Հայերեն   English   Русский  

Մարիինյան թատրոնի նվագախումբը ելույթ կունենա Պալմիրայում


  
դիտումներ: 614

Մարիինյան թատրոնի նվագախումբը մաեստրո Վալերի Գերգիևի գլխավորությամբ մայիսի 5-ին ելույթ կունենա սիրիական Պալմիրա քաղաքում: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Թատրոնի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ համերգը կկրի «Աղոթենք Պալմիրայի համար» անվանումը և տեղի կունենա Պալմիրայի պատմական թատրոնի տարածքում:

Հիշեցնենք, որ պատմական Պալմիրան գրոհայիններից ազատագրելուց հետո շաբաթներ շարունակ ռուս փորձագետներն ու սիրիացի սակրավորները ավելի քան 30 կմ երկարությամբվ 182 հա տարածք են ականազերծել: Վնասազերծվել է 3000-ից ավել ական և ինքնաշեն պայթուցիկ սարք: Մինչ այդ ականապատված քաղաք մտնելն արգելվում էր:

ամֆիթատրոն

Պալմիրայի ազատագրումից հետո միջազգային հանրությունը փորձում է վերականգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և ԻՊ գրոհայինների կողմից մասնակիորեն ավերված քաղաքը: Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ղեկավար Իրինա Բոկովայի հետ զրույցում նշել էր, որ Էրմիտաժում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգնման համար: Էրմիտաժն այն քիչ թանգարաններից է, որտեղ կա Պալմիրային նվիրված հատուկ ցուցասրահ, որի ցուցանուշները գտնվում են գերազանց վիճակում: Առաջիկայում Էրմիտաժում կցուցադրվի Պալմիրայի վիրտուալ մոդելը, այդ թվում նաև Հաղթական կամարն ու Բելի տաճարը:

Միխայիլ Պիատրովսկին փաստել է, որ Սանկտ Պետերբուրգի թագավորական պալատը Երկրորդ աշխարհամարտից հետո վերականգնվել է պահպանված լուսանկարների և այլ նյութերի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Պալմիրան ևս հնարավոր է վերակառուցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: