Յունիսեֆ. Ֆրանսիայում թրաֆիքյորները շահագործում են փախստական երեխաներին
Զեկույցը, որը կազմվել է 6 ամիս տևած ուսումնասիրությունների և հարցազրույցների արդյուքնում, կհրապարակվի հինգշաբթի օրը: Այն լուրջ ահազանգ է այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ֆրանսիական ճամբարներում: Ըստ զեկույցի` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ենթարկվում են սեռական շահագործման: Նրանց նաև ստիպում են հանցագործություններ կատարել` խոստանալով օգնել Միացյալ Թագավորություն տեղափոխվելու հարցում: Ճամբարներում ապաստան գտած երեխաները պատմել են, որ իրենց ստիպում են գաղտնի բացել նավով փոխադրվող բեռնատարների դռները, որպեսզի մեծահասակներն անօրինական ճանապարհով անցնեն Անգլիա:
Անցյալ ամիս Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ֆրանսիայում գտնվող անչափահաս փախստականներին, որպեսզի վերջիններս կարողանան միավորվել Բրիտանիայում գտնվող իրենց ընտանիքների հետ: Ըստ վարչապետի`ընդունվող փախստականների թիվը պետք է համաձայնեցվի երկրի տեղական իշխանությունների հետ: Սակայն կառավարությունը հայտարարել է, որ մոտ 7 ամիս կարող է պահանջվել գործընթացը սկսելու համար:
Միայն Կալեի փախստականների ճամբարում գտնվող շուրջ 150 երեխաներ իրավունք ունեն գնալ Բրիտանիա, քանի որ նրանց ընտանիքներն այնտեղ են գտնվում: