Հայերեն   English   Русский  

​Պուտինը զանգել է Օբամային ու խոսել Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Ուկրաինայի մասին


  
դիտումներ: 1081

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի ու Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտարարում է Սպիտակ Տունը:

Պուտինը Օբամային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը կայունացնելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին: Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ ակտիվացնել բոլոր ջանքերը հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար:

Սիրիայի մասին խոսելով՝ Պուտինը կոչ է արել խրախուսել չափավոր սիրիական ընդդիմությանը առանձնանալ ալ Քաիդայի հետ կապված Նուսրա ճակատից: Կրեմլից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմական գործողությունները համակարգելու պատրաստակամությունը և ընդգծել խաղաղ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Պուտինը նշել է, որ դրա Կառավարությունը պետք է հետևի 2015 թվականի Մինսկի պայմանագրին ու երկխոսություն սկսի ապստամբների հետ, տեղական ընտրություններ կազմակերպի՝ որոշ մարզերի տալով հատուկ կարգավիճակ:

«Օբաման իր հերթին կոչ է արել Պուտինին քայլեր ձեռնարկել Արևելյան Ուկրաինայում բախումներին վերջ տալու համար, ինչպես նաև հաստատել է Մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կոչելու հրատապ անհրաժեշտությունը»,-ասվում Սպիտակ Տան հայտարարության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: