Արցախի անկախության ճանաչման քննարկումը դամոկլյան սուր է Ադրբեջանի գլխին
«Տվյալ պարագայում կառավարության եզրակացությունն այն է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով` հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում` արտաքին գործոնները»,- գործադիրի նիստից հետո լրագրողներին ասաց կառավարության եզրակացությունը ներկայացնող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Կառավարության այս եզրակացությունն անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային հարթակներում ու ադրբեջանական հիսթերիայի առիթ դարձավ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը նշանակում է բանակցությունների և Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանը շեշտեց` բանակցությունների հայկական կողմերը միշտ պատրաստ են, իսկ Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի ոչ թե Արցախի անկախության ճանաչումը, այլ Ադրբեջանի ագրեսիան: Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը պնդում է` Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր շահերով, և այդ շահերից է բխում Արցախի ճանաչումը:
Քաղաքագիտական տեսակետների համաձայն, սակայն, ԼՂՀ անկախության ճանաչման գործոնը Հայաստանը կարող է միայն մի դեպքում օգտագործել, երբ տեսնի, որ բացարձակապես այլ տարբերակ չի մնում: Իսկ այդ դեպքում Հայաստանի օրինակին այլ հետևողներ էլ կլինեն:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագծի քննարկումն Արցախի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլ է, և լավ քաղաքական գործիք է Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան զսպելու համար:
«Ես կարծում եմ` պետք է ելնել այն գաղափարից, որ ուշ թե շուտ Արցախի անկախությունը ճանաչվելու է և ճանաչվելու է ոչ միայն Հայաստանի կողմից, այլև միջազգային հանրությունն է ճանաչելու: Սա պետք է հստակ գիտակցել: Բայց ժամկետների հետ կապված՝ ես իհարկե խորհուրդ չեմ տա շտապել: Դա Ադրբեջանին քաղաքականապես զսպելու գործիք է, որը, կարծում եմ, իր դրական ազդեցությունը կունենա: Ադրբեջանում հստակ կիմանան` այս պահից սկսած, եթե նրանք ևս մեկ նման սադրանքի գնան, ապա Արցախի անկախությունը միանգամից կճանաչվի Հայաստանի կողմից և Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր առիթներն ու թեմաներն այլևս սպառված կլինեն: Սա, կարծում եմ, այդ նպատակով է արվում: Այդ նախագիծը կարող է խորհրդարանում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի սպառնալիքը կա»,- նշեց քաղաքագետը:
Եվ իսկապես, եկել է ժամանակը, որ Հայաստանը մի քայլ անի՝ ապացուցելու աշխարհին և հենց նույն Ադրբեջանին, որ մենք միշտ ասել ենք` եթե սկսվի պատերազմ, Հայաստանը միանգամից կնախաձեռնի ճանաչման խնդիրը: Ու նաև կարևոր է, որ ԱԺ-ում էլ ծավալվեն համապատասխան քննարկումներ: Պատեհ ժամանակն է, որ ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը և ընթացակարգով ուղարկի նախագահականի աշախատակազմ, իսկ աշխատակազմը որոշումը կարող է առկախել և օգտագործել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Այսինքն` այս հարցը որպես դամոկլյան սուր, իսկ մեր դեպքում` որպես հաղթաթուղթ միշտ կլինի Արցախյան հարցի լուծման բանակցային գործընթացի «մթնոլորտում»: Բայց այս առումով պետք է գիտակցել` նոր փուլ է սկսվում:
«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի բերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ընդամենը տեղափոխելու է այլ փուլ: Փուլ, որտեղ Ադրբեջանն ինչ-որ իմաստով կստանա այն մոտեցումը, որի մասին ուզում էր լսել` բանակցային գործընթացի վերջ: Այս պայմաններում հարցն իրենց համար (Ադրբեջանի) լինելու է այն, թե ինչպես գործել: Որպես տարբերակ, կարող է սկսվել իրական պատերազմ: Կա՛մ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի կողմից, կա՛մ միացումը Հայաստանին Ադրբեջանի համար բացում է բացարձակապես այլ դուռ, երբ նրանք ասում էին` մենք փորձում էինք բանակցային գործընթացի շրջանակում հասնել արդյունքի՝ Հայաստանն իրականացրեց քաղաքականություն և ճանաչեց անկախությունը»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն էլ, անդրադառնալով այս հարցին, նշում է, որ հայկական կողմն արդեն երկար ժամանակ է՝ այս ճանաչման և չճանաչման հարցն օգտագործում է որպես ճնշման լծակ Ադրբեջանի վրա, որպես վերջին մի փամփուշտ:
«Եթե ունես մի փամփուշտ, ապա դա պահում ես վերջում օգտագործելու համար: Կարծում եմ՝ այս գործըթնացն ավելի երկար կտևի, չեմ կարծում, որ Կառավարությունը հավանություն տա և Աժ ուղարկի. այնտեղ միանգամից կքվեարկեն, կհաստատեն: Այս գործընթացը դեռ կերկարի: Բոլորը հասկանում են, որ բանակցային ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծում չունի, բայց միաժամանակ որևէ կողմ չի ուզում բանակցային գործընթացը խափանելու բուն մեղադրանքը իր վրա վերցնել: Թեև մենք հստակ կարող ենք մեղադրել Ադրբեջանին բազմաթիվ անգամ զինադադարը խախտելու համար»,- ասաց Պապյանը:
Եթե կառավարության եզրակացությունը միջազգային հանրությանն ուղղված մեսիջ էր, ապա նշենք, որ այս հարցի առումով արդեն պատասխան-մեսիջներ էլ հնչեցին. Կառավարության այս որոշմանն անմիջապես անդրադարձան թե՛ ԱՄՆ-ում պետքարտուղարության փոխխոսնակի մակարդակով, թե՛ Ռուսաստանում` արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մակարդակով:
Վերջինս, մասնավորապես, նշել է, որ Մոսկվան հուսով է՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին: «Մոսկվայի հետ դա չի քննարկվել: Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում»,- նշել է Պեսկովը:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ամբողջ միջազգային հանրության հետ միասին չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում:
Այնպես որ, ՀՀ արտգործնախարարությունը ստիպված եղավ հանդես գալ հաղորդագրությամբ և պարզաբանել, որ ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են, և կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը: Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր` նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին և այլն:
Ու եթե Արցախի անկախության ճանաչման նախագծին դրական եզրակացություն տալն ու այն ԱԺ ուղարկելը քաղաքական քայլ էր, որը, հասկանալի է, գոնե հիմա չի ընդունվի, ապա Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու իսկական ժամանակն է: Ի դեպ, դա նաև Սերժ Սարգսյանի հանձնարարականն է: Դա արդեն Հայաստանին լեգիտիմ հնարավորություն կտա ոչ միայն Արցախում պաշտոնապես և օրինական ճանապարհով ռազմական տեխնիկա, սպառազինություններ և զորք ունենալու, այլև Արցախի դեմ ոտնձգությունների դեպքում անմիջապես ու օպերատիվ արձագանքելու Հայաստանի սահմաններից: