ Ռուիզը, ով գլխավոր հերոսի նախատիպն է, բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Պիեսը ներկայացնում է Իրաքի պատերազմում վիրավորված վետերանի ապրած տրավման ու նրա պայքարը վերաինտեգրման ու կյանքի «բնականոն» հուն վերադառնալու ճանապարհին: Այն առաջ է քաշում հարցեր, որոնք Հայաստանում ընդհանուր առմամբ չեն արծարծվում և շեշտադրվում են հետպատերազմյան տրավմաների ու հաշմանդամության հետ կապված խնդիրները:

Ցոլակ Մլքե-Գալստյանի խոսքով` պիեսը բավականին արդիական է Հայաստանում և կարող է ինչ-որ չափով օգնել թե´ պատերազմն անցած մարդուն, թե´ նրա ընտանիքին և հարազատներին. «Պիեսը վեր է բարձրացնում 2 կարևոր հիմնախնդիր. հետպատերազմյան տրավմա ստացած մարդու դրությունը, երբ նա վերադառնում է սովորական կյանքին, վերադառնում է իր ընտանիքի և ընկերների մոտ, ինչպես նաև թմրանյութերի հարցը»,- նշեց նա:

Անկախի հարցին պատասխանելով` բեմադրիչը պատմեց, որ իրենց շատ են օգնել ամերիկացի գործընկերները: Մասնավորապես, Արմանդո Ռիեսկոն հանդիպել է ներկայացման մեջ ներգրավված բոլոր դերասաների հետ խոսել նրանց հետ և խորհուրդներ տվել:

Դեսպան Ջոն Հեֆերնը իր հերթին նշեց, որ այս պիեսը ամերիկյան մշակույթի լավագույն գործերից է. «Ես նկատ չունեմ, որ այն մատչելի է կամ զվարճալի: Առաջ են քաշվել շատ ծանր թեմաներ: Սա այն տրավմաների մասին է, որոնք մարդ ստանում է պատերազմի ընթացքում` ֆիզիկիական և հոգեբանական վնասվածքներ: Մյուս կողմից արծարծվում է թմրամիջոցների թեման, որը նույնպես մարդկության առջև կանգնած մեծագույն խնդիրներից է»:

Էլիոթ Ռուիզը Հայաստանում հանդիպել է Արցախյան պատերազմի ազատամարտիկների հետ: Ամերիկացի նախկին զինծառայայողը նշեց, որ իր համար անակնկալ էր այն հանգամանքը, որ վետերանների համար չկան հատուկ ծրագրեր. «Ինձ համար զարմանալի էր, որ նրանց հետ ոչ մի աշխատանք չի տարվում: Հուսով եմ, որ այն գաղափարները, որոնց մասին խոսեցինք, իրականություն կդառնան: Հայաստանում պետք է հստակեցվի ազատամարտիկների թիվը և նրանց յուրաքանչյուրի հետ աշխատանք պետք է տարվի: Նրանք, ովքեր իրենց առողջությունը նվիրել են իրենց հայրենիքին, պետք է անվճար բուժօգնություն ստանան: Այն պատանիները, ովքեր զինծառակյության են մեկնում 18-19 տարեկանում, պետք է կրթական ոլորտում արտոնություններ ունենան», - ասաց նա:

Պատասխանելով Անկախի հարցին` Ռիեկոն նշեց, որ իր համար բավականին պատասխանատու գործ էր նման դեր կատարել. «Նախապատրաստական աշխատանքների շրջանում ես ուսումնասիրություններ և վերլուծություններ եմ կատարել, հանդիպել այլ վետերանների հետ, զրուցել նրանց: Միայն այս ամենից հետո ես ծանոթացա Էլիոթի հետ: Ինձ շատ օգնեց նաև նրա զարմիկը, ով նաև պիեսի հեղինակն է»:

«Ջուրը` գդալ-գդալ» պիեսy հայաստանյան բեմում կներկայացվի 10 անգամ, ընդ որում՝ երկուսը Հայֆեստի շրջանակում: Վերջին ներկայացումը կլինի նոյեմբերի 24-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: