Հայերեն   English   Русский  

​Սահմանադրության օրն առանց տոնական տրամադրության և թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությամբ


  
դիտումներ: 2441

- Հուլիսի 5-ն ի՞նչ օր է, որ ոչ աշխատանքային է:

- Սահմանադրության օրն է:

- Սահմանադրությո՜ւն, սահմանադրությո՜ւն: Ի՞նչ է մեզ տվել էդ սահմանադրությունը: Եղած-չեղած մի հաշիվ է:

Սա հատված է իմ ու տատիկիս խոսակցությունից, որը տեղի ունեցավ Սահմանադրության օրվա նախօրեին: Տատիկիս խոսքերը առիթ տվեցին մտածելու՝ ինչպե՞ս կարող է մայր օրենքի լինել-չլինելը մի հաշիվ լինել:

Մեր 21-ամյա սահմանադրությունը հասցրել է երկու անգամ փոփոխվել: Իրավագետների ու իշխանության ներկայացուցիչների հավաստմամբ՝ սահմանադրությունն աստիճանաբար կատարելագործվում է: Ամեն փոփոխություն նախաձեռնելիս իշխանությունները կետ առ կետ ներկայացնում են երկրի կյանքում առկա խնդիրներն ու անօրինականությունները, վստահեցնում, որ նոր սահմանադրությունն այդ ախտերի դեմ պայքարի ավելի լավ գործիքներ է ապահովում: Բայց արի ու տես՝ հասարակ քաղաքացին իր վրա չի զգում կատարելագործված մայր օրենքի ազդեցությունը:

Պատճառը հասկանալու համար փորձենք կծիկի ծայրը գտնել: 1991-ին Հայաստանի երրորդ Հանրապետությունն անկախ հռչակվեց: Նորանկախ երկրում, սակայն, գործում էր խորհրդային Հայաստանի սահմանադրությունը, որն էլ ԽՍՀՄ-ի սահմանադրության հարմարեցված տարբերակն էր: Հասարակարգ և կառավարման մոդել փոխած երկրում նոր սահմանադրություն մշակելու անհրաժեշտություն առաջացավ: 1995-ին, խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, հանրաքվեի դրվեց նոր մշակված սահմանադրության նախագիծը: Ընդդիմությունը դեմ էր նոր սահմանադրությանը, քանի որ այն նախագահին չափից ավելի մեծ լիազորություններ էր տալիս: Դեմ էր նաև շարքային քաղաքացին, քանի որ իշխանություններից դժգոհությունն արդեն իսկ մեծ ծավալների էր հասել: Ընտրությունների մասնակից ականատեսները բազմաթիվ պատմություններ են պատմում, թե որ տեղամասում ինչպես են կեղծվել ընտրությունները. մի տեղում «այո» և «ոչ» քվեաթերթիկների տեղերը փոխվեցին, մի այլ տեղում «ոչ»-երի քվեաթերթիկները կրակը նետվեցին՝ փոխարինվելով նոր քվեաթերթիկներով և այլն: Փաստորեն հանրության աչքի առաջ կեղծիքներով ընդունվեց երկրի մայր օրենքը՝ սահմանադրությունը: Եվ բնական է, որ կեղծիքներով ընդունված օրենքների օրենքը չէր կարող գործել, որքան էլ այն կատարյալ լիներ: Այն դարձավ զուտ ձևական փաստաթուղթ՝ քաղաքակիրթ աշխարհին վստահեցնելու, որ մենք էլ ենք նույն ճանապարհով գնում, ինչ իրենք:

1995-ից կարծես ստեղծվեց երկու իրականություն՝ վերացական դաշտում գոյություն ունեցող սահմանադրություն ու դրա հիման վրա ստեղծված օրենսդրական դաշտ և իրական կյանքում գործող խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններ, օրենքից վեր կանգնած իշխանավորների և անօրինական ճանապարհով հարստացած օլիգարխների սերտաճում, զանգերով որոշում կայացնող դատարաններ և այլն:

Եվ այս երկատվածությունը քանի գնաց, այնքան խորացավ: 2005-ին էլի կեղծիքներով ու ժողովրդի կամքին հակառակ սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան՝ կատարելություն հաղորդելու միայն թղթի վրա գոյություն ունեցող սահմանադրությանը: Իսկ իրական կյանքում անօրինություններն էլ ավելի խորացան: Նույնը կրկնվեց նաև 2015-ին:

Սահմանադրությունը երկրի հիմնասյունն է: Պատկերացրեք՝ որոշում ենք, որ քարից ամուր շենք պետք է կառուցենք, բայց հիմքում միայն ավազ ենք լցնում, քարի փոխարեն հող ենք օգտագործում: Արդյոք կստացվի՞ այն, ինչ նախագծել էինք: Իհարկե ոչ: Բայց ավազե հիմքով խարխուլ տնակ կառուցելուց հետո արդյունքը քարից ամուր շենք կոչելն արդեն ծաղր է դրա բնակիչների հանդեպ:

Չի կարող կեղծիքների վրա ժողովրդավարական և իրավական երկիր կառուցվել: Որքան էլ վեհ նպատակներից ելնելով կատարվեն կեղծիքները, միևնույն է, արդյունքը նույն արատավոր փակ շրջանն է, որ փաթաթվել է մեր երկրի վզին ու դեպի անդունդն է քաշում` թույլ չտալով առաջ գնալ, զարգանալ:

Եվ այսքանից հետո դեռ զարմանում ենք, որ հուլիսի 5-ը մեզ մոտ անցնում է աննկատ: Չնայած պաշտոնապես օրը պետական տոն է համարվում, տոնական տրամադրություն ոչ ոք չունի, անգամ՝ կեղծիքներով սահմանադրությունը կերտած իշխանավորները: Ինչո՞ւ: Որովհետև անգամ նրանց համար դա ձևական փաստաթուղթ է, արտաքին իմիջի աքսեսուար և ոչ ավելին:

Հարց է առաջանում. ո՞ւմ էր պետք ի սկզբանե երկատվածություն մտցնել: Ի՞նչ իմաստ կար երկիրը հայտարարել «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն», ապա տարիներ շարունակ ամեն քայլով ապացուցել հակառակը: Գուցե ավելի լավ կլիներ ազնիվ լինել ու բաց հայտարարել, որ նոր կառուցվող հանրապետությունը ո՛չ ժողովրդավարական է լինելու, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ իրավական: Ազնիվ լինելու պարագայում գուցե հիմա ավելի մեծ առաջընթաց ունենայինք, ժողովրդի խորը հիասթափությունն ու վստահության պակասն էլ իշխանությունների հանդեպ գուցե այսքան խորը չլիներ:

Էլի նույն չեռնոմիրդինյան ճշմարտությունն է ստացվել՝ хотели как лучше, а получилось как всегда: Միայն թե մեր պարագայում ամեն անգամ կոտրած տաշտակին դեմ առնելիս դաս չենք քաղում ու հաջորդիվ նորից նույն սխալը կրկնում: Սահմանադրական նախորդ երկու փոփոխությունները վկա:

Իսկ իրականում առկա անօրինականությունների դեմ պայքարելու համար հարկավոր է ընդամենը քաղաքական կամք: Զարգացող ու ժողովրդավարական երկիր կարելի էր կառուցել անգամ Խորհրդային Հայաստանի սահմանադրությամբ, միայն թե լիներ ձգտում և կամք: Իսկ քանի դեռ այդ ամենը չկա, մենք ամեն տասնամյակը մեկ նոր սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնենք, ամեն անգամ կեղծիքներով կընդունենք մի փաստաթուղթ, որը միջազգային հանրության գնահատմամբ նախորդից մեկ քայլ առաջ կլինի, բայց իրական կյանքում ամեն կեղծված ընտրությամբ ու հանրաքվեով մեկ քայլ հետ կնահանջենք: Ու այդպես այնքան, մինչև կա՛մ հասնենք անդունդի հատակը, կա՛մ կարողանանք ազատվել մեզ խեղդող կոռուպցիայից, անօրինականություններից, մենաշնորհներից ու օլիգարխիայից, աթոռը ժառանգությամբ փոխանցող իշխանություններից ու քայլ առ քայլ կառուցենք ժողովրդավար երկիր:

Ու ներկա պահին, չնայած առաջին տարբերակն ավելի հավանական է թվում, միևնույն է, ուզում եմ հավատալ, որ մի օր կունենանք իրենց երկրի տերը զգացող իրավագիտակից քաղաքացիներ, ժողովրդի քվեներով ընտրվող իշխանություններ ու ժողովրդավարական երկիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: