Հայերեն   English   Русский  

​Բադինն ուԿոզբադինը նախապատրաստվում են վճռական գրոհի


  
դիտումներ: 2544

Կառավարությունը կամաց-կամաց անցնում է կաշի քերթելու գործողությունների: Ազգային ժողովում հունիսի 14-ից մեկնարկած արտահերթ քառօրյայի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ամենագլխավոր քննարկվող հարցը հարկային նոր օրենսգիրքն է: Այն բուռն քննարկումների, դժգոհության ու բազմաթիվ մտահոգությունների դուռ է բացել:

Փորձենք ներկայացնել այն դրույթները, որոնք դժգոհության ու մտահոգության առիթ են դարձել:

Նախ՝ ակցիզային հարկի դրույքաչափերը: Կառավարությունն առաջարկում է մինչև 2021 թվականը ամեն տարի բարձրացնել ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը: Դիզելային վառելիքի համար կառավարությունը նվազեցնում է ակցիզային հարկի դրույքաչափը` 35 հազար դրամից 13 հազար դրամի, իսկ բենզինի և սեղմված գազի համար ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում: Նախատեվում է նաև ՓՄՁ-ի համար իջեցնել ԱԱՀ-ով հարկման անցնելու համար նախատեսված տարեկան շրջանառության շեմը` այն 118 միլիոնից դարձնելով 40 միլիոն և այլն: Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ալկոհոլային խմիչքներից կբարձրանա միայն օղու ակցիզային հարկը, իսկ գինունն ու կոնյակինը չի բարձրանա: Ակցիզային հարկի բարձրացումն օղու մասով էլ վերաբերում է այն արտադրանքին, որը հատապտղային կամ պտղային հիմքով չէ: Նախատեսվում է որոշակի շեմից սկսած՝ ավելացնել նաև մարդկանց եկամտային հարկը, ինչը կարող է ստիպել, որ գործատուներն ամրապնդեն աշխատակիցների աշխատավարձերը ստվերում պահելու ավանդույթը:

Մի բան ակնհայտ է` նոր օրենսգրքով, եթե իհարկե այն ընդունվի, նախատեսվում է հարկային բեռի ավելացում: Դրա հետևանքով գնաճի նոր ալիք է սպասվում Հայաստանում, ինչը չի բացառում նաև ՊԵԿ փոխնախագահը:

Գործարարները պատրաստ են փողոց դուրս գալ

Մեր տնտեսության համար կարևորագույն այս օրենսգրքի նախագծի նկատմամբ լուրջ վերապահումներ ու մտահոգություններ են հայտնում հատկապես փոքր ու միջին բիզնեսի և նրանց շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչները:

ՓՄՁ ներկայացուցիչ, գործարար, «Կասեցում» շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանը նշում է, որ առաջին մտահոգությունը տարեկան շրջանառության այն շեմի իջեցումն է, որից հետո ՓՄՁ ներկայացուցիչները պետք է հարկվեն ԱԱՀ-ով:

«Աբսուրդի չափը պատկերացրեք: Նախատեսվում է, որ երբ հարկային ստուգում կատարվի ու հայտնաբերվի որևէ խախտում, անկախ նրանից՝ այդ խախտումը ճիշտ է արձանագրվել, թե ոչ, նշանակվում է տուգանք, և տնտեսվարողը պարտավոր է մուծել տուգանքը, եթե անգամ հայցով դիմել է դատարան ու բողոքարկում է իրեն տուգանելու որոշումը: Այսինքն` դատական հայցն անգամ չի սառեցնում տուգանքի մուծումը: Եթե օրինակ՝ մի որևէ ընկերության տուգանել են 5 միլիոն դրամի չափով, նա պետք է ստիպված մուծի այդ գումարը` դրա պատճառով կորցնելով իր մայր գումարը, ամեն ինչ: Մեկ տարի հետո եթե դատարանը պարզի էլ, որ տվյալ տնտեսվարողը ճիշտ էր, խախտում չէր կատարել, միևնույն է, արդեն բիզնեսը չկա»,- նշեց Գրիգորյանը` հավելելով, որ շատ մեծ արտոնություններ են տրված ստուգող մարմիններին, ՊԵԿ-ի աշխատակիցներին, ընդհուպ մինչև ինքնուրույն գույքը կալանքի տակ առնելը, նշանակված տուգանքը բռնագանձելը և այլն: Բացի այդ, Սամսոն Գրիգորյանի դիտարկմամբ, հարկային նոր օրենսգրքի նախագիծը շատ բարդ է, խճողված բազմաթիվ հղումներով, սովորական տնտեսվարողի համար անհասկանալի, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է:

ՓՄՁ մեկ այլ ներկայացուցիչ էլ` Հարություն Կարապետյանն ասում է, որ փոքր ու միջին բիզնեսի բոլոր ներկայացուցիչներն էլ պատրաստ են դուրս գալ փողոց ու պայքարել, բայց ինչքա՞ն կարելի է պայքարել: Նա նշում է, որ գործարարությունն օր- օրի նվազում է, ձեռներեցները արտագաղթում են, այլ երկրներ են տեղափոխում իրենց բիզնեսները, իսկ այս օրենսգրքի ընդունումից հետո գործարարների արտահոսքը միմիայն կահագնանա:

Դժգոհ են անգամ իշխանական պատգամավորները

Ընդդիմադիր պատգամավորները, հասկանալի է, դեմ են օրենսգրքի նախագծով նշված դրույթներին: Բայց ուշագրավ է, որ բազմաթիվ վտանգներ են մատնանշում նաև իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

ՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է այս նախագծին: «Սա դիվերսիա է ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթ: Ի՞նչ է նշանակում, թե 118 մլն շրջանառության հարկը ժամանակավոր էր, պետք է իջեցնենք: Ի՞նչ եղավ, որ պետք է իջեցնեք: Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանի ձեռքը: Գերի՞ են ընկել մարդիկ, որ 10 տարի բերաններս փակում ենք, ասում ենք` ամեն ինչ բանակի համար, որ պարզվի՝ բանակում ամեն ինչ բարվոք չի: Հարգելիներս, դուք էն մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերցնել ՀՀ տնտեսությունը: ՀՀ տնտեսությունը քվեարկում է ոտքով, գնում է երկրից: ՀՀ-ից հեռացել է գործ անողների լավագույն սերուցքը, որը գնացել և այլ երկրում է բարիքներ ստեղծում»,- հայտարարեց Գուրգեն Արսենյանը:

Ազատ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ խոստացավ` իրենց նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի անդամների զգալի մասը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ է, մարդկանց հանելու է փողոցներ, այս օրենսգիրքը պետք է տապալվի, իսկ ովքեր հակառակ կողմում լինեն, պետք է տապալվեն այդ օրենսգրքի հետ: «Ինչպես նախկինում ոստիկանությունում էին մարդկանց ծեծում, խոշտանգում ու ցուցմունք կորզում, հիմա կառավարությունն է նույն ձևով հարկային ծեծ տալիս քաղաքացիներին: Պլան եք կատարում` ջարդելով, ծեծելով, խոշտանգելով. ուրիշ տարբերակ չունեք»,- ասաց Մարուքյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ վստահ է, որ հարկային բեռի ավելացմամբ կառավարությունը փորձում է բյուջեի մուտքերն ավելացնել: «Վտանգավոր ենք համարում, որ այս օրենսգրքով Հայաստանում կրկին ներդրումների գրավիչ դաշտ չի ստեղծվում»,- նշեց նա:

Հետաքրքիր է, որ կառավարության ներկայացրած նախագծից դժգոհ է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ եթե հարկային օրենսգիրքը ընդունվի ԱԺ ներկայացված խմբագրությամբ, ապա աշխատավարձերը կարող են ստվեր գնալ: Հակոբյանի դիտարկմամբ` աղքատության շեմին մոտիկ 400 հազար մարդ արդեն կհայտնվի վտանգավոր գոտում:

«Ամենամեծ անհավասարությունը՝ 40 տոկոս գնային տարբերությամբ, սկսվում է սահմանի վրա, երբ մեկի համար նույն ապրանքի հսկիչ գինը կարող է դառնալ գին գումարած 20 տոկոս, մյուսի համար` գին հանած 20 տոկոս: Էնպես չի, որ մենք ոչինչ չգիտենք: Ուզում եք` քամեք, ուզում եք` մի քամեք, բայց փողը պիտի վերցնեք աշխատող մարդուց: Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն, պետք է լինի հավասարություն: Չաշխատող մարդը հարկ չի տալիս, բերեք աշխատողներին շատացնենք: Հիմնական նպատակը պետք է լինի աշխատողներին շատացնելը, մենք դա անո՞ւմ ենք այս օրենսգրքով, ոչ, որովհետև այն տրամաբանությունը, որ դուք դրել եք, չի աշխատելու: Ինչո՞ւ մենք մեր հարկատուին չենք հարգում, ցանկացած քայլին` այսքան տույժ, տուգանք, սա հարգելու ձև՞ է: Չի՞ լինի՝ հիմա էլ դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային»,- իր դժգոհություններն արտահայտեց իշխանական պատգամավորը:

Ակնհայտ է, որ հարկային այս նոր օրենսգքիրը հարվածում է բիզնեսին` մեծից փոքր: Իսկ եթե հաշվի առնենք, որ ԱԺ պատգամավորների շարքում բիզնեսմենների պակաս չի զգացվում, զարմանալի չէ, որ ՀՀԿ խմբակցության մեծ մասը դժգոհ է այս օրենսգրքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: