Հայերեն   English   Русский  

Չինաստանը միջուկային հրթիռներով զինված սուզանավեր կտեղակայի Խաղաղ օվկիանոսում


  
դիտումներ: 812

Չինաստանի ռազմական ղեկավարությունը մտադիր է առաջին անգամ միջուկային հրթիռներով զինված սուզանավեր տեղակայել Խաղաղ օվկիանոսում` պատճառաբանելով, որ ԱՄՆ-ի նոր ռազմական տեխնիկան այնքան է ապակայունացրել Չինաստանի զսպիչ ուժերի ներկայիս դիրքերը, որ իրենց այլընտրանք չի մնում: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian լրատվականը:

Չինաստանը չի մեկնաբանել, թե հատկապես երբ է պատրաստվում օվկինոս ուղարկել առաջին սուզանավը, սակայն ընդգծել է, որ դա անխուսափելի է: Երկրի ռազմական ղեկավարությունը նշել է, որ Հս Կորեայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու ԱՄՆ-ի ծրագիրը, ինչպես նաև այնպիսի գերարագ հրթիռի ստեղծումը, որն ի վիճակի է արձակումից հետո մեկ ժամվա ընթացքում հասնել Չինաստան, հսկայական վտանգ են ներկայացնում իրենց ցամաքային կանխարգելիչ ուժերի համար:

Չինաստանն ավելի քան երեք տասնամյակ աշխատել է բալիստիկ հրթիռային սուզանավի ստեղծման ուղղությամբ, սակայն սուզանավի տեղակայումը հետաձգվել է տեխնիկական խնդիրների և քաղաքական գործոնների պատճառով:

Մինչ այժմ պաշտոնական Պեկինը զգուշավոր քաղաքականություն է իրականացրել` հայտարարելով, որ իրենք երբեք առաջինը չեն դիմի միջուկային զենքի կիրառման: Չինաստանում միջուկային մարտագլխիկները և հրթիռները պահվում են առանձին զինապահեստներում` ռազմական ղեկավարության խիստ վերահսկողության ներքո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: