Խամենեին սպառնում է այրել միջուկային համաձայնագրի փաստաթուղթը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է,որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն պատրաստ է կտրուկ քայլերի դիմել, եթե համաձայնագրի կողմերից մեկը խզի այն: Հայտնում է arabic.rt.com-ը:
«Մենք չենք խախտում միջուկային համաձայնագիրը, սակայն, եթե հակառակ կողմը խզի այն, ինչպես որ սպառնում է անել ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկը, ապա մենք մեր հերթին կայրենք այդ փաստաթուղթը»: Խամենեին հստակ չի նշել, թե որ թեկնածուի մասին է խոսքը. «Ես տարբերություն չեմ տեսնում դեմոկրատների և հանրապետականների միջև»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Իրանը դեռ սպառնալիք է տարածաշրջանային երկրների համար և պետք է մշտական վերահսկողության տակ լինի: ԱՄՆ նախագահի Հանրաապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից` կործանարար անվանելով Իրանի հետ միջուկային գործարքը։