Հայերեն   English   Русский  

Թուրքիայի տարածքային ամբողջականությունը օրակարգային խնդիր է


  
դիտումներ: 1717

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե`«Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն», կարող է քաղաքական տրամաբանության մի քանի մեկնաբանություն հուշել տարածաշրջանային իրադարձությունների խորապատկերի վրա:

Նախ, իհարկե, դասական այն պարզ մոտեցումը, որ ՆԱՏՕ-ն զորակցում է իր անդամ պետություններին եւ հարկ եղած դեպքում զինվորական միջամտության կդիմի:

Սակայն, անկախ այս պարզունակ մոտեցումից, հայտարարությունում կա ուղերձային երկու կարեւոր հանգամանք:

Այսօր ՆԱՏՕ-ի գերխնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Յենս Ստոլտենբերգը այսպիսով ուզում է ասել, որ ռազմաքաղաքական սեղանի վրա այսօր քննարկման նյութ է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Իր հերթին, պահպանման անհրաժեշտության ընդգծումը մտածելու տեղիք է տալիս , որ վտանգը թակել է Թուրքիայի սահմանները: Դիպաշարին հետեւողն ավելի է համոզվում, որ տարածաշրջանային իրադարձություններին Անկարայի առնչվածության տարողությունը, ապահովական եւ ոչ թռիչքային գոտիների առաջադրումը հիմնովին կապված է Թուրքիայի սահմանների սասանելիության հավանականության բարձրացման հետ: Չմոռանանք, ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի առաջիկա 20 տարվա վերաբերյալ կանխատեսումները, ուր տեսանելի էր Թուքիայի այսօրվա տարածքի մասնատման գաղափարը: Անշուշտ հիմնական վտանգը կապված էր քրդական գործոնի հետ: Փաստորեն, Թուրքիայի առաջադրած ապահովության գոտին տարբեր տարածքների վրա ապրող քուրդ ազգաբնակչության միավորման արգելակումն է: Միջազգային մամուլի առավել հեղինակավոր ներկայացուցիչները թուրքական այս մղձավանջի մասին սեւով սպիտակի վրա շարունակում են գրել: Իսլամական պետության զինյալների նկատմամբ կիրառած քաղաքականությամբ, դրանց ճանապարհով քրդական վտանգը հեռացնելու հեռակառավարման իր վարքագծով Անկարան այսօր համարվում է առաջադրված խալիֆայության հիմնական կենտրոնը: Պարզ` Անկարան քրդերի դեմ կռվում է իսլամական պետության զինյալների ճանապարհով:

Թուրքական զորքի Սիրիա մուտքը հայտնաբար ռազմաքաղաքական առաջադրանք է Անկարայի համար: Շարժառիթ-մտահոգությունը միեւնույնն է այս դեպքում՝ քրդական վտանգի հեռացումը թուրքական սահմաններից: Կոբանիի շուրջ զարգացող զինվորական բախումները, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վրա ապրող ազգաբնակչային զտումներ հետապնդող շարժումները պարզապես այդ մասին են վկայում:

Այստեղից է, որ կարող է մեկնաբանվել ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարի հակիրճ հայտարարության երկրորդ մասը. «Կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն»:

Ուրեմն, շրջանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը քննարկվող առաջադրանք է: Պահի ճշտումն է, որ առկախ է դեռեվս. եթե ՆԱՏՕ-ն նկատի անվտանգությանն սպառնացող որեւէ գործողություն: Այնքան անորոշ է պահի ճշտման հիմնական պատճառը, որ կարելի է որեւե պահի ակնկալել ՆԱՏՕ-ի զորամիավորումների ներկայությունը: Իսլամական պետության կազմակերպած գործողություններն այդ միջամտության լավագույն ենթահողն են:

Բայց այստեղ ուղերձի բովանդակությունը չի ավարտվում: Հայտարարությանը ծանոթացողը կարող է տեսնել նաեւ Թուրքիային վերաբերող պատգամը: Եթե միջամտող կամ տեղակայվող պիտի լինի՝ այդ էլ ՆԱՏՕ-ի ուժերն են:

Ուրեմն, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը վտանգված է, իսկ թուրքական սահմաններից դուրս Անկարան զորք ուղարկելու հնարավորություն չունի. եթե պետք լինի, այդ հարցով ՆԱՏՕ-ն կզբաղի: Իհարկե նույն կարծիքը չեն կիսում Անկարայի ղեկավարները, ովքեր մտադիր են իրենց զորամիաւորումներով վերահսկողության տակ առնել հյուսիսային Սիրիան եւ արգելակել քրդական երազի իրականացումը, որը համապատասխանում է Թուրքիայի մասնատմանը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: