Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայ Երիտասարդների Միության կազմակերպած ճաշկերույթի ընթացքում


  
դիտումներ: 545

Գլենդել: Կիրակի օրը տեղի ունեցած Հայ Երիտասարդների Միության կողմից կազմակերպված ամենամյա ճաշկերույթ-պարահանդեսն ավարտվել է ողբերգությամբ: Երեկ գիշեր մոտավորապես ժամը 1:00-ին քարշակ մեքենան Սան Ֆերնանդո ճանապարհին բախվել է «Հոմենեթմեն Գլենդել Արարատ» կենտրոնի դիմաց կայանված մի շարք ավտոմեքենաների: Հենց այդ կենտրոնում էր տեղի ունենում Հայ Երիտասարդների Միության և «Մեր զինվորների հետ» ակցիայի անդամների համատեղ ճաշկերույթը: Քարշակ մեքենայի վարորդը հարվածել է նաև էլեկտրական սյանն ու ջրաբաշխիչ ծորակին, ինչի հետևանքով անջատվել է կենտրոնի էլեկտրականությունը և մեծ քանակությամբ ջուր լցվել շինության մեջ:

Ենթադրվում է, որ մեկ անձի մահացու վիրավորանք հասցնելուց հետո քարշակ մեքենայի վարորդը դիմել է փախուստի: Լոս Անջելեսի ոստիկանությունը դեռևս չի բացահայտել մահացածի ինքնությունը: Ոստիկանությունը «Արարատ» կենտրոնի շրջակայքը այժմ դիտարկում է որպես հանցանքի վայր՝ պահանջելով չեղարկել առաջիկա օրերին կենտրոնում կայանալիք միջոցառումները:

Թե՛ Հայ Երիտասարդների Միությունը և թե՛ «Հոմենեթմեն» կենտրոնն իրենց ցավակցություններն են հայտնել զոհի ընտանիքին: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն անձանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել ողբերգության ժամանակ:

Կիրակի օրը միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը իրենց կայանած ավտոմեքենաների մասին տեղեկատվություն կարող են ստանալ Հայ Երիտասարդների Միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: