Հայերեն   English   Русский  

Հայ գիտնականները 200 մետրից քայլեր զգացող սենսոր են ստեղծել. այն կիրառելի է առաջնագծում


  
դիտումներ: 2628

Հայկական գիտա-նորարարական ընկերության մասնագետները պաշտպանության ոլորտում օգտագործվող այնպիսի սենսոր են ստեղծել, որը զգայունությամբ 10 անգամ գերազանցում է շուկայում գոյություն ունեցողները:

«Հողի տակ թաղված տարբեր սենսորներ որոշակի հեռավորությունից զգում են մարդու քայլը: Եթե շուկայում առկա սենսորները դա 20 մետրից են զգում, այս սենսորները զգում են 200 մետրից: Զգայունությամբ գերազանցում են, քանի որ նորագույն տեխնոլոգիայով են արտադրվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Փի էս Այ» ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գեւորգյանը:

«Փի էս Այ» ընկերությունը հիմնվել է 2008 թվականին, երբ գյուտի վրա միասին աշխատող մասնագետները որոշել են ունեցած տեխնոլոգիաները շուկա ներմուծել, առեւտրայնացնել: «Ընկերության հիմնադիրները գիտության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ էին: Որոշեցին ստեղծել ընկերությունը, որպեսզի, նախ՝ չկորչեին տեխնոլոգիաները, որոնք առեւտրայնացման ենթակա էին, եւ երկրորդ՝ ինքնաֆինանսավորում ապահովեին»,- ասաց Վարդան Գեւորգյանը:

Ընկերությունը նախ սեյսմիկ սենսորների ծրագիր է մշակել, բայց հետո հասկացել են, որ դրանք այնքան զգայուն են, որ կարող են գրանցել անգամ մարդու քայլերը: Արդյունքում որոշել են դրանք մասնագիտացնել պաշտպանության ոլորտում:

Այս սենսորները ներկայացվել են տարբեր միջազգային մրցույթներում, մրցել աշխարհի 2000 ընկերությունների արտադրանքների հետ ու հայտնվել առաջինների շարքում: «Փի էս Այ»-ի արտադրանքով հետաքրքրված են առաջատար ամերիկյան ընկերություններ:

«Ընկերություն է լինում, որ իրենց հետաքրքրության համար է ֆինանսավորում, որպեսզի հետագայում կարողանա մշակումների արդյունքներն ինքն էլ օգտագործել: Կազմակերպությունները, որոնց հետ հիմա աշխատում ենք, շահագրգռված են, որ սա զարգանա, վերջնական արտադրական ապրանք դառնա, համատեղ շուկա մտցնենք՝ եկամուտ ստանալու համար»,- ասաց Գեւորգյանը:

«Փի էս Այ»-ը սենսորային սարքերի նոր սերնդի գիտական ծրագիրն իրականացրել է հենց նման ընկերությունների ֆինանսավորմամբ, գումարի որոշ մասն էլ հատկացրել է կառավարությունը: 2013 թ. Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով «Փի էս Այ» ընկերությանը փոխանցվել է շուրջ 6 միլիոն դրամ, սակայն դրանից հետո համագործակցությունը չի շարունակվել:

«Մենք պաշտպանության նախարարության հետ համատեղ փորձարկումներ ենք արել, նրանք տեղյակ են եղել, որ լուրջ ֆինանսավորմամբ հնարավոր է արտադրանքն արդյունաբերական մակարդակի հասցնել: Այս սենսորները փորձարկվել են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Սահմանին, որտեղ աղմուկ չկա, դիվերսիոն խումբ մոտենալու դեպքում սարքը 200-250 մետրից կզգա, մի քանի կիլոմետր հեռավորությամբ էլ կգրանցի տանկերի եւ մեքենաների մոտենալը: Նախարարությունը հետաքրքրություն ցուցաբերեց, բայց ծրագիրն առաջ չգնաց: Չկան մեխանիզմները, որոնք ռազմարդյունաբերական ոլորտը կկապեին նորարական ընկերությունների հետ»,- նշեց «Փի էս Այ»-ի ծրագրերի ղեկավարը:

«Փի էս Այ»-ն արդեն երկու տեսակի սենսորների գիտական ծրագիր է իրականացրել, որոնք կարող են օգտագործվել բժշկության եւ պաշտպանության ոլորտներում: Իսկ հիմա փորձում են այնպիսի արտադրանք ստանալ, որը հնարավոր կլիներ շուկա ներմուծել:

«Ուզում ենք այդ սենսորները զարգացնել այնքան, որ մուտք գործենք շուկա: Հիմնականում աշխատում ենք արտասահմանյան գործընկերների հետ»,- ասաց Վարդան Գեւորգյանը՝ չբացառելով, որ եթե արտասահմանյան ֆինանսավորմամբ կարողանան մեծաքանակ արտադրություն հիմնել, Հայաստանը հնարավորություն կունենա այս սենսորները ինքնարժեքով ձեռք բերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: