Հայաստանում 7 երեխա մոր սպանության ականատես է եղել վերջին հինգ տարվա ընթացքում. նոր զեկույց
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը ներկայացրեց, թե այդ առումով ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ այդ թեմայով կազմվել է նոր զեկույց, որտեղ հաշվի է առնվել վերջին 5 տարում գրանցված դեպքերը:
Զեկույցում հաշվի են առնվել սեռով պայմանավորված բռնության դեպքերը: Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը նշեց, որ տվյալները թերի են, քանի որ երբեմն նման դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն կամ էլ պարզապես չեն գրանցվում:
Ըստ զեկույցի` վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 30 կին է սպանվել` ներկա, նախկին զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից:
Ամենից հաճախ բռնության են ենթարիկվում 20-40 տարեկան կանայք: Նրանցից 63 տոկոսը ապրում էին գյուղական միջավայրում` Արարատի և Արմավիրի մարզերում: Միջադեպերից 26-ը տեղի է ունեցել տանը, այսինքն` ոչ հանրային վայրում: Առնվազն 21-ը ապրում էին բռնարարի հետ, 4-ը փորձում էին խզել հարաբերությունները, 3-ը խզել էին հարաբերությունները: Այդ կանայք հիմնականում սպանվել են դանակահարության միջոցով:
«Կնասպանությունը ազդում է երեխաների ճակատագրի վրա: Բոլոր դեպքերում բռնարարը և զոհը առնվազն մեկ երեխա են միասին խնամել: 7 երեխա մոր սպանության ականատես են եղել: Նրանցից 3-ը հարձակման արդյունքում վնասվածքներ են ստացել: Կին սպանած հանցագործը միջին վիճակագրությամբ 9 տարի է ազատազրկվում: 30-ից միայն 4-ն են այս պահին դատապրտված: 16 դեպքերում դատավճիռ դեռևս չկա, թե և շատ ժամանակ է անցել»,- նշեց Անի Ճիլոզեանը:
«Հայաստանում սա առաջին փորձն է լուրջ կերպով հետազոտելու կնասպանության դեպքերը: Բուն ընտանեկան բռնությունների դեպքերը բացահայտումը և վերհանումը, հասարակության ամբողջ պատկերը բացակայում է այսօր: Համապարփակ չենք կարող ներկայացնել բոլոր դեպքերը, բայց ըստ մեր ուսումնասիրությունների, իրավիճակը Հայաստանում բավականին վատ է: Հասարակությունը փակ է, ինչ-որ տեղ ունի նաև լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք ազդում են ընտանիքների, հատկապես երեխաների և կանանց վրա»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:
Այս թեմայով վերջին հետազոտությունը կատարել է ԵԱՀԿ-ն 2010 թվականին, որի տվյալների համաձայն` ՀՀ-ում ամեն 5-րդ կինը ենթարկվում է բռնության: Այդ տվյալը դեռևս մնում է անփոփոխ, որովհետև դրանից հետո այլ հետազոտություն չի եղել ավելի լայն շրջանակով: Զառա Հովհաննիսյանը նկատեց, որ 6 տարվա ընթացքով պատկերը փոփոխվել է` հաշվի առնելով մի շարք հանգամանքեր. նախ` քաղաքացիական հասարակությունը ավելի ակտիվ է սկսել զբաղվել այդ հարցով և կանանց իրավունքների պաշտպանությամբ: Դեպքերը շատացան ոչ թե որովհետև իրավիճակը վատացավ, այլ դրանց լուսաբանումը մեծացավ:
Հասարակությունը մշակութային կարծատիպերի պատճառով ավելի ստորադաս է համարում կնոջը:
«Ըստ էության ` դա ունի իր մեջ իրավական թերացումներ: Ներառված դեպքերը լուրջ թերացումներ ունեին, մասնավորապես ոստիկանություն դիմած կնոջ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից: Շատ են դեպքերը, երբ կանայք սպանությունից առաջ դիմել են ոստիկանություն իրենց կյանքը պաշտպանելու խնդրանքով, սակայն բավարար աջակցություն չեն ստացել: Մենք նպատակ ունենք ցույց տալու, որ ընտանեկան բռնության դեպքերը միանգամից չեն ծագում. դա շարունակական պրոցես է, որի ընթացքում կինը պարբերաբար բռնությունների է ենթարկվում` բավարար պաշտանություն չստանալով թե՛ հասարակության կողմից, թե՛ իրավապահների կողմից»,- նշեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգողը: