Հայերեն   English   Русский  

​Երբ է թոքերում ջուր հավաքվում


  
դիտումներ: 12626

Թոքերում ջուր հավաքվելը նշան է, որ ներքին օրգանների աշխատանքում խանգարում է առաջացել, որն անհապաղ բուժօգնություն է պահանջում: Եթե այդ օգնությունը ժամանակին չլինի, ապա հնարավոր է, որ լուրջ հետևանքներ լինեն: Հեղուկը թոքերում տարբեր պատճառներով կարող է հայտնվել: Ու թե որն է տվյալ դեպքում խնդրի առաջացման պատճառը, կարող է որոշել միայն որակավորված մասնագետ բժիշկը՝ հետազոտությունների հիման վրա:

Հաճախ հանդիպող պատճառներն են՝

- անոթների ամբողջականության կամ դրանց թափանցելիության խաթարում,

- շնչառական համակարգի բորբոքային հիվանդություններ,

-ինֆեկցիոն հիվանդությունները. պնևմոնիա, տուբերկուլյոզ,

-ասթմա,

-թոքերի քաղցկեղային հիվանդություններ,

-սրտի ծանր արատներ,

-գլխուղեղի վնասվածքներ կամ հիվանդություններ,

-սրտի կամ երիկամային անբավարարություն,

-ցիրոզ:

Թոքերում հեղուկի առկայության մասին կարող են հուշել՝

-թթվածնի հանկարծակի անբավարարության զգացումը,

-հաճախացած շնչառությունը, շնչարգելությունը, շնչահեղձությունը,

-կրծքավանդակի շրջանում ցավը, լորձով ու արյունով ուղեկցվող հազը,

-մաշկի գունատությունը,

-վերջույթների թմրությունը:

Դրանք վերացնելու համար որակյալ բուժում է հարկավոր, ինչն անմիջական կախում ունի այն հիվանդությունից, որի հետևանքը տվյալ խնդիրն է:

Բուժումը

Արդյունավետ բուժման համար հիվանդը պետք է լիարժեք հետազոտվի՝ հիմնված միայն անալիզների ուսումնասիրության վրա:

Սրտային անբավարարություն

Այս դեպքում թոքերից հեղուկը հեռացնելու համար բժիշկը միզամուղ է նշանակում սրտի աշխատանքը բարելավող միջոցների հետ զուգակցված: Նման բուժումը միտված է սրտամկանն ամրացնելուն և միաժամանակ հեղուկի ավելցուկն օրգանիզմից դուրս բերելուն: Արդյունքը լինում է սրտի աշխատանքի նորմալացումը և դժվարացած շնչառության ախտանշանների վերացումը:

Պնևմոնիա

Այս դեպքում նպատակահարմար են համարում հակաբիոտիկներով բուժումը, ինչպիսիք են` ամպիցիլինը, սպիրամիցինը ևն: Սկզբում դրանք նշանակվում են ներարկման համար, հետագայում պետք է անցնել հաբերի:

Բուժման մեկ այլ եղանակ է խորխաբերների ու հակավիրուսային միջոցների կիրառումը, որոնց օգնությամբ կարելի է ազատվել նաև թոքերի այտուցից ու դրանով իսկ խուսափել այդ հիվանդության անցանկալի հետևանքներից:

Պլևրիտ

Եթե թոքերում կուտակված հեղուկն այդ հիվանդության հետևանքն է, ապա այս դեպքում ևս համալիր բուժում է ակնկալվում: Քանի որ պլևրիտը տարբեր ծագում կարող է ունենալ, ուստի բուժումն էլ իրականացվում է ինչպես հակաբիոտիկներով, այնպես էլ հազի դեմ դեղամիջոցներով:

Սրտի ռիթմի փոփոխություն

Սրա հետևանքը լինում է արյան կանգը թոքերում և, հետևաբար, հեղուկի ավելցուկի գոյացումը: Տվյալ դեպքում ևս միզամուղներ են նշանակվում և սրտի ռիթմը կանոնավորող դեղորայք: Առիթմիայի պատճառը վերացնելուց հետո կանոնավորվում է շնչառական համակարգի աշխատանքը և թոքերում հեղուկի ծավալը:

Երիկամային անբավարարություն

Սա ևս թոքերում հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ: Երիկամների թույլ աշխատանքի հետևանքով, երբ միզարձակումը դժվարանում է, հեղուկը օրգանիզմում հավաքվում է ու հանգեցնում այտուցի: Բուժման նպատակով առաջին հերթին վերացվում է երիկամային անբավարարության պատճառը:

Լյարդի ցիրոզ

Ցիրոզը ևս կարող է ուղեկցվել թոքերում մեծ քանակով հեղուկի կանգով: Այս դեպքում ևս միզամուղներ են նշանակվում, հետևում են, որ սննդի մեջ նատրիումի քանակը նվազ լինի: Ժամանակին արված բուժումը կօգնի խուսափելու շատ ավելի բարդ եղանակից` լյարդի փոխպատվաստումից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: