Հայերեն   English   Русский  

Կրեմլ. Պուտինը հանձնարարել է վերականգնել Թուրքիայի հետ փոխշահավետ երկկողմ հարաբերությունները


  
դիտումներ: 452

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, ցավակցել է զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Երկու կողմն էլ նշել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիայի նախագահի ուղերձը նախապայմաններ է պարունակում երկկողմ հարաբերություններում ճգնաժամային էջը շրջելու եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համատեղ աշխատանքի վերսկսման գործընթացը սկսելու համար։ Այդ կոնտեքստում հույս է հայտնել, որ ռուս օդաչուին սպանած Թուրքիայի քաղաքացու դեմ սկսված դատական քննությունը օբյեկտիվ կլինի։

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Կառավարությանը կհանձնարարի բանակցություններ վարել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ առեւտրա–տնտեսական եւ այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ հարաբերությունների վերականգնման համար։ Նշվել է նաեւ, որ խոսքը ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելելու սահմանափակումները հանելու մասին է։ Ընդ որում, ցանկալի է, որ Թուրքիայի կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայի տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար։

Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների արտգործնախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում Սեւծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են մշակել հանդիպման անցկացման առաջիկա հեռանկարները»,– ասված է հայտարարության մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: