Հայերեն   English   Русский  

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»


  
դիտումներ: 2131

Ջոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:

Օր, որ անցնում է գրեթե սուսուփուս: Լավագույն դեպքում ադրբեջանահայության ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մամուլի ասուլիսով, որ հավակնում է Ադրբեջանի նախագահ դառնալ և իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը կայանալիք ընտրություններում: Մինչդեռ յուրաքանչյուր շահումյանցի քայլող ու դեռ չընթերցված պատմություն է:

Շահումյանը գտնվում էր ԼՂՀ-ի հյուսիսային մասում և համարվում պատմական Արցախի Գյուլիստան գավառ: 600 քկմ տարածք և 16 բնակավայր ունեցող շրջանը 1989 թ. մարդահամարի տվյալներով`ավելի քան 20 հազար բնակիչ ուներ, որից 17 հազարը` հայեր: Առանձնանում էր իր մշակութային օջախներով, խաչքարաշատ գերեզմաններով, ուներ հայկական և ռուսական դպրոց, ավերակ եկեղեցի, կենցաղային այլ հաստատություններ...

Եթե մենք լռության ենք մատնել ու հաշտվել այդ կորստի հետ, ապա 1939 թ. Շահումյանում ծնված Վիկա Զինավորի Հայրյանը համոզված է,որ օրերից մի օր հրաշք կկատարվի և ինքն իր ծննդավայր կվերադառնա ու կփարվի որդու շիրիմին: Հինգ զավակ` 1 տղա 4 դուստր ունեցող մայրը հավատացած է, որ եթե ինքը չտեսնի այդ օրը, ապա իր փոխարեն դա կանեն դուստրերը: Աններելի է,որ իրենք եկան, իսկ միակ որդու շիրիմը թողեցին Շահումյանում:

1992 թ. հունվարի 1-ին Վիկա մայրիկը պիտի տոներ ազատամարտիկ Արսեն որդու ծննդյան 24-ամյակը: Երբ 1991 թ. դեկտեմբերի 26-ին Արսենը, հերթափոխը հանձնելով, դիրքերից տուն վերադարձավ, որպեսզի մի փոքր հանգստանա ու ծննդյան օրը նշի, մայրը հետաքրքրվեց. «Արսեն, Երևանից փոխարինող ջոկատ եկա՞վ»: «Չէ մամա, չեկան, Բուզլուխի ջոկատն է պոստը պահում, իրենք էլ վախկոտ են, բայց ոչինչ, մի երկու օր կդիմանան, հունվարի 2-ին կգնամ»,- մորը հանգստացնում է որդին:

Ու մինչ մայրը որդու ծնունդը նշելու վերջին մանր-մունր գործերն էր անում, կարճատև հանգստի եկած որդին հասցրեց նաև Թալիշում լինել, որտեղից զանգահարել և օգնություն էին խնդրել: Բայց շուտ վերադարձավ, թեև ծնունդն այնտեղ նշելու բազմաթիվ առաջարկներ ստացավ: Տիկին Վիկան նկուղում էր, երբ վերևից ձայներ լսելով` անմիջապես տուն բարձրացավ ու դռան մեջ ավտոմատը գրկած որդուն տեսավ: «Արսեն, ո՞ւր»,- տեսարանից անակնկալի եկած` հարցրեց մայրը: «Մամա, կես ժամից տանը կլիեմ, դու սեղանը գցիր»,- պատասխանեց որդին ու նետի պես սլացավ, որովհետև իրադրությունը Ջամբազի դիրքերում կտրուկ սրվել էր:

զոհված ազատամարտիկ

1991 թ. դեկտեմբերի 31-ի օրն արդեն իրիկնանում էր: Պայթյուններն ու դղրդյունները, որ բնակչության հոգին արդեն հանել էին, այդ օրվա իրիկնամուտից ավելի ուժգնացան: Այնպես որ դեկտեմբերի 31-ի իրիկունը ահավոր ծանր օր էր ոչ միայն տիկին Վիկայի համար, որ սրտատրոփ որդուն էր սպասում, այլև բոլոր շահումյանցիների, որոնք, բան ու գործ թողած, պաշարել էին հիվանդանոցը: Վիրավոր է, որ բերում էին: Վիկա մոր սիրտն անչափ անհանգիստ էր: Հերթական արկը հիվանդանոցի մուտքին ընկավ` ցրելով հավաքվածներին:

ԶՈՀՎԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կես ժամով տնից դուրս եկած Արսենն այդպես էլ չվերադարձավ, որովհետև իր ծննդյան օրը զոհվեց Ջամբազի մարտական գործողություններում: Մեկ շաբաթ մոր աչքը որդու ճամփին էր, թե ուր որ է կգա: Ամեն աստծո առավոտ մայրը որդու համար ուտելիք է պատրաստում, տաք հագուստներ դնում: Հայրը լուռումունջ տանում է, նրա ձեռքից ընկերները վերցնում են` ոչինչ չասելով: Բայց որդու մեկշաբաթյա լռությունն անչափ տարօրինակ էր մոր համար, քանզի, երբ նա մարտից դուրս էր գալիս, առաջինը մորն էր զանգահարում: Մի անգամ էլ մորը խոստովանել էր. «Երբ ասեն, որ Արսենը գերի է ընկել, չհավատաս, մայր, կնշանակի, որ ես այլևս չկամ, որովհետև Արսենը գերի ընկնող չէ: Ավելի շուտ ինձ կսպանեմ, քան գերի կընկնեմ»:

Գերի չընկավ, բայց նրա անկենդան մարմինը մի շաբաթ մնաց Ջամբազի դիրքերում: Այդ բարձունքի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ էլ ընկան Արսենն ու տիկին Վիկայի քեռորդի Աշոտը: Վեց օր շարունակ մայրն Աստծուն աղաչանք ու պաղատանք արեց, որ գոնե որդու դին բերեն ու իրեն տան: Մոր աղաչանքը տեղ հասավ. տարածքն ազատագրեցին, և որդուն էլ հավուր պատշաճի հուղարկավորեցին շրջկենտրոնի պատերազմի զոհերի հուշակոթողում:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին շահումյանցին բռնեց գաղթի ճամփան, Վիկա մայրիկը Երևանում էր: Որդու քառասունքը նոր էր լրացել, երբ 15-ամյա դուստրը ականի պայթյունից ծանր վիրավորվեց: Երկար ու տևական բուժում անցավ Երևանի հիվանդանոցներից մեկում: Ուրիշ էլ ով, եթե ոչ մայրը պիտի խնամեր դստերը: Երբ Շուշին ազատագրեցին ու բոլոր հիվանդներն ու բժիշկները ցնծության մեջ էին, տիկին Վիկայի հոգին խռովված էր: «Տիկին Վիկա, ինչո՞ւ չես ուրախանում»,- հարցնում է բժիշկ Արտավազդ Բագրատիչը: «Ի՞նչ ուրախանամ, երբ շուտով Շահումյանն ենք կորցնելու: Սիրտս ու բանականությունս է դա վկայում, որովհետև երբ Գետաշենը չկա, մենք միշտ փշից կախված ենք»,- ահա այդպես մարգարեաբար պատասխանում է տիկին Վիկան: Բայց որ ընդմիշտ կթողնեն, անպատկերացնելի էր:

Ուստի ամեն ինչ, այդ թվում նաև որդու իրերը, լուսանկարները հիշողությունների հետ միասին մնացին Շահումյանում, որովհետև աղջկա ապաքինվելուց հետո դեռ Շահումյան պիտի վերադառնար: Միակ սուրբ մասունքը, որ միշտ իր հետ էր, որդու անձնագրի լուսանկարն էր` արված 14 տարեկանում: Դատարկաձեռն մնաց նաև 80-ամյա սկեսուրը, որ այդ չարաբաստիկ օրը վաղ առավոտյան կովն արոտավայր էր տարել, ու երբ տուն էր վերադարձել, հարևանը զգուշացրել էր, թե Շուշիկ տատի, էլ տուն մի մտիր... Տարեց կինն էլ այդպես լռելյայն հեռացել է իր դարավոր օջախից: Տրակտորով նրան Գյուլիստան են ճամփել, այնտեղ էլ պատահմամբ հանդիպել է Ալինա դստերը ու նրա օգնությամբ դուրս եկել այդ փախեփախից:

«ՓՐԿԻՉ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ»

Քիչ չեն եղել նաև գաղթի ճամփեքին մնացածները, ինչպես, օրինակ` Վելյան Մուրադը, որ գերադասել է իրեն սարից ցած նետել, քան հեռանալ իր ոստանից: Շատ տարեցներ էլ Նապատում են մնացել: Այդ պատմությունները դաժան են ու սրտաճմլիկ: Իսկ երբ Նապատը ռմբակոծության թիրախ դարձավ, շատերը ցաքուցրիվ եղան:

Չեմ ուզում հավատալ, բայց բերնեբերան փոխանցված մի պատմություն կա, որը տիկին Վիկային է պատմել Գաբուլյան Քրիստափորը, որի աղջիկն ու տղան վերահաս նախճիրից հրաշքով են փրկվել: Նրանք ականատես են եղել, թե ինչպես հայերեն խոսող մի խումբ «ֆիդայիներ» իրենց շուրջն են հավաքել մի խումբ մոլորյալ հայերի, այդ թվում իրենց, ու հարմար առիթի սպասել: «Իսկ երբ տեքրակնոջս քույրն ու եղբայրը որոշել են շարունակել իրենց ճանապարհը, «ֆիդայիներից» մեկը բղավել է, թե քույրիկ, ինչո՞ւ եք գնում, վերադարձեք, հիմա ուղղաթիռը կգա ու ձեզ կտանի: Ի՞նչ ուղղաթիռ, երբ քիչ անց ուժգին կրակոցներ են լսվում»,- պատմում է տկն. Վիկան` հավելելով, որ այդ չակերտավոր ֆիդայիները Հայաստանից հեռացած հայախոս ադրբեջանցիներ էին:

Մինչ օրս տիկին Վիկան չի ըմբռնել քրոջ այն քայլը, երբ հոգնած մի եկեղեցում նստած են եղել, քույրը, «Թմկաբերդի առումն» արտասանելով, իր տան բանալիները ջուրն է գցել: Ինչո՞ւ, երբ շատերը հավատացած էին, որ այդ ամենը ժամանակավոր է, մի քանի օր անտառներում կմնան ու կրկին տուն կվերադառնան, չէ՞ որ դա առաջին անգամ չէր: Հակառակ դեպքում գոնե տան բանալիները որպես հուշ կունենար: «Շահումյանի կյանքն ու ապրուստը որևէ տեղ էլ երբեք չեմ տեսնի, բայց ոչինչ չեմ ուզում, գիտեմ, որ տունուտեղ չկա, ոչինչ չկա, բայց միայն Շահումյանի դատարկ հողն ու իմ որդու շիրիմն եմ ուզում»,- իր խոսքն է ավարտում տիկին Վիկան` հիշեցնելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը երբեք մեր մեջքը չէր կոտրի: Թեև մի բանով էլ մեզ է օգնել` ասելով` դուրս եկեք, որ չկոտորվեք` մարդակերները, մարդասպանները գալիս են...

Ուրիշ ի՞նչ անեին, եթե պաշտպան չկար... Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: