Հայերեն   English   Русский  

​Ռուսական «փլավին» սպասելիս


  
դիտումներ: 1812

Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկում քննարկելու է անդամ պետությունների վճարումների մասնաբաժնի բաշխման հարցը` հաշվի առնելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը:

Ամենայն հավանականությամբ հենց այդ օրը կորոշվի նաև` կդառնա՞ Հայաստանը ԵՏՄ անդամ, թե ոչ: Ամեն դեպքում, ինչպես տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, պատրաստվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, և ստորագրման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին:

Շուրջ մեկուկես տարի է` անընդհատ քննարկվում է` վերջիվերջո Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի, թե ոչ, քանի որ մեր երկրի անդամակցությունն այդ կառույցին բազմիցս հետաձգվել է, բայց այժմ, համենայն դեպս դատելով պաշտոնական ակնարկներից, կարծես հստակ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում կազմակերպության հիմնադիրները դրական որոշում կկայացնեն:
Այս մասին սեպտեմբերի 30-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը. «Ռուսաստանում մեր հանդիպումների ընթացքում հասկացանք, որ նրանք էլ են ակնկալում ստորագրել այդ օրը: Ավելի շատ անորոշություն կա ստորագրումից հետո վավերացման վերաբերյալ: Այդ առումով ավելի հստակ ժամկետներ չեն նշվում, ակնկալվում է, որ 2015-ի հունվարից ՀՀ-ն կլինի ԵՏՄ անդամ»:
Ինչևէ, անդրադառնալով ԵՏՄ անդամ պետությունների վճարումների մասնաբաժինների հարցին` կապված Հայաստանի հնարավոր անդամակցության հետ, Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ ներկայումս վճարումները համապատասխանում են ներմուծման տուրքերին: Լիխաչովը հավելել է, որ մինչև 2015 թ. հուլիսի 1-ը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը, պետք է որոշում ընդունվի 2016 թվականից այդ վճարումները վերաբաշխելու մասին: «Եթե Հայաստանը միանա, ապա 2016 թվականից նա մոտավորապես 1 տոկոս կվճարի»,- ասել է Լիխաչովը:
Մարկ Հորթոնն ասում էր, որ այդ անդամակցությունից հետո կլինեն լուրջ, դրական փոփոխություններ. «Հայաստանը կստանա ՄՄ մաքսային միջոցների ընդհանուր պաշարի մեկ տոկոսն ու ավելին. այդպես է նախատեսվում: Այսինքն` բոլոր չորս երկրների կողմից վճարվող մաքսերի հանրագումարի մեկ տոկոսից ավելին: Եթե բոլոր պայմանները լինեն հավասար, նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի մեծ գումար կստանա, քան ներկայումս»:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում, ԵՏՄ ասելով, առաջին հերթին հասկացվում է Ռուսաստան, իսկ ԵՏՄ-ի շրջանակներում տնտեսական հարաբերությունները զուգորդվում են ռուսական շուկայի հետ, ապա ակնհայտ է, որ եթե անգամ մոռանանք քաղաքական ու աշխարհաքաղաքական բազմաթիվ հարցեր, Հայաստանն աշխարհի տնտեսական քարտեզի վրա որոշել է դիրքավորվել Ռուսաստանի կողքին: Իսկ այս դեպքում կարևոր է հասկանալ, թե ինչպիսի Ռուսաստանի կողքին ենք ծվարում ու ինչ սպասելիքներ կարելի է ունենալ դրանից:
Oրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ այդ միությանն անդամակցելը Հայաստանին տնտեսապես գրավիչ երկիր դառնալու հնարավորություն կտա, որտեղ ներդրողները կարող են արտադրություն կազմակերպել և այդ ապրանքները իրացնել Ռուսաստանի և ԵՏՄ անդամ պետությունների 170-միլիոնանոց շուկայում: Սաֆարյանի համոզմամբ` ներկայումս Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն էլ Հայաստանում հիանալի նախադրյալներ են ստեղծում որոշակի ապրանքներ ռուսական շուկա արտահանելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, Երևանում Հունաստանի նախագահի հետ մասնակցելով հայ-հունական գործարար համաժողովին, նշել է, որ ՀՀ ինտեգրումը ԵՏՄ-ին նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի հեշտ մտնել ԵՏՄ միասնական շուկա:
Բայց ՌԴ-ի վրա հենվելը կարող է ռիսկային լինել
Ուշագրավ է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի դիտարկումը, որ հայտարարեց, թե Հայաստանին դժվար ժամանակներ են սպասում, ինչը պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով` Ուկրաինայում տիրող իրավիճակով և Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներով: Նա ընդգծեց, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների ազդեցությունն արդեն նկատելի է Հայաստանի տնտեսության վրա, քանի որ հայաստանյան և ռուսաստանյան տնտեսությունները փոխկապակցված են: Ուստի մեզ համար կարևոր է ՌԴ տնտեսական վիճակը:
«Ռուսաստանի պարագայում կանխատեսվող նվազումները շատ մեծ են: Աշխարհը սպասում է, որ ՌԴ տնտեսական աճը կկազմի 0,2 տոկոս, իսկ պատժամիջոցների վնասը դեռ հաշվարկված չէ: Այս գորշ գնահատականը տարածվում է գալիք տարիների վրա ևս: ՌԴ տնտեսությունը չի աճելու, ՌԴ-ն ընկնում է մի ցիկլի մեջ, որտեղ զարգացում չի սպասվելու: Նավթի գների նվազումը ևս բացասաբար կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մեկ բարել նավթի գինն այնքան ցածր չի եղել, ինչքան այսօր»,- ասում է տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նշենք, որ վերջին շրջանում ռուսական ռուբլին անընդհատ արժեզրկվում է:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է, որ Հայաստանը չպետք է Ռուսաստանի նվազող տնտեսության վրա հենվի: «ՀՀ-ն պետք է նոր խոշոր պետություններով գործընկերներ ստեղծի, և իր անկախ պլատֆորմը չեզոք լինի, ապահովված և երաշխավորված: Կարևոր է, որ մենք տարածվենք մեր շրջանակներից: ԵՄ-ն մի բլոկ է, ԱՄՆ-ն` մեկ այլ, Ռուսաստանն ու ԱՊՀ-ն` մեկ այլ: Մենք այլ տարածաշրջաններում լավ չենք աշխատում»,- ասել է Գագիկ Մակարյանը:
Այս իրավիճակը, անշուշտ, բացասական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ առաջանում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալի կրճատման վտանգ: Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, օրինակ, այս օգոստոսին, նախորդ օգոստոսի հետ համեմատած, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան 9 տոկոսով:
Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար, և դրանց կրճատումը խիստ բացասական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա:
Ու ինչքան էլ իշխանություններն ու իշխանամետ վերլուծաբանները գերագնահատեն Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությամբ բացվող հեռանկարները, Համաշխարհային բանկը համենայն դեպս խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին տնտեսական աճ ապահովելու համար չսահմանափակվել Եվրասիական միությունով և հարաբերություններ զարգացնել նաև Եվրամիության հետ: Մանավանդ որ, ինչպես ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն է նշել, ԵՏՄ անդամակցությունից հետո ԱՄՀ-ն չի փոխի Հայաստանի հետ աշխատանքը և Հայաստանի հետ կպահպանի բարիդրացիական հարաբերություններ աշխարհաքաղաքական զարգացումների տարբեր շրջափուլերում: Իսկ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում հայտարարել է. «Հայաստանը պետք է լինի ավելի հավակնոտ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց և այդ միության հնարավորությունները լիովին օգտագործելուց հետո Հայաստանը պետք է հասկանա, թե ուրիշ ինչ հնարավորություններ կան խորացնելու և ընդլայնելու իր առևտրային հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, եթե անգամ նրանք ֆորմալ հարաբերությունների մեջ չեն Եվրասիական տնտեսական միության հետ: Լավ կլիներ արդյունավետ օգտագործել այս հնարավորությունը, ինչպես նաև այլ շուկաների ընձեռած հնարավորությունները` առանց պարփակվելու մի միության մեջ, և սա միջնաժամկետ հեռանկարում կորոշի Հայաստանի տնտեսության ընթացքը»:
Մնում է սպասել և հուսալ:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: