Հայերեն   English   Русский  

​ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ


  
դիտումներ: 7097

Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ…

Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը:

1877-1878 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմն ավարտվեց Թուրքիայի լիակատար ջախջախմամբ: Ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը ռուսական դիվանագիտությունը կարողացավ ամրապնդել նաև 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում Թուրքիայի հետ կնքած հաշտությամբ, որով Ռուսական կայսրությունն ամրապնդվում էր ոչ միայն Բալկաններում, այլև շատ տարածքներ էր նվաճում Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում:

Ընդհանուր առմամբ՝ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը կարելի է բարենպաստ համարել հայության համար, քանզի պայմանագրով նախատեսված էր, որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում: Հայերը ստանում էին ներքին լայն իրավունքներ:

Իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէր եվրոպական հզոր պետություններին, և նրանք 1878 թվականի հունիսի 13-ից հուլիսի 13-ը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի նախաձեռնությամբ նոր վեհաժողով հրավիրեցին, որպեսզի ձևափոխեն տարածաշրջանի քարտեզը և ուժերի նոր հարաբերակցություն սահմանեն:

Բեռլինի վեհաժողովի նախաձեռնողները Ավստրո-Հունգարիան, Անգլիան և Գերմանիան էին: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր շահերը Արևելյան հարցի կապակցությամբ: Ռուսական ուժի ազդեցության մեծացումը Բալկաններում ձեռնտու չէր Վիեննայի կառավարությանը, քանզի Բալկանները գտնվում էին ավստրոհունգարական շահերի կիզակետում: Անգլիան մտահոգված էր Թուրքիայի թուլացմամբ և սևծովյան նեղուցների վրա Ռուսաստանի հսկողության փաստից, իր հերթին նոր ձևավորված գերմանական կայսրությունը աշխարհակալական հավակնություններ ուներ: Գերմանացիները հասկանալով, որ ծովերում չեն կարող մրցակցել Անգլիայի, Ֆրանսիայի, մյուս հզոր տերությունների հետ, իրենց ապագա ազդեցության ոլորտն էին համարում առաջին հերթին Թուրքիան և Արևելքը: Եվ Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան նոր պատերազմի սպառնալիքով ստիպեցին Ռուսական կայսրությանը նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հայությունը, որ ոգևորությամբ էր ընդունել Սան Ստեֆանոյի պայմանագիրը, կարծես սառը ցնցուղ ապրեց Բեռլինի վեհաժողովի հրավիրմամբ: Հայության ազգային շահերը ներկայացնելու համար Պոլսից Բեռլին մեկնեց Պոլսի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյանը: Հայկական պատվիրակության քարտուղարն էր Մինաս Չերազը, անդամներ` Ստեփան Փափազյանը և Խորեն Նար-Բեյը:

Ի դեպ, սուլթան Աբդուլ Համիդը փայլուն խաղ խաղաց այս խնդրում: Բանն այն է, որ Արևմտյան Հայաստանի բնակչությունն իր ազատության և իրավունքների պաշտպանության խնդիրները բացառապես կապում էր Ռուսաստանի հետ: Եվ սուլթանն անձամբ դրդեց Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանին, որպեսզի վերջինս պատվիրակություն կազմի և ուղարկի Բեռլին: Այդպիսով սուլթանը կարողացավ սեպ խրել արևմտահայության և Ռուսաստանի միջև, քանզի ռուսական կաբինետը խանդով մոտեցավ հայերի ինքնուրույն խնդրագրերին, և հենց ռուս դիվանագետների ջանքերով տապալվեցին հայկական նախագծերը: Իր հերթին, Պոլսի պատրիարքարանն ու հայոց պատվիրակությունը ակամա դարձան անգլո-թուրքական դիվանագիտական խաղի մի մասնիկը:

Բնականաբար, հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել վեհաժողովին: Այնուամենայնիվ, Մկրտիչ Խրիմյանը վեհաժողովի մասնակիցներին հանձնեց հուշագրեր, որոնցով ներկայացնում էր հայության շահերն ու պահանջները:

1. Հայկական գավառները պետք է համախմբվեն մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը կառավարվելու է քրիստոնյա կառավարչի (նախընտրելի է հայ) կողմից` հինգ տարի ժամկետով:

2. Նահանգապետն օժտված է լինելու գործադիր իշխանությամբ և կարող է պաշտոնանկ արվել միայն տերությունների համաձայնությամբ: Նրա նստավայր է նախատեսվում Էրզրումը:

3. Նահանգի հարկերից ստացվող եկամտի 20%-ը տրվելու է ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած 80%-ը պետք է հատկացվի տեղի լուսավորության, առողջապահության, ճանապարհաշինության և տնտեսության զարգացման կարիքներին:

4. Սահմանվելու է դավանանքի ազատություն, կազմվելու են քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքեր:

5. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվի քրիստոնյաների և մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը: Ոստիկանների թիվը պետք է հարաբերականորեն համապատասխանի մահմեդական և հայ բնակչության թվին:

6. Հայերենը թուրքերենի հետ հավասարաչափ գործածության մեջ է դրվելու վարչական ու դատական հիմնարկներում և դառնալու է պաշտոնական լեզու:

7. Քրդական և չերքեզական հրոսակախմբերը զինաթափվելու են, իսկ նրանց ասպատակությունների դեմ պայքարելու համար ստեղծվելու են տեղական ոստիկանական ուժեր` եվրոպացի սպայի հրամանատարության ներքո:

8. Նշված բարենորոգումները կյանքում կիրառելու և վերահսկելու պատասխանատվությունը դրվում է միջազգային հանձնախմբի վրա:

Սույնով, ինչպես տեսնում ենք, Խրիմյանի պատվիրակությունը ազգային անկախության, պետականության խնդիր չէր բարձրացնում Բեռլինի վեհաժողովում:

Սակայն այդ հուշագրերն էլ անտեսվեցին և քննարկման նյութ չդարձան: Եվ դա բնական էր: Հայկական պատվիրակությունը տվյալ դեպքում չէր կարող ներկայացնել հայության համահավաք շահերը: Հայերս ոչ միայն չունեինք ազգային պետականություն, այլև չկար գեթ մեկ համազգային կառույց, որ կարողանար իր վրա վերցնել հայության համահավաք շահերի պաշտպանությունը: Պոլսի պատրիարքությունը նման լիազորություն չուներ:

Ի դեպ, երբ Մկրտիչ Խրիմյանը վեհաժողովին ներկայացրեց Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի ինքնավարության մասին այս ծրագիրը, և երբ Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչը փորձեց այն ներկայացնել վեհաժողովում, հայոց խնդրագրի քննարկման վրա առաջին վետոն հենց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորչակովը դրեց: Եվ Գորչակովի պատճառաբանությունը իսկական ապտակ էր՝ հասցված հայությանը: Իր ելույթում ռուս դիվանագետն ընդգծում էր, որ հայությունն անկախություն չի ուզում, և այդ խնդրագիրը վեհաժողովի նպատակներից դուրս է:

Երկու շաբաթ անց Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին փորձում է բարձրացնել հայության խնդրագիրը, դարձյալ վետո է դնում Գորչակովին որպես ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար փոխարինած Պյոտր Շուվալովը:

Հայկական հարցի առնչությամբ Բեռլինի վեհաժողովն ընդունեց 61-րդ հոդվածը: Ռուսական դիվանագիտությունը, օգտագործելով հայկական հարցը, փորձեց ճնշում գործել Թուրքիայի և եվրոպական երկրների վրա՝ պնդելով, որ Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում սուլթանը բարենորոգումներ իրականացնի, ապա նոր միայն ռուսական զորքը հեռանա Հայաստանից: Դրան դեմ էին Անգլիան ու Թուրքիան: Ի վերջո, ռուսական կողմը ստիպված էր նահանջել: Ընդունված 61-րդ հոդվածը փաստում էր. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռնարկել է այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը»:

Հայկական բարենորոգումների վերաբերյալ հսկողությունը դրվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրո-Հունգարիայի, Իտալիայի կառավարությունների ուսերին: Սույնով եվրոպական տերությունները, օգտագործելով Հայկական հարցը, հնարավորություն էին ստանում միջամտելու Օսմանյան պետության ներքին գործերին: Ի դեպ, եթե Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածում օգտագործվում էր Հայաստան անվանումը որպես հայության հայրենիք, ապա Բեռլինի վեհաժողովում Հայաստանի փոխարեն գործածվում է «հայաբնակ տարածքներ» տերմինը:

Վեհաժողովի արդյունքում Բալկաններում ձևավորվեց նոր պետություն՝ Բուլղարիան: Սակայն Բուլղարիան լիակատար անկախություն չստացավ: Նրա ընտրված ղեկավար-իշխանը պետք է հաստատվեր Թուրքիայի սուլթանի կողմից: Լիակատար անկախություն ստացան Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան:

Արևելյան Ռումելիան ներքին ինքնավարություն էր ստանում, իսկ թուրքերը Ալբանիայի, Թրակիայի և Մակեդոնիայի վրա վերահաստատում էին իրենց իշխանությունը:

Ռուսաստանին էր անցնում Բեսարաբիայի հարավային հատվածը, իսկ Ավստրո-Հունգարիան գրավում էր Բոսնիան և Հերցեգովինան:

Ռուսաստանին էր միանում Կարսի հատվածը, Արդահանը և Բաթումը, իսկ Բայազետն ու Ալաշկերտը ռուսները պարտավորվում են վերադարձնել Թուրքիային:

Անգլիան իր հերթին դիվանագիտական աջակցության դիմաց Թուրքիայից կորզեց Կիպրոս կղզին:

Բեռլինի պայմանագիրը ուժի մեջ մնաց մինչ 1912 թվականի Բալկանյան պատերազմը:

Հայությունն արագ հետևություն արեց Բեռլինի վեհաժողովից: Թե՛ Գրիգոր Օտյանը, թե՛ Գարեգին Սրվանձտյանը վեհաժողովից հետո զինված ապստամբության կոչեր էին անում՝ հայության քաղաքական կացությունը ձևակերպելով «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Բեռլինի մեջ կորոնենք զայն» բանաձևով:

Բեռլինի վեհաժողովի վերաբերյալ դիպուկ էր Մկրտիչ Խրիմյանի բնորոշումը. «Որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար պետք է ներկայանալ վեհաժողովին ոչ թե խոնարհ աղերսանքով, այլ Չեռնոգորիայի ներկայացուցչի պես սրին կռթնած»:

Հետագայում Կոստանդնուպոլսում Խրիմյանը պատմում է, որ վեհաժողովի ավարտից հետո իրեն հրավիրում են պաշտոնական ճաշի: Սկզբից Խրիմյանը հրաժարվում է մասնակցել ճաշկերույթին, բայց դիվանագետների պնդմամբ մասնակցում է. «Բեռլինի մեջ հարիսա էին բաժանում բոլոր ազգերին: Ինձ ղրկեցին, որ հայերի մասը առնեմ, բերեմ: Վերցրի պուտուկն ու վազեցի: Բայց բոլորը երկաթե շերեփներով տարան իրենց բաժինը, ինձ շերեփի տեղ թուղթ տվին, այդ թղթի կտորը որքան էլ խրեցի հարիսայի մեջ, թղթի կտորը թուլացավ, լխկվեցավ, մեջն ընկավ, ես էլ պարապ թողի, ետ եկա: Մոռացա առաջուց մի քանի զեյթունցի տանել հետս, նրանք շերեփ ունեն, կարող էին ամանի տակը քերելով մի բան թռցնել»:

Ցավոք, հայությունն անհրաժեշտ դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի արդյունքը հայոց ցեղասպանությունը եղավ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: