Ականջակալներով հեռախոսները նույնքան են շեղում վարորդի ուշադրությունը, որքան սովորականները
Սասեքսի համալսարանի գիտնականների կարծիքով հեռախոսով խոսելու ժամանակ վարորդը փորձում է պատկերացնել այն, ինչի մասին խոսում է: Այդ գործողությունն իրականացնում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ճանապարհին հետևելու համար:
Ուոսումնասիրությանը մասնակցել է 20 կին և 40 տղամարդ կամավորներ, որոնք մեքենա վարելիս վիդեո թեստ են անցել: Կամավորների մի խմբի վարելու ժամանակ ոչ մի շեղող գործոն չի եղել, մինչդեռ մյուսները վարելու ընթացքում բարձրախոսով տղամարդու ձայն են լսել:
Նրանք, ում ուշադրությունը շեղվել է կողմնակի ձայնով, մեկ վայրկյան ուշ են արձագանքել ճանապարհին տեղի ունեցող իրադարձություններին` ինչպիսիք են դիմացից եկող մեքենան, հետիոտնների անցումը կամ խաչմերուկի սխալ հատվածում կայանված տրանսպորտային միջոցը: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ զրուցակցի տված սովորական հարցը, (օրինակ` որտե՞ղ ես դրել այսինչ բանը) շեղում է վարորդի տեսողական ուշադրությունը ճանապարհից, քանի որ նա փորձում է պատկերացնել այն սենյակը, կամ տարածքը, որտեղ դրել է տվյալ իրը:
Գիտնականներն առաջարկում են պատահարներից խուսափելու նպատակով վարելու ընթացքում արգելել բոլոր տեսակի հեռախոսների օգտագործումը: